«ԵԹԵ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՍՏԵՂԾՎԻ, ԱՆԳԼԻԱՆ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԵՄ-ԻՑ». ՓՈՐՁԱԳԵՏ
Արխիվ 12-16«ԵԹԵ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՍՏԵՂԾՎԻ, ԱՆԳԼԻԱՆ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԵՄ-ԻՑ». ՓՈՐՁԱԳԵՏ
Արտակարգ եւ լիազոր դեսպան, փորձագետ Արման Նավասարդյանն այսօր անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի`ԵՄ երկրներին ուղղված համաեվրոպական բանակ ստեղծելու կոչին, ասաց, որ ժամանակը ցույց կտա` Յունկերի այդ հայտարարությունը իրականություն կդառնա, թե`ոչ: «Հայտարարությունը բավական հետաքրքիր էր, այն մեծ աղմուկ եւ սկանդալ առաջացրեց, քանի որ համաեվրոպական բանակի հիմնական նպատակը Ռուսաստանին զսպելն է»,- ասաց դեսպանը, ով նաեւ չբացառեց, որ այդ հայտարարությունը գուցե քաղաքական բլեֆ է:
Ըստ դեսպանի` եթե համաեվրոպական բանակը կյանքի կոչվի, ԵՄ-ի կազմում ընդգրկված փոքր երկրները ամբողջությամբ կկորցնեն իրենց ինքնուրույնությունը:
Ինչո՞ւ հիմա Յունկերը նման հայտարարություն արեց: Նավասարդյանը նախ հիշեցնում է` այս հայտարարության հետեւում ու Յունկերի թինունքում իրականում կանգնած է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երկրորդ` Եվրոպայի հեղինակությունը շատ ընկած է եւ չի կարողանում ինքնուրույն ոչ մի քայլ անել. «Հետաքրքրիրն այն է, որ այս գաղափարը համընկավ էներգետիկ համակարգ ստեղծելու հետ»:
Հայտարարությունը մեծ աղմուկ առաջացրեց ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Անգլիայում: Բրիտանիան դեմ է այդ գաղափարին, քանի որ ատում է Յունկերին: «Եթե գաղափարը կյանքի կոչվի, ապա Անգլիան դուրս կգա ԵՄ-ից»,-կարծում է փորձագետը:
Թուրքիան հայտարարել է, որ կողմ է համաեվրոպական բանակի ստեղծմանը, սակայն հերթական անգամ փորձագետի խոսքով, Անկարան իր խաղն է խաղում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

