ԹԱՄԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈ՞ՒՆԸ. «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹՌՆԵԼԸ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԻ ԲԵՐԻ»
Արխիվ 12-16ԹԱՄԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈ՞ՒՆԸ. «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹՌՆԵԼԸ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԻ ԲԵՐԻ»
Երեւանի քաղաքապետարանի ԲՀԿ ավագանու խմբակցությունից արդեն երեք ԲՀԿ-ական դուրս է եկել:
«Իրավունքը» ԲՀԿ ավագանու խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանից պարզեց` ինչու են նրանք լքել խմբակցությունը: «Ոչ, նրանք չեն մեկնաբանել»,-ասաց Պողոսյանը:
Հիշեցնենք` ԲՀԿ ավագանու խմբակցությունը լքել են Արմեն Սահակյանը, Գրիգորի Գրիգորյանը եւ Գուրգեն Եսայանը:
- Տիկին Պողոսյան, Ձեզ համար սպասելի՞ էր վերոնշյալ երեք անձանց ԲՀԿ ավագանու խմբակցությունը լքելը, թե նրանք ձեզ այդ մասին վաղօրոք տեղեկացրել էին:
- Չէ, դա ինչ քննարկվելու հարց է: Դա անհատական հարց է, յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Մենք հարգում ենք բոլորի` թե մնացողների, թե գնացողների որոշումները:
- Ըստ Ձեզ` ԲՀԿ ավագանու խմբակցությունից դուրս գալը կապ ունի՞ ԲՀԿ-ի հետ կատարվող վերջին իրադարձությունների հետ:
- Ես կարծում եմ, ուղիղ կապ ունի, բայց դա յուրաքանչյուրն ունի իր հիմնավորումը: Ինչո՞ւ բոլորը դուրս եկան հենց այդ իրադարձությունների ժամանակ:
- ԲՀԿ-ը նորընտիր առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն այսուհետ գործելու է ընդդիմադիր դաշտում: ԲՀԿ ավագանին եւ՞ս քաղաքապետարանում այդ դիրքերից է հանդես գալու:
- Չի կարող ավագանին կուսակցության քաղաքական գծից դուրս գործել: Իհարկե, ընդդիմադիր դաշտում ենք գործելու:
- Կարծիք կա, որ ԲՀԿ-ից արտահոսքը պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ ԲՀԿ-ականների մի մասը չի ցանկանում կին առաջնորդ ունենալ եւ, այսպես ասած, գործել Նաիրա Զոհրաբյանի «կրունկի տակ»:
- Դա շատ անլուրջ տեսակետ է: Մենք չենք ապրում այնպիսի ժամանակաշրջանում, որ դա քննարկման թեմա դարձնենք: Մենք լուրջ քաղաքական ուժի հետ գործ ունենք, որտեղ գործում են կանոնադրական ու ծրագրային հարաբերություններ:
- Կարծիք կա, որ դավաճանություն է այն, որ ԲՀԿ-ի ծանր օրերին ԲՀԿ-ականները լքեցին կուսակցությունը:
- Իսկ ո՞րն է չափորոշիչը դավաճանության: Քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, եւ չեմ կարծում, թե արժե որեւէ մեկին պիտակավորել: Չեմ կարծում, որ այս չափորոշիչներով գնահատելը լավ բանի կբերի:
- ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր քայլերով (փետրվարի 20-ին հանրահավաք հայտարարելուց առաջ եւ հետո) ինչպե՞ս ազդեց կուսակցության վարկանիշի վրա:
- Ձեր հարցը անհասկանալի է: Ես ձեռնպահ եմ մնում հարցի մեկնաբանությունից, քանի որ կուսակցության կողմից պաշտոնական դիրքորոշում արդեն հնչել է:
- Տիկին Պողոսյան, դուք նախկինում եղել եք ՕԵԿ անդամ, նաեւ կուսակցության փոխնախագահ: Սոցիոլոգ Ադիբեկյանը օերս հայտարարել է, որ ՕԵԿ առաջնորդի վարկանիշը բարձրանում է: Հնարավո՞ր է դուք եւս լքեք ԲՀԿ-ը եւ անդամակցեք ՕԵԿ-ին, ինչպես դա արել են ինը ԲՀԿ-ականներ, կրկին Ա. Ադիբեկյանի պնդմամբ:
- Ոչ: Այնպես չէ, որ յուրաքանչյուր մարդ, որ ընտրում է քաղաքական որեւէ կուսակցության, միայն քաղաքական բարձր վարկանիշի ընթացքում պետք է մնա դրա անդամ, եւ միայն վարկանիշն իջնելու ընթացքում դուրս գա այդտեղից: Այդպես ոչ մի քաղաքական ուժ չի կարող զարգանալ: Կուսակցականը պետք է պատասխանատու լինի եւ վարկանիշի բարձրացմանը, եւ անկմանը: Թե չէ թռնել էստեղից էնտեղ, կուսակցությունից կուսակցություն, դա ոչ մի լավ բանի չի բերի: Չեմ կարծում, որ իրեն հարգող մարդն այդ սկզբունքով պետք է քաղաքականության մեջ գործունեություն իրականացնի:
Հ.Գ. Ի դեպ, Թամարա Պողոսյանը 2011-ին եղել է ԲՀԿ առաջնորդի խորհրդականը, սակայն, ինչպես տիկին Պողոսյանն ասաց, իր այդ կարգավիճակը եղել է ժամանակավոր, եւ ինքը, փաստորեն, արդեն ոչ մեկին խորհուրդ տալու խնդիր չունի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

