«ՄԵՆՔ ՉԳԻՏԵՆՔ` ԱՅԴ ԳԱԶԱՆԱՑԱԾ ԱԶԳՆ ԷԼ ԻՆՉԻ Է ԸՆԴՈՒՆԱԿ»
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ՉԳԻՏԵՆՔ` ԱՅԴ ԳԱԶԱՆԱՑԱԾ ԱԶԳՆ ԷԼ ԻՆՉԻ Է ԸՆԴՈՒՆԱԿ»
Այսօր Հայաստանում կմեկնարկի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը: Վեհաժողովի համատեքստում երեկ Բաց հասարակության հիմնադրամների, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի եւ Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի համագործակցությամբ տեղի ունեցավ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի եւ քաղաքացիական հասարակության համատեղ քննարկում: Ինչպես նաեւ կայացավ քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ եվրոպական գործընկերների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի` Եվրանեսթին չմասնակցելու հերթական քաղաքական ապակառուցողական վարքագծի վրա:
Այս մասին նիստից հետո «Իրավունքը» զրուցեց պարոն Հ. Սահակյանի հետ.
«ՀԻՇԵՑԻ ԲԱՔՎՈՒՄ ԱԼԻԵՎԻ ԵԼՈՒՅԹԸ, ՈՐԸ ԿԱՏԱՐՅԱԼ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ»
-Երբ ձեւավորվում էր Եվրանեսթը` Արեւելյան գործընկերությունը, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ մեր ամբողջ թիմով քննարկեցինք եւ եկանք այն եզրահանգման, որ հենց 2015 թվականի լիագումար նիստը լինի այստեղ, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, անպայման բոլորը գան Հայաստան: Դեռեւս այն ժամանակ, երբ մենք գնացինք Բաքու եւ այնտեղ մասնակցեցինք Եվրանեսթի լիագումար նիստին, առնվազն իրենց թիմի ղեկավարի մակարդակով մեզ հավաստիացրին, որ անպայման իրենք էլ են մասնակցելու, եւ դա բերելու է նրան, որ բանակցությունների այդ ահռելի անջրպետը մի քիչ ավելի մեղմանա: Բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը իր ապակառուցողական քաղաքականությունը ոչ միայն վարում է սահմանին` ռազմական առումով , այլ նաեւ հենց այս` Արեւելյան գործընկերության ձեւաչափով, որը թերեւս այս բանակցությունների կամ ընդհանուր գլոբալ գործընթացների մեջ ամենաանվնասն է: Մենք ի սկզբանե որոշել ենք եւ նաեւ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ կոնֆլիկտներով չի զբաղվելու Եվրանեսթը, այլ ինտեգրացիոն գործընթացներով դեպի Եվրոպա, դատաիրավական, մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներով, կոռուպցիայի դեմ պայքարի կառուցվածքային փոփոխություններով, եւ այս բարելավումներով մենք պետք է առաջ գնանք Եվրանեսթի ձեւաչափում:
– Ըստ Ձեզ, Հայաստանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստին չմասնակցելու ադրբեջանական գլխավոր պատճառը ո՞րն էր:
– Թերեւս, մտքի ծայրով նաեւ կարելի է հասկանալ իրենց, որովհետեւ իրենք գալու էին այստեղ ու այսքան եվրոպացիների մոտ քաղաքական պատասխան էին տալու, թե ինչու դիպուկահարներին չեն կարողանում հետ քաշել, ինչու մինչեւ հիմա կրակոցներ կան սահմանում, եւ հենց երեկ էլ խաղաղ պայմաններում զինվոր է զոհվել Հայաստանի սահմանի վրա: Խաղաղ բնակչությունը` հողագործ շինականը, իր սեփական հողի վրա հաց վաստակելիս` մահանում է դիպուկահարի գնդակից... Սրանք խնդիրներ են, որի պատասխանը ադրբեջանական կողմը չունի, գուցե դրա համար չեն եկել: Իմ խոսքը նիստի ժամանակ փոքր ակնարկով հենց այդ մասին էր: Բայց լավ կլիներ Ադրբեջանի պատվիրակությունը գար, որ իսկական հյուրընկալության կանոնները հասկանային: Մտովի նաեւ հիշեցի ժամանակին Բաքվում Ալիեւի ելույթը, որը կատարյալ խեղկատակություն էր` ամենաբարդ որակումներով ու բառերով, եւ մեր պատվիրակության հակաքայլ պատասխանը դրան եղավ այն, որ իրենց հրավիրած ճաշին չմասնակցեցինք, այլ թռուցիկները, գրքերը բոլորս համատեղ բաժանելով` փորձեցինք ցույց տալ, որ այդպես ճիշտ չէ: Այնպես որ, լավ կլիներ` այստեղ լինեին եւ հասկանային, թե ինչպես է լինում ե՛ւ հյուրընկալությունը, ե՛ւ քաղաքականությունը, ե՛ւ պետությունն ու քաղաքակրթությունը առհասարակ:
«ԳԵԹ ՄԵԿ ՄԱՐԶԻԿ ՀԱՂԹԻ ԵՎ ՄԵՐ ԴՐՈՇԸ ԲԱՐՁՐԱՑՆԻ, ԿԼԻՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ»
-Արդյոք նույն կերպ էլ մենք չպետք է արձագանքենք Ադրբեջանին` չմասնակցելով Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին:
– Հասկանում եմ հարցի նրբությունը, բայց կարծում եմ` մարզական խաղերին մասնակցելը մի փոքր այլ նյուանսներ ունի, որին չեմ կարող օբյեկտիվորեն տիրապետել: Ուստի` այս հարցը պետք է թողնենք բացառապես մեր մարզիկների որոշմանը, որովհետեւ Ադրբեջանում գտնվող ցանկացած հայի համար վտանգ է ներկայացնում այդ երկիրը: Սումգայիթը ոչ վաղ անցյալում է եղել, ու թարմ են մեր հիշողությունները: Մենք չգիտենք` այդ գազանացած ազգը էլ ինչի է ընդունակ: Միեւնույն ժամանակ, վստահ եմ, որ եթե մեր գեթ մեկ մարզիկ հաղթի եւ մեր դրոշը բարձրացնի Ադրբեջանում, կլինի լավագույն նվերը` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Այնպես որ, սա բացառապես մարզական աշխարհի որոշելու խնդիրն է, ես այստեղ կդժավարանամ գնահատականներ տալ:
ՎԱՍՆ ԳՐԱՆՏԱԿԵՐԱՑ
-Ի դեպ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ընթացքում քննարկման թեմա էր նաեւ քաղաքացիական հասարակության կայացումը: Այս հարցում նույն Եվրանեսթի երկրների հետ կարո՞ղ ենք որեւէ ընդհանրություն ունենալ, երբ ակնհայտ գիտենք, որ մեր քաղաքացիական հասարակության որոշ շերտեր կա՛մ նրանց գրանտներով է սնվում, կա՛մ կոնկրետ ուղղորդված լոբբինգով է զբաղված:
– Պետք է նախ հասկանանք, թե որն է քաղաքացիական հասարակությունը կամ հասարակական կազմակերպությունները: Դա այն օղակն է, կամ այն ոլորտն է, որը փորձում է ընդդիմությունից եւ իշխանությունից զատ, նաեւ հասարակության տվյալ նեղ ոլորտային տեսակետները, միտքը ներկայացնել կառավարող համակարգին: Այստեղ կարեւոր է, թե ինչ շահագրգռվածություն կա, ինչ ուղղվածություն կա, արդյո՞ք օբյեկտիվ պատկերն է ներկայացվում, արդյո՞ք շահագրգիռ կողմը հենց պետության, երկրի, ազգի շահն է: Առողջ քաղաքացիական հասարակությունը շատ կարեւոր է ցանկացած պետության համար, եւ այստեղ պետության կամ իշխանության միջամտությունը, չեմ կարծում, որ ճիշտ է: Տարբեր կազմակերպություններ պետք է ունենան նաեւ որոշակի ֆինանսավորում եւ բանական է, որ այսօր այդ ֆինանսավորումը տալիս են ավելի շատ մեր եվրոպական գործընկերները կամ պետությունները, կամ էլ իրականացվում է Եվրամիության շրջանակներում ստացված գրանտներով: Բայց ֆինանսական այդ աջակցությունը, եթե դնենք մի կողմ եւ մեր քաղաքացիական հասարակությունը նաեւ կարողանա դրան զուգորդել մեր ազգային, պետական շահը` ներկայացնելով օբյեկտիվ պատճառներ, մենք կունենանք իդեալական մի պատկեր: Ցավոք սրտի, ոչ բոլոր դեպքերում է այդպես, բայց պետք է նշեմ, որ կա քաղաքացիական հասարակության նաեւ այնպիսի նվիրյալ երիտասարդ սերունդ, որոնց հետ շփվելիս` անձամբ ես շատ բան եմ սովորել, իմ մեջ վերլուծել, վերագնահատել եւ գնացել առաջ: Շատ դեպքերում էլ տեսնում ենք, որ ակնհայտ ուղղորդված որեւէ պետության, որեւէ գրանտ տարամադրող ֆոնդի, հիմնադրամի շահերն է ներկայացվում այս կամ այն կազմակերպության կողմից: Այսպես ասած, սա մի խուճուճ ոլորտ է, որն այս պահին կարծում եմ` ճիշտ չէ մտնելը: Ընդամենը պետք է փորձենք այս կարեւորագույն ժամանակահատվածում, երբ նաեւ ընթանում է սահմանադրական բարեփոխումների լրջագույն գործընթացը, բոլոր ուղղությունները ճիշտ օգտագործենք եւ կարողանանք մեր երկրի ապագան ավելի ճիշտ կողմնորոշելով առաջ տանել: Սա պետք է լինի մեր գերխնդիրը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

