ՆԻԼՍ ՄՈՒՅԺՆԻԵՔՍԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ
Արխիվ 12-16ՆԻԼՍ ՄՈՒՅԺՆԻԵՔՍԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ
Հայաստանում մարդու իրավունքների ԵԽ հանձնակատար Նիլս Մույժնիեքսի զեկույցը կարող է դառնալ քաղաքական ազդեցության գործիք, երկուշաբթի "Sputnik-Արմենիա" ռադիոյի եթերում ասաց քաղաքագետ ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
"Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ ժամանակակից աշխարհում նմանատիպ փաստաթղթերը, որպես կանոն, ավելի շատ քաղաքական ազդեցության գործիք են, քան հեղինակների մտահոգության արտահայտում",- նկատեց քաղաքագետը: Նա ավելացրեց, որ նախքան նմանատիպ զեկույցներին որեւէ գնահատական տալը պետք է դրանք լավ ուսումնասիրել: "Խնդիրն այն է, որ զեկույցները, որպես կանոն, ավելի ծավալուն են, քան այն, ինչ տարածվում է ԶԼՄ-ներով: Այն դեպքում, երբ մենք ամբողջովին ծանոթանում ենք այդ զեկույցներին, կարող ենք նկատել, որ դրանցում տեղ գտած գնահատականներն ավելի օբյեկտիվ են, իսկ հարցերի վերաբերյալ մոտեցումը` ավելի ամբողջական",- նշեց Մինասյանը:
Բացի այդ, նա կարծում է, որ մենք, ամենայն հավանականությամբ, ավելի քաղաքականացված մոտեցման հետ գործ ունենք: "Հնարավոր չէ հստակ ասել, թե այդ զեկույցում զետեղված գնահատականներն օբյեկտիվ չեն, քանի որ իրականում մեր երկրում գոյություն ունեն նշված խնդիրները: Բայց երբ մենք ինչ-որ բան ենք պոկում ընդհանուր համատեքստից, ապա հայտնվում են, այսպես ասենք, որոշակի կասկածներ առանձին հասկացողությունների վերաբերյալ",- նշեց քաղաքագետը:

