ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԻՐ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ ՄԵՐԿԱՑՐԵԼ Է ՌՈՒՍ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒ (Պրեմիերա)
Արխիվ 12-16ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԻՐ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ ՄԵՐԿԱՑՐԵԼ Է ՌՈՒՍ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒ (Պրեմիերա)
Կանանց միամսյակի առթիվ ռուսական շոու-բիզնեսում հայտնի երգիչ ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար երաժշտական անակնկալ է պատրաստել` նրանց դատին հանձնելով իր նոր «Loving you» երգի տեսահոլովակը: Արդեն կայացած պրեմիերայի, ստեղծագործական առաջիկա ծրագրերի, եւ, իհարկե, կանանց մասին, «Իրավունքը» զրուցեց հենց Է. Գեւորգյանի հետ:
- Էդգար, Ձեր բոլոր երգերը, կարծես թե, սիրո մասին են: Պարզապես կովկասյան տղամարդուն բնորոշ հատկությո՞ւն է այդքան սիրառատ լինելը, թե՞ Դուք նախընտրում եք սիրո մասին երգել:
- Սկզբունքորեն, իսկապես իմ բոլոր երգերը սիրո մասին են: Սերը լինում է տարբեր` սիրած աղջկա նկատմամբ, բնության, հայրենիքի հանդեպ եւ այլն: Ամենամեծ զգացումը սերն է եւ դրա համար էլ ես երգում հենց այդ թեմայով: Ընդհանրապես, այս թեման ինձ հարազատ է:
- Ի դեպ, ո՞վ էր նոր տեսահոլովակի գեղեցկուհին, ում մերկացրեցիք Ձեր տեսահոլովակում:
-Աղջկան ընտրել է տեսահոլովակի ռեժիսոր Լեքս Ռուսակոֆֆը: Նրա անունն Անաստասյա է: Ինչ խոսք, նա շատ լավ կատարեց իր դերը տեսահոլովակում…
- Իսկ ո՞ւմ կյանքում Էդգար Գևորգյանը կասի «Loving you»:
- Բարեբախտաբար, թե դժբախտաբար առ այսօր դեռ որեւէ մեկին այսպիսի խոսքեր չեմ ասել (ժպտում է Էդգարը-հեղինակ):
- Ելակ, կրքոտ ռուս գեղեցկուհիներ… էլ ի՞նչ է հարկավոր Էդգար Գևորգյանին կատարյալ երջանկության համար:
- Իրականում երջանիկ լինելու համար ինձ պետք չէ ո՛չ կրքոտ աղջիկ, ո՛չ ելակ: Երջանկությունն այն է, երբ հարազատներդ ու մտերիմներդ առողջ են ու երջանիկ եւ երբ Աստված քեզ հնարավորություն է ընձեռում զբաղվել սիրածդ աշխատանքով:
- «Loving you»-ն բավական համարձակ էր, ինչը չես տեսնի հայաստանյան տեսահոլովակներում: Հետաքրքիր է` Դուք համաձա՞յն եք այն ամենի հետ, ինչ անում են տեսահոլովակի ռեժիսորները, թե, այնուամենայնիվ, այդտեղ եւս Ձեր վճռական խոսքն ասում եք:
- Իհարկե, ես լսում եմ ռեժիսորին` նկարահանման հրապարակում, բայց եթե ինձ որեւէ բան դուր չի գալիս, միանշանակ, ասում եմ այդ մասին եւ փորձում եմ ուղղում մտցնել:
- Գաղտնիք չէ, որ ռուսական շոուբիզնեսն առավել բարդ է մուտք գործել ու տեղ գրավելը ռուսական աստղաբույլում, ինչպե՞ս Ձեզ հաջողվեց:
- Հայտնվել շոու-բիզնեսում հեշտ չէ ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ Հայաստանում: Որպեսզի ինչ-որ տեղ հայտնվես պետք է հիթային երգ ունենաս: Ու, փառք Աստծո, ես ունեմ այդ հիթային երգը, որը կոչվում է «Позови»: Շնորհիվ այս երգի սկսեցին ինձ ճանաչել ու իմ առաջ բացվեցին բազմաթիվ դռներ` հետագա ստեղծագործական աշխատանքի համար:
- Չե՞ք պատրաստվում նաեւ հայերեն երգ կատարել:
- Հայերեն ես անպայման կերգեմ, վաղուց եմ սկսել մտածել այդ մասին, շատ շուտով կգրեմ նոր երգ հենց հայերենով:
- Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա ռուսական շոու-բիզնեսը:
- Այսօր ռուսական շոու-բիզնեսում, ցավոք, այդքան էլ լավ իրավիճակ չէ, ինչպես ստեղծագործական առումով, այնպես էլ մարդկային: Բացի այդ, քչերն են այսօր ստեղծում ու ներկայացնում ունկնդիրներին լավ ու որակյալ գործեր:
- Առաջիկայում էլ ի՞նչ երաժշտական նորություններով կրկին կներկայանաք Ձեր երկրպագուհիներին:
- Շատ շուտով կավարտեմ իմ նոր ալբոմի ձայնագրությունը, զուգահեռ կնկարահանեմ նոր տեսահոլովակ: Կարճ ասած, չեմ պատրաստվում կանգ առնել այն փուլում, ինչին հասել եմ մինչ այսօր:
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

