ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՈՒ
Արխիվ 12-16ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՈՒ
Այս օրերին ամենաքննարկվող թեման Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերն են եւ հայ մարզիկների որոշ չափով պարտադրված մասնակցությունն այդ մարզական միջոցառմանը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի օրեր առաջ գումարված հերթական նիստում, քննարկվեց հայ մարզիկների մասնակցության հարցը: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ` ՀԱՕԿ նախագահն ընդգծել է, որ թեպետ Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահությունն ամենաբարձր մակարդակով խոստացել է անվտանգության երաշխիքներ ապահովել մեր մարզիկների համար, այնուամենայնիվ, մասնակցության հարցը վերջնականապես որոշվելու է միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանգամանալից քննարկումներից հետո: Եվ այդ քննարկումից հետո էլ, քվեարկությամբ որոշում է կայացվել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին:
Իհարկեª տրված երաշխիքները կգործեն. հակառակ դեպքում սկանդալն այնքան մեծ կլինի, որ Իլհամ Ալիեւը հաստատ չի կարողանա մարսել: Այլ բան, որ եթե անվտանգության առումով խնդիրներ չլինեն, մեկ է, Բաքվում կայացած մի շարք մրցաշարերի մեր մարզիկների մասնակցության փորձը ցույց է տվել, որ մարզադաշտում նրանք ամեն պահի գտնվելու են հանդիսատեսի բուռն ճնշումների տակ, որի դեպքում զուտ սպորտային պայքարից եւ ակնկալված արդյունքներից հետք անգամ չի մնա: Ասվածը հաստատեց նաեւ Արսեն Ջուլֆալակյանը. "2007 թվականին հայր եւ որդի գնացել էինք Բաքու: Շատ վատ պայմաններ էին, մարդ իրեն բանտարկյալ էր զգումª սկսած օդանավակայանից մինչեւ մրցումների ավարտը: Մրցումներին հսկող անվտանգության 2 աշխատակիցներ քեզ ուղեկցում են մրցագորգ ու այնուհետեւ սկսում երկրպագել հակառակորդին: Դրան գումարածª դահլիճի 20-25 հազար հանդիսականներին, եթե թույլ տային, մեզ կհոշոտեին: Առանց չափազանցությանª 3-4 հազար ոստիկաններ կային: Մեզ այլ մուտքով էին բերում դահլիճ, նույնիսկ զուգարան գնալն էր հսկվում: Առանձնացված էինք հասարակությունից եւ չէինք կարող քաղաք դուրս գալ",- նշեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գործող չեմպիոնը: Այսպիսով, որոշումը կայացված է, եւ հայ մարզիկներն իրենց ուժերն են չափելու 6 մարզաձեւերում: Ի դեպ, դեռ գործկոմի նիստից մեկ օր առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարության հետ զրույցում որոշ պարզաբանումներ էր տվել` նշելով. "Յուրաքանչյուր մարզիկ իրավունք ունի իր անձնական կարծիքն ունենալ` այս կամ այն միջազգային մրցաշարին մասնակցելու վերաբերյալ: Մարզիկին ստիպողաբար հնարավոր չէ պարտադրել ելույթ ունենալ, դա յուրաքանչյուրի անձնական որոշումն է, սակայն բոլորն էլ պարտավոր են հաշվի առնել հեղինակավոր մրցաշարերին չմասնակցելու մարզական հետեւանքները, առավել եւսª փորձառու մարզիկները": Մինչդեռ պարոն Ռոստոմյանը դեռ ամիսներ առաջ հայտատարել էր, որ եթե Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշ չտան, Հայաստանը չի մեկնի Բաքու…
Իսկ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն անդրադառնալով հարցին` դրական է գնահատել օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշումը: Այս մասին տեղեկանում ենք Սպորտի նախարարության կայքի տարածած հաղորդագրությունից, որտեղ նշվում է, որ Գաբրիել Ղազարյանի կարծիքովª հայ մարզիկների չմասնակցելն այդ խաղերին հնարավոր է վնաս հասցնի ոչ միայն նրանց մարզական կենսագրությանը, այլ նաեւ Հայաստանի վարկանիշին` միջազգային մարզական ասպարեզում:
Հավելենք, որ իրենց տեսակի մեջ առաջին Եվրոպական խաղերը Բաքվում կանցկացվեն 2015-ի հունիսի 12-28-ին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

