Ռ. ԿԼԱՅԴԵՐՄԱՆ. "ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՁ ՆՈՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ Է ՍՊԱՍՈՒՄ"
Նախորդ օրը "Զվարթնոց" օդանավակայանում յուրատեսակ աշխուժություն էր տիրում, Հայաստան ժամանողների, չվողների եւ նրանց դիմավորողների ու ճանապարհողների համար աշխուժությունն արտասովոր էր: Բանն այն է Հայաստան է ժամանել ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար ՌԻՇԱՐ ԿԼԱՅԴԵՐՄԱՆԸ:
Այսօր եւ վաղը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահարի համերգը` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Դաշնակահարն առաջին անգամ է այցելում Հայաստան եւ հույս ունի, որ այցելությունը շարունակական բնույթ կկրի: Հայ հանդիսատեսի համար ելույթ ունենալը նրա համար ուրախալի փաստ է. "Ես շատ երկրներում եւ տարբեր հանդիսատեսի առջեւ եմ ելույթ ունեցել, եւ ամեն անգամ հուզմունքն այլ է եղել: Ինձ համար հուզիչ է այն պահը, երբ տարբեր մարդիկ հուզվում են իմ երաժշտությունից: 40 տարվա իմ կարիերայի ընթացքում Հայաստանում ինձ նոր հանդիսատես է սպասում: Կարծում եմ` այն երաժշտությունը, որը կատարում եմ` ներկայացնում է իմ անձը, ապրելակերպը",- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Կլայդերմանը: Թե որքանով հայ հանդիսատեսը կկարողանա բացահայտել դաշնակահարի անձը, նրա ստեղծագործությունների միջոցով, պարզ կդառնա ընդամենը ժամեր անց: Հայաստանում դաշնակահարը կմնա երեք օր եւ հույս ունի այդ օրերի ընթացքում բացահայտել հայկական երաժշտության ժառանգության որոշ մաս. "Հուսով եմ` այդ ժառանգությունից կսովորեմ երաժշտական կատարումների մի քանի կտորներ եւ կկարողանամ հաջորդ իմ համերգների ընթացքում կատարել",- ավելացրեց Ռ. Կլայդերմանը: Ըստ նրա` երաժշտությունը ցանկացած դժվար իրավիճակում օգնում է մարդկանց, որպեսզի ապրեն: Հայերի դեպքում եւս երաժշտությունը կարող է օգնել, որպեսզի որոշ չափով մոռանան այն ցավը, որը կապված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ: Նշենք, որ նախատեսված համերգային ծրագիրը հագեցած կլինի դաշնակահարի հին ու նոր ստեղծագործություններով, կհնչեն նաեւ այն ստեղծագործությունները, որոնցով նա սկսել է իր կարիերան եւ հասել հաջողության: Հուսանք, որ իսկապես տեղի կունենա Կլայդերման- հայ հանդիսատես հանդիպումը, եւ չի կրկնվի վերջերս Հայաստան ժամանած իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի հայտնի դեպքը: