ԲՀԿ-Ը ՀՈԳՆԵԼ Է ՓՈՂՈՑԻՑ, ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ը ՀՈԳՆԵԼ Է ՓՈՂՈՑԻՑ, ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, news.am-ին տված հարցազրույցում խոսելով ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած վերջին իրադարձությունների` ԲՀԿ առաջնորդի կուսակցության ղեկավարի պաշտոնը լքելու, քաղաքականությունից դուրս գալու մասին, ասել է, որ կա Ծառուկյան, կա ԲՀԿ, չկա Ծառուկյանը, չի կարող լինել նաեւ ԲՀԿ-ն:
«Իրավունքը» ԲՀԿ պատգամավոր Արմեն Ավետիսյանից պարզեց` համաձայն է ՕԵԿ առաջնորդի այս դիտարկմանը: «Ինչ-որ առումով ճշմարտության հատիկ կա Արթուր Բաղդասարյանի ասածի մեջ, որովհետեւ պրն Ծառուկյանի նման խարիզմատիկ մարդ դժվար է գտնել մեր երկրում: Երեւի դա նկատի ունի Արթուր Բաղդասարյանը: Բայց ասել, թե ամբողջությամբ համամիտ եմ հնչեցրած տեսակետի հետ, ոչ, բայց ճշմարտության հատիկ կա»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա` ասել, թե չկա Գագիկ Ծառուկյանը, չկա նաեւ կուսակցություն, ճիշտ չէ, քանի որ ԲՀԿ-ն ունի քաղաքական կուրս, որը փորձելու է այդ կուրսով շարժվել:
- Պրն Ավետիսյան, ընդունո՞ւմ եք, որ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ը կարծես թե չի կարողանում իրեն վերագտնել քաղաքական դաշտում:
- Դեռ վաղ է խոսել դրա մասին: Բավական ժամանակ է պետք, որ ԲՀԿ-ը վերակազմավորվի, հիմա ներկուսակցական խնդիրներ կան, որոնք լուծման փուլում են գտնվում:
ԲՀԿ-ը ՕԵԿ-ի հետ համագործակցելու ցանկություն ունի՞:
- Համագործակցել հնարավոր է, նայած ինչ ձեւաչափով: Եթե օրենքի նախագիծ կամ ինչ-որ փաթեթի, արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, այո, հնարավոր է համագործակցել:
- Իսկ համագործակցել նաեւ միասնական հանրահավաքներ կազմակերպելու համար, թե…
- Ոչ, ոչ: Միայն կառուցողական ձեւաչափում, ոչ թե փողոցում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

