ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «ԵԹԵ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է, ԻՆՉՈ՞Ւ ՉԳՆԱԼ»
Արխիվ 12-16
ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «ԵԹԵ
ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է, ԻՆՉՈ՞Ւ ՉԳՆԱԼ»
Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել քաղաքական մի շարք ուժերի` այդ թվում նաեւ ԲՀԿ-ի հետ և քննարկել սահմանադրական բարեփոխումների խնդիրը: Դրանից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխություններին աջակցողները կդառնան Սերժ Սարգսյանի սպասարկուն: «Իրավունքը» ԲՀԿ պատգամավոր Արմեն Ավետիսյանից պարզեց` ինչպես արձագանքում ՀԱԿ խմբակցության ղեկավարի այս բնորոշմանը: «Ես չգիտեմ, թե Լեւոն Զուրաբյանն ինչից է որոշել, որ ԲՀԿ-ը համաձայն է այդ պրոյեկտին: ԲՀԿ-ն դեռ նախկինում հայտարարած կարծիքը չի փոխել սահմանադրական բարեփոխումներին: Պրն Զուրաբյանն էլի շտապել է»,- ասաց պատգամավորը:
- Եթե ԲՀԿ-ը չպետք է փոխեր իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ու հաստատակամ է իր դիրքորոշման մեջ, ինչո՞ւ հանդիպեց ՀՀ նախագահի հետ:
- Ոնց ինչո՞ւ հանդիպեցինք: Իսկ ինչո՞ւ չպետք է հանդիպեինք: Եթե երկրի նախագահը հրավիրում է քաղաքական ուժի խորհրդակցելու, ինչո՞ւ պետք է մերժենք: Մերժողական դիրք ընդունելը ճիշտ չեմ համարում:
- ԲՀԿ-ին ու ՀՀ նախագահի հետ հանդիպած քաղաքական այլ ուժերին համարում են Բաղրամյան 26-ի հաճախորդներ...
- Ես այդպես չեմ մտածում: Կարելի է լինել Բաղրամյան 26-ում, հայտնել քո կարծիքը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

