ՊՈՒՏԻՆԻ` ԱՊՐԻԼԻ 24-Ի ԱՅՑԸ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԿԼՈՒԾԻ
Արխիվ 12-16ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԿԼՈՒԾԻ
Որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան ավելանում է հետաքրքրությունը հետեւյալ հարցի հանդեպ` քանի պետությունների ղեկավարներ կմասնակցեն Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառմանը, եւ քանիսը կայցելեն Հայաստան` ապրիլի 24-ին:
"Իրավունքի" հետ զրույցում փորձագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ ասաց, որ Թուրքիան ընկել է որոգայթի մեջ. "Նման քայլը խելոք դիվանագիտության հետեւանք չէ: Այս հարցում կան մի երկու դերակատարներ, եթե նրանք գան, ապա հարցը կարելի է լուծված համարել: Նկատի ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ում գալը բոլոր հարցերը միանգամից կլուծի":
Ինչ վերաբերում է Բրիտանիայի թագուհու` Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին չմասնակցելուն, բայց նրա որդու` արքայազն Չարլզի` իր երկու որդիների հետ Թուրքիա մեկնելուն, դեսպանը դա համարեց բրիտանական քաղաքականություն. "Քաղաքականության մեջ այնպիսի նրբություններ կան հատկապես պետական շահերին առնչվող, որ հաճախ մարդիկ չցանկանալով ինչ-որ քայլեր են անում":
Մեր դիտարկմանը, որ Բրիտանիան Գալիպոլիի ճակատամարտում մեծ կորուստներ է կրել, ինչպես է մասնակցելու այդ ճակատամարտին նվիրված միջոցառումներին, Ա. Նավասարդյանն այսպես արձագանքեց. "Այսօրվա շահերը խամրեցրել են Անգլիայի հիշողությունը":
Անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի` ԵՄ երկրներին ուղղված համաեվրոպական բանակ ստեղծելու կոչին, դեսպանն ասաց, որ ժամանակը ցույց կտա` Յունկերի այդ հայտարարությունը իրականություն կդառնա՞, թե` ոչ: "Հայտարարությունը բավական հետաքրքիր էր, այն մեծ աղմուկ եւ սկանդալ առաջացրեց, քանի որ համաեվրոպական բանակի հիմնական նպատակը Ռուսաստանին զսպելն է",- ասաց դեսպանը, ով նաեւ չբացառեց, որ այդ հայտարարությունը գուցե քաղաքական բլեֆ է:
Ըստ դեսպանի` եթե համաեվրոպական բանակը կյանքի կոչվի, ԵՄ-ի կազմում ընդգրկված փոքր երկրները ամբողջությամբ կկորցնեն իրենց ինքնուրույնությունը:
Ինչո՞ւ հիմա Յունկերը նման հայտարարություն արեց: Նավասարդյանը նախ հիշեցնում է` այս հայտարարության հետեւում ու Յունկերի թիկունքում իրականում կանգնած է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երկրորդ` Եվրոպայի հեղինակությունը շատ ընկած է եւ չի կարողանում ինքնուրույն ոչ մի քայլ անել. "Հետաքրքիրն այն է, որ այս գաղափարը համընկավ էներգետիկ համակարգ ստեղծելու հետ":
Հայտարարությունը մեծ աղմուկ առաջացրեց ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Անգլիայում: Բրիտանիան դեմ է այդ գաղափարին, քանի որ ատում է Յունկերին: "Եթե գաղափարը կյանքի կոչվի, ապա Անգլիան դուրս կգա ԵՄ-ից",- կարծում է փորձագետը:
Թուրքիան հայտարարել է, որ կողմ է համաեվրոպական բանակի ստեղծմանը, սակայն հերթական անգամ, փորձագետի խոսքով, Անկարան իր խաղն է խաղում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

