ԹԱՄԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈ՞ՒՆԸ. "ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹՌՆԵԼԸ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԻ ԲԵՐԻ"
Երեւանի քաղաքապետարանի ԲՀԿ ավագանու խմբակցությունից արդեն երեք ԲՀԿ-ական դուրս է եկել: "Իրավունքը" ԲՀԿ ավագանու խմբակցության ղեկավար ԹԱՄԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ փորձեց պարզել` ինչու են նրանք լքել խմբակցությունը: "Ոչ, նրանք չեն մեկնաբանել",-ասաց Պողոսյանը: Հիշեցնենք` ԲՀԿ ավագանու խմբակցությունը լքել են Արմեն Սահակյանը, Գրիգորի Գրիգորյանը եւ Գուրգեն Եսայանը: –Ձեզ համար սպասելի՞ էր վերոնշյալ երեք անձանց ԲՀԿ ավագանու խմբակցությունը լքելը, թե նրանք ձեզ այդ մասին վաղօրոք տեղեկացրել էին:
– Չէ, դա ինչ քննարկվելու հարց է: Դա անհատական հարց է, յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Մենք հարգում ենք բոլորի` թե՛ մնացողների, թե՛ գնացողների որոշումները: – Կարծիք կա, որ դավաճանություն է այն, որ ԲՀԿ-ի ծանր օրերին ԲՀԿ-ականները լքեցին կուսակցությունը: – Իսկ ո՞րն է դավաճանության չափորոշիչը: Քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, եւ չեմ կարծում, թե արժե որեւէ մեկին պիտակավորել: Չեմ կարծում, որ այս չափորոշիչներով գնահատելը լավ բանի կբերի: – Դուք նախկինում եղել եք ՕԵԿ անդամ, նաեւ կուսակցության փոխնախագահ: Սոցիոլոգ Ադիբեկյանը օրերս հայտարարել է, որ ՕԵԿ առաջնորդի վարկանիշը բարձրանում է: Հնարավո՞ր է դուք եւս լքեք ԲՀԿ-ն եւ անդամակցեք ՕԵԿ-ին, ինչպես դա արել են ինը ԲՀԿ-ականներ` կրկին Ա. Ադիբեկյանի պնդմամբ: – Ոչ: Այնպես չէ, որ յուրաքանչյուր մարդ, որ ընտրում է քաղաքական որեւէ կուսակցության, միայն քաղաքական բարձր վարկանիշի ընթացքում պետք է մնա դրա անդամ, եւ միայն վարկանիշն իջնելու ընթացքում դուրս գա այդտեղից: Այդպես ոչ մի քաղաքական ուժ չի կարող զարգանալ: Կուսակցականը պետք է պատասխանատու լինի վարկանիշի ե՛ւ բարձրացմանը, ե՛ւ անկմանը: Թե չէ թռնել էստեղից էնտեղ, կուսակցությունից կուսակցություն, դա ոչ մի լավ բանի չի բերի: Չեմ կարծում, որ իրեն հարգող մարդն այդ սկզբունքով պետք է քաղաքականության մեջ գործունեություն իրականացնի: