«ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՅՆՔԱՆ ԿԱՊ ՈՒՆԻ, ԻՆՉՔԱՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ»
Արխիվ 12-16«ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆՉԱԿՅԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՅՆՔԱՆ ԿԱՊ ՈՒՆԻ, ԻՆՉՔԱՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ»
Օրերս ՍԴՀԿ-ն նշեց իր հիմնադրման 128-ամյակը եւ միեւնույն ժամանակ հայտարարեց, որ կողմ է սահմանադրական բարեփոխումներին ու պատրաստվում է մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին` որպես ընդդիմադիր քաղաքական ուժ: Իր ելույթում հնչեցրած հայտարությունների ու ՍԴՀԿ-ի ոչ վաղ անցյալի մասին «Իրավունքը» զրուցեց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:
–Ունենալով ՀԱԿ-ի հետ համագործակցության դառը փորձը` արդյո՞ք Հնչակյան կուսակցությունը կրկին կփորձի ընդդիմադիր դաշտում նոր համագործակցություններ փնտրել:
– Մենք այն ժամանակ «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության հետ համագործակցության չէինք գնացել, այլ ՍԴՀԿ-ն եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահի թեկնածու առաջադրած ամենաակտիվ քաղաքական կազմակերպություններից մեկը: Հիմա, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն իր իդեալներից հրաժարվեց, դրա մեղավորը մենք չենք, ինքն է: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր շուրջ եղած մարդիկ սկսեցին ուղղակիորեն խառնվել մեր կուսակցության ներքին գործերի մեջ, դրա մեղավորն էլ մենք չենք` իրենք են: Բայց մենք չենք ուզում դաշտը սեւի եւ սպիտակի բաժանել, բավական է: Թշանամանքի այդ բարիկադային մթնոլորտը, որը սերմանվել է Հայաստանում, ոչինչի չի բերում: Իսկ արդյունքը լինում է մարտի 1-ի պես մի բան, այսինքն` իշխանությունը հանում է իր բիրտ րեպրեսիվ մեքենան, իսկ ընդդիմությունը հանում է ժողովրդի մի հատվածին: Լինում է բախում, եւ այդ բախման արդյունքում ընդդիմադիր լիդերները գնում են տուն, իրենց ոչինչ չի պատահում, մինչդեռ շարքային քաղաքացիները ոստիկանատներից այն կողմ չեն գնում: Այսօր բոլոր քաղաքական կազմակերպությունների հետ պատրաստ ենք նստել եւ խոսել կոնկրետ հարցերի շուրջ, անգամ ՀԱԿ-ի, եթե, իհարկե, իրենք իրենց «կիսաաստվածային Օլիմպոսից իջնեն ներքեւ»:
– Այնուամենայնիվ, ժամանակին ՍԴՀԿ-ից խորհրդարանական մանդատ ստացավ մեկը (ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի «ականջը կանչի»), ով, ըստ էության, դավաճանեց կուսակցության գաղափարախոսությունը: Մտավախություն չունե՞ք, որ այս անգամ էլ պատմությունը կարող է կրկնվել:
– Երկար կյանք եմ մաղթում բոլորին, բայց չեմ ցանկանում քաղաքական ննջեցյալների մասին ոչինչ խոսել:
– Այսինքն` բացառո՞ւմ եք, որ ՍԴՀԿ-ում կուսակցական «դասալիքներ» կլինեն...
– Պատեհապաշտներ բոլոր քաղաքական կազմակերպություններում եղել են, կան եւ կլինեն, Հնչակյան կուսակցությունը բացառություն չէր, բայց այսօրվանից կամ վերջին երկու-երեք տարիներից սկսած` բացառություն է:
– Ի դեպ, գաղտնիք չէ, որ վերջին տարիների ՍԴՀԿ-ի գործունեությունը անընդհատ կապվել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ ու չի բացառվում, որ ընդդիմադիր դաշտում Ձեր ակտիվությունը կդիտարկվի, թե Տ. Սարգսյանը ուզում է խորհրդարանում ընդդիմադիր ուժ ձեւավորել...
– Նման ախմախություններին պատասխանելու ոչ ժամանակ, ոչ էլ եռանդ վատնելու ցանկություն ունեմ: Տիգրան Սարգսյանը Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանն է, եւ նա Հնչակյան կուսակցության հետ այնքան կապ ունի, ինչքան Լեւոն Տեր-Պետրոսյանը: Փորձել շահարկել դա, անիմաստ, անշնորհակալ գործ է: Այնպես որ, եթե Լեւոն Տեր-Պետոսյանը Հնչակյան կուսակցության հետ կապ ունի, ուրեմն` կապ ունի նաեւ Տիգրան Սարգսյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

