ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԽՆԴԻՐԸ ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԼՈՒԾԵԼ
Արխիվ 12-16
Հայաստանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստին մասնակցելու է եկել Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, "Վրացական երազանք" խմբակցության պատգամավոր ԷԿԱ ԲԵՍԵԼԻԱՆ, ում հետ երեկ "Իրավունքն" առիթ ունեցավ զրուցելու հայ-վրացական ու ռուս-վրացական հարաբերությունների, ինչպես նաեւ Վրաստանում ներկա տնտեսական իրավիճակի մասին:–Տիկին Բեսելիա, վերջին շրջանում մամուլում լայնորեն շրջանառվում էր, որ լարիի փոխարժեքը խիստ ընկել է: Արդյո՞ք ստեղծված իրավիճակը կարող է պատճառ դառնալ, որպեսզի Վրաստանը վերանայի իր անդամակցության հարցը Եվրամիությունում ու փորձի ԵՏՄ-ի հետ հարաբերություններ ստեղծել:
– Այն, ինչ վերջին շրջանում մեր ազգային արժույթի հետ տեղի ունեցավ, ամենեւին էլ պատճառ չէր, որ մեզ մոտ ներքին ոչ ճիշտ հարաբերություններ էին, եւ մենք չկարողացանք հնարավորինս շուտ ճիշտ որոշումներ ընդունել: Ինչպես Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, փորձագետներն են նշում, հիմա մեր տարածաշրջանում եւ ընդհանրապես Եվրոպայում գնում են ինֆլյացիոն գործընթացներ, որոնք վերաբերում են ինչպես դոլարին, այնպես էլ` եվրոպական շատ երկրներին: Դա մեծ դեր է խաղում Վրաստանում, եւ լարիի կուրսն ընկել է: Բայց հիմա դրական դինամիկա է երեւում: Այն միջոցները, որոնք ձեռնարկել է մեր ազգային բանկը, դրական արդյունք տվեցին: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե որ ուղիով կգնանք, այդ որոշումն արդեն կայացրել է մեր ժողովուրդը, եւ մենք ջանում ենք դառնալ Եվրոպական ընտանիքի անդամ: Դա երկար, բարդ ճանապարհ է, բայց կարծում եմ` դա մեր պատմական որոշումն է, դա մեզ համար շատ մոտ գաղափար է: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է կռվենք մեր հարեւանների հետ: Այսօր ունենք խոհեմ քաղաքականություն, որը կկարողանա հարթել կոնֆլիկտը մեր հարեւանի` Ռուսաստանի Դաշնության հետ: Այնպես որ, փորձում ենք գտնել քաղաքական մեխանիզմ, քաղաքական ֆորում, որպեսզի համաձայնության գանք` կոնֆլիկտի լուծման հարցում: Մեր որոշումը, կարծում եմ, ճիշտ է, դրա համար մենք ստորագրել ենք Եվրաասոցացման պայմանագիրը, բայց նաեւ մենք կշարունակենք մեր լավ հարաբերությունները հարեւան պետությունների հետ:
– Չե՞ք կարծում, որ կոնֆլիկտի լուծման առաջին քայլը պետք է լինի աբխազական երկաթուղու բացումը:
– Դա շատ կարեւոր հարց է: Մենք դրա շուրջ ունենք լուրջ քննարկում, կան կողմնակիցներ եւ ընդդիմախոսներ, բայց կարծում եմ` մենք պետք է խոհեմ քննարկենք այս հարցը: Վերջին երկու տարին, մենք ագրեսիվ հռետորականը, որը գոյություն ուներ Սահակաշվիլու ժամանակ, փոխել ենք, դա ոչինչ չի տալիս: Եվ հիմա փորձում ենք ինչ-որ կերպ հարթել այդ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս առումով դրական քայլ է այն, որ բացել ենք առեւտրային հարաբերությունները: Ինչ վերաբերում է երկաթուղուն, դա շատ կարեւոր հարց է, ինչը չենք շտապում լուծել, բայց քննարկում ենք: Տեսնենք` ինչ կլինի...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք "Իրավունքի" չորեքշաբթի օրվա համարում:

