«ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՍՏԱԺ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ ՏԱՐԲԵՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼ»
Արխիվ 12-16«ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՍՏԱԺ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ ՏԱՐԲԵՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼ»
Օրերս «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆՆ էր: Մեկ ժամվա ընթացքում մեր հյուրը պատասխանեց «Իրավունքի» ընթերցողների ու ֆեյսբուքյան օգտատերերի մի քանի տասնյակ հարցերին:
«ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ ՄԵԿԸ ԱՅՍ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ»
-Հետաքրքիր է, թե պարտադիր կուտակայինից հրաժարվածների գումարը վերադարձնելու գործընթացը ի՞նչ փուլում է: Եվ կա՞ն ուսումնասիրություններ, թե ինչ խնդիրների են բախվում այդ անձինք` պահանջելով իրենց գումարը (ՌՈՒԶԱՆՆԱ ԴԻԼԱՆՅԱՆ, ք. Երեւան):
- Ցանկության դեպքում իրենք պետք է մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 25-ը գնային ու դիմում գրեին: Իսկ ուսումնասիրելու կարիք չկա, քանի որ գործընթացը իրականացվում է եւ, ինչպես նախատեսված է օրենքով, մինչեւ հուլիսի մեկը այս գումարները կվերադարձվեն:
- Դուք նշեցիք, որ մինչեւ դեկտեմբերի 25-ը պիտի դիմեին` կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու համար, իսկ եթե դեռեւս չե՞ն դիմել («ԻՐԱՎՈՒՆՔ»):
- Եթե չեն դիմել, ուրեմն` տվյալ անձինք համակարգի մասնակից են: Պետք էր մինչեւ դեկտեմբերի 25-ը հրաժարվելու դիմում գրեին, որպեսզի իրենց գումարը հետ տային, իսկ եթե դիմում չեն գրել, այդ գումարը իր հաշվին կմնա, չի կորչի:
-Կա՞ վիճակագրություն կամ տվյալներ, թե այսօր քանի հոգի է հրաժարվել պարտադիր կուտակային կենսաթոշակից եւ քանի՞սն են այսօր անցել պարտադիրի (ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ, Արարատի մարզ):
- Պարտադիր կուտակայինից հրաժարվելու համար դիմումները ներկայացնում են հարկային մարմնին: Այսինքն` տեղեկատվության սկզբնաղբյուրը հարկային մարմինն է, փորձեք այս հարցով դիմել իրենց:
«2003 ԹՎԱԿԱՆԻՑ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑԱԾ ՈՒՍՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ»
-2003 թվականից դպրոց աշխատանքի ընդունված ուսուցիչներին, եթե տարիքը համապատասխանում է, ուսուցչի թոշակ հասնո՞ւմ է, թե` ոչ (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Արմավիրի մարզ)
-Հարցը վերաբերում է մասնակի կենսաթոշակին, որի իրավունքն ունեն մասնավորապես ուսուցիչները: Սակայն, ուսուցիչն ունի մասնակի կենսաթոշակի իրավունք, եթե 59 տարեկանում ունի 25 տարվա աշխատանքային ստաժ, որից 12 տարին մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն է ստացել: Այսինքն` 2003 թվականից դպրոցում աշխատանքի անցած ուսուցիչը մասնակի կենսաթոշակի իրավունք չի ունենալու, որովհետեւ մինչեւ այդ նա հաստատ 12 տարվա ստաժ չի ունենա:
- Ես 80-ամյա հիվանդ թոշակառու եմ: Հունվարի 1-ից ինչպես բոլորի, այնպես էլ իմ կենսաթոշակը բարձրացրեցին 5 հազար դրամով, դրա փոխարեն ինձ զրկեցին փարոսի անդամությունից եւ 17 հազար փարոսյան անապահովության նպաստից: Խնդրում եմ պատասխանել` ո՞ւմ դիմեմ եւ ի՞նչ անեմ (ՍԵՐՅՈԺԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ք. Երեւան):
- Շնորհակալություն հարցը բարձրացնելու համար, Դուք պարզապես այն, ինչ հիմա ինձ ասացիք, գրեք եւ գրավոր ուղարկեք նախարարություն: Մեր համապատասխան վարչությունը Ձեր գրությունը կքննարկի եւ հարցին ընթացք կտա: Եթե ինչ-որ մեկը կարող է գալ նախարարություն, թող գա ու հանձի նամակը մեր ընդհանուր բաժին: Բայց եթե չկա, խնդիր չէ, կարող եք փոստով ուղարկել գրությունը: Մենք Ձեզ պաշտոնապես կպատասխանենք:
«ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՈՒՆԵՆԱ ՈՐՈՇԱԿԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ»

- Ի՞նչ սկզբունքներով են զինծառայողների ընտանիքի անդամներին կենսաթոշակներ տրամադրվում եւ կա՞ն առավելություններ, որոնցից օգտվում են զինծառայողների ընտանիքները (ԿԱՐՈ ԳԱԼՍՏՅԱՆ, ք. Երեւան):
- Զինծառայողի ընտանիքի անդամը զինծառայության կենսաթոշակ կարող է ստանալ, եթե զինծառայողը զոհվել է: Այդ դեպքում ընտանիքի անդամին տրվում է կերակրողին կորցնելու զինվորական ծառայության կենսաթոշակ: Ընդ որում այդ կենսաթոշակի իրավունք ունեն զինծառայողի մինչեւ 18 տարեկան երեխան ու 18 տարեկանից եւ ավելի բարձր տարիքի զավակը, եթե, իհարկե, մանկուց հաշմանդամ է ճանաչվել եւ ունի աշխատանքային գործունեության սահմանափակման երրորդ խումբը, քանի որ, ըստ էության, անգործունակ է այդ երեխան նաեւ 18 տարեկանից հետո: Ինչպես նաեւ երեխաներին 18 տարեկանից հետո տրվում է կենսաթոշակ, եթե նրանք սովորում են առկա ուսուցմամբ, այդ դեպքում կենսաթոշակը տրվում է նաեւ մինչեւ ուսուման ավարտը, այսինքն` 23 տարեկանը: Կենսաթոշակը նշանակվում է նաեւ զինծառայողի 14 տարեկանը չլրացած երեխայի խնամող անձին` ամուսնուն, խնամակալ ճանաչված անձին, ընտանիքի այլ անդամին: Բայց, եթե նա աշխատեց, կենսաթոշակ չի ստանա:
-Իսկ կապ ո՞ւնի զինծառայողն ինչ կոչում է ունեցել կամ ինչ պայմաններում է զոհվել:
-Կենսաթոշակի իրավունքի առումով բացարձակ կապ չունի, բայց կենսաթոշակի չափի դեպքում, բնականաբար, կապ ունի: Կերակրողին կորցնողի կենսաթոշակի չափն արդեն հաշվառվում է ելնելով նրանից, թե զինծառայողն ինչ պաշտոն է զբաղեցրել, ինչ կոչում է ունեցել եւ ինչ գործակից է ունեցել վարձատրման առումով:
- Եթե զինծառայողը ողջ ու առողջ է, աշխատում է, հետագայում ոչ մի առավելություն չի՞ ստանում իր կենսաթոշակային տարիքի ծնողը:
- Եթե զինծառայողը առոք-փառոք աշխատի, ծառայի ու հասնի իր կենսաթոշակային տարիքին, զինծառայության համար կունենա որոշակի երաշխիքներ: Օրինակ, ի՞նչ եք կարծում` ծնողին ինչ-որ երաշխիք տալու տրամաբանությունը ո՞րն է: Ուզում եմ Ձեզ մոտեցման սկզբունքը հուշել` ինչու այն դեպքում կա, այս դեպքում` չկա: Երբ զինծառայողը չկա, մարդը հստակ իր կերակրողին կորցրել է, պետությունը նրա` այդ կորցրած զավակի կամ ամուսնու փոխարեն, որոշակի գումար է տրամադրում ընտանիքին: Ընդ որում կենսաթոշակից բացի նա տրամադրում է նաեւ պարգեւավճար: Բայց, եթե զինծառայողը կա, այսինքն` ինքը որպես սովորական քաղաքացի իր ընտանիքի հոգսը հոգում է, այստեղ պետական միջամտության կարիք չկա:
«ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՍՏԱԺ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ ՏԱՐԲԵՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼ»
-Ի՞նչ հիմքով են մարդկանց կենսաթոշակները տարբեր չափով (գումարով) ավելանում (ՋՈՒԼԻԵՏԱ ՏՈՆԱԿԱՆՅԱՆ, ք. Երեւան):
- Այն տրամաբանությամբ, որ կենսաթոշակի չափը կախված է աշխատանքային ստաժից: Օրինակ` 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը մի կենսաթոշակ է ստանում, 20 տարվա ստաժ ունեցողը` մեկ այլ: Այսինքն` դա կախված է կենսաթոշակի հաշվարկման բանաձեւից, որի համաձայն տարբեր ստաժ ունեցող մարդկանց կենսաթոշակի չափերը տարբեր են: Դրա համար, որ բարձրացումներ են լինում, տարբեր կերպ են անդրադառնում կենսաթոշակի չափերի վրա: Այնուամենայնիվ, չեն կարող միեւնույն ստաժ ունեցող մարդիկ տարբեր կենսաթոշակ ստանալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ. – Շարունակությունը կարդացե՛ք այստեղ:

