100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ԽՄՈՐՈՒՄՆԵՐ "ՆԵՄԵՍԻՍ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ" ԳՐՔԻ ՇՈՒՐՋ
Արխիվ 12-16100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ԽՄՈՐՈՒՄՆԵՐ "ՆԵՄԵՍԻՍ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ" ԳՐՔԻ ՇՈՒՐՋ
Վերջերս լույս տեսավ Պաոլո Կոսսիի, Ժան-Բլեզ Ջիանի եւ Ժան Վարուժան Սիրապյանի "Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան" գրքի հայերեն եւ ռուսերեն տարբերակները: Գիրքը տպագրվել է նաեւ Ֆրանսիայում` ֆրանսերեն եւ անգլերեն, եւ Հունաստանում` հունարեն: Պատկերապատումներով գիրքը ներկայացնում է "Նեմեսիս" գործողությունն ու Սողոմոն Թեհլերյանի կողմից Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի գնդակահարության պատմությունը: Գրքում կան նաեւ Հայոց ցեղասպանությունը փաստող ուշագրավ նյութեր, արժեքավոր քարտեզներ, ինչպես նաեւ Սողոմոն Թեհլերյանի կյանքն ու դատավարությունը: Գրքի լույսընծայումից հետո եղան տարաբնույթ կարծիքներ, թե գրքում կան տարեթվերի եւ անվանումների անճշտություններ: "Իրավունքի" հետ զրույցում գրքի հրատարակիչ "Արեգ" հրատարակչության տնօրեն ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հերքելով բոլոր կարծիքները` հերթականությամբ պարզաբանեց` ասելով, որ բոլոր 4 մեղադրանքներն էլ անհիմն են."ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻՑ ԼԱՎ ԱՂԲՅՈՒՐ ՈՒՆԵ՞Ն ԻՐԵՆՔ"
-Նախ, ասում են` ոչ թե պիտի Թեհլերյան գրվի, այլ Թեհլիրյան: Ես էլ ասում եմ` պիտի գրվի Թեհլերյան, որովհետեւ մեր հայկական հանրագիտարանում Թեհլերյան է գրված: Եվ հետո, 1990 թվականին լույս է տեսել Սողոմոն Թեհլերյանի դատավարության սղագրությունը, իսկ այնտեղ էլ գրված է Թեհլերյան: Հիմա չգիտեմ հանրագիտարանից ավելի լավ աղբյուր ունե՞ն իրենք, որ ասում են` պիտի գրվի Թեհլիրյան, իբրեւ մի մեծ հայտնագործություն է: Ես հարյուրավոր ազգանուններ կարող եմ ասել, որոնց մեջ հարցականներ կան: Միկոյան ազգանուն մենք չունենք, մերը Մկոյան է, բայց ռուսները ի-ն ավելացրել են, որպեսզի հեշտ արտասանեն: Այդպես Մկոյան ազգանունը դարձել է Միկոյան: Նույն էլ հենց այդ "Նեմեսիս" գործողության ղեկավարը` մեր գրքում գրված է Արմեն Կարո, իսկ դրսում գրում են Արմեն Գարո, հիմա ո՞րն է ճիշտ, Կարո՞, թե՞ Գարո: Բա եղա՞վ, հիմա մենք ընկնենք այդ վեճերի մե՞ջ: Ես էլ ասեմ Դանթե գրվում է տ-ով, թե՞ թ-ով, դրանք ոչ մի տեղ տանող վեճեր են:
"ՀԻՄԱ ԵՍ ԻՐԵՆՑ ՀԱՎԱՏԱ՞Մ, ԹԵ ՍՈՂՈՄՈՆԻՆ"
-Պարոն Գասպարյան, նաեւ ասում են, որ Թեհլերյանի ծննդյան թվականի հետ կապված անճշտություններ կան գրքում:
- Այո, ասում են Սողոմոն Թեհլերյանը ծնվել է ոչ թե 1897 թվականին, ինչպես մենք ենք գրել, այլ 1896-ին: Ես էլ ասում եմ` կան այդպիսի տարբերակներ, բայց մենք առաջնորդվել ենք դատավարության սղագրությամբ: Եթե դատավորը Սողոմոնին հարցնում է, ստո՞ւյգ է, որ դուք ծնվել եք Բագառիճում` 1897 թվականի ապրիլի 2-ին, Սողոմոնն ասում է` այո: Հիմա ես դա եմ ընդունել հիմք, չգիտեմ` իրենք ինչն են հիմք ընդունում: Հերքում եմ իրենց տարբերակը, ես եմ ճիշտ, որովհետեւ Սողոմոնը ինքն իր բերանով դատավորին ասում է` այո: Հիմա ես իրենց հավատա՞մ, թե՞ Սողոմոնին: Պատկերացնո՞ւմ եք, 1897 թվականին ո՛չ ծննդական է եղել, ո՛չ էլ ինչ-որ փաստաթուղթ, ինչ-որ եկեղեցում ծխական մատյան է եղել, որտեղ գրանցել են ծնվածներին: Հիմա իրենք որտեղի՞ց են վերցրել ու ասում են պատմական անճշտություն, ես չեմ կարող ասել:
"ԱՅԴ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ 37 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ"
-Նշվում է, որ անճշտություն կա նաեւ գործողությունն իրականացնողների անունների հարցում:
- Նրանք ասում են, որ Ջեմալ փաշային ոչ թե սպանել է Ստեփան Ծաղիկյանը, այլ Արտաշես Գեւորգյանը: Սցենարի հեղինակն էլ ասում է` իմ ձեռքի տակ եղած բոլոր նյութերում գրված է, որ Ստեփան Ծաղիկյանն է սպանել, Արտաշես Գեւորգյանը մասնակցել է այդ սպանությանը: Մեր գրքում այդպես է գրված, իսկ իրենք ասում են` ոչ հենց ինքն է սպանել: Թե որտեղի՞ց են վերցրել, եւ այդ ի՞նչ ուսումնասիրություններ են, կամ այդ ի՞նչ մի կարեւոր բան է, չգիտեմ: Կա նաեւ 4-րդ մեղադրանքը, որը շատ ավելի վտանգավոր է, իմ կարծիքով: Ասում են` գրել եք հանցագործության վայրը եւ զենքը, եթե դուք ասում եք` հանցագործություն, ուրեմն նշանակում է, որ Սողոմոն Թեհլերյանը հանցագործություն է կատարել` սպանելով Թալեաթին, ուրեմն ինքը հանցագո՞րծ է: Այդ մեղադրանքից 37 թվականի հոտ է գալիս, ասում են` թուրքերի ջրաղացին ջուր եք լցնում, թուրքական քարոզչությունն եք անում: Ես էլ ասում եմ` լավ, հանցագործության վայրը եւ զենքը չգրեինք, գրքում քարտեզ կա` Հարդենբերգ քաղաքի քարտեզը, որտեղ կատարվել է այդ դեպքը: Հիմա ասեք` ես ի՞նչ ասեմ, դեպքն ինչպե՞ս անվանեմ` գործողությո՞ւն, սպանությո՞ւն, վրիժառությո՞ւն... Սպանությունն ինքն արդեն հանցագործություն է: Ենթադրենք, ես գրեցի սպանության վայրն ու զենքը, ի՞նչ է փոխվում դրանից: Եվ ամենակարեւորը` սպանել է չէ՞, մարդ է սպանել, հիմա Թալեաթն է, թե ինչ է, մարդ է ի վերջո սպանել: Ինձ համար կարեւորը ոչ թե հանցագործություն, սպանություն կամ վրիժառություն բառերն են, այլ այն, որը գրքում ներկայացված է փայլուն ձեւով, որ դատարանն ասում է` Սողոմոն Թեհլերյանը մարդ է սպանել, բայց ինքը մարդասպան չէ: Դա է կարեւորը, իսկ դուք կպել եք հանցագործություն բառից, բա ի՞նչ գրենք: Ես գրքի թարգմանիչն եմ, հանցագործություն բառը ֆրանսերենում "crime" բառն է, ես ուրիշ բան չէի կարող թարգմանել, եւ հետո, հանցագործություն է, բա ի՞նչ է:
"ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԳՐՔԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՎԵԼԻ Է
ԱՐԱԳԱՑԵԼ"
-Պարոն Գասպարյան, այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. արժե՞ր արդյոք նման աղմուկ բարձրացնել այս թեմայի շուրջ:
- Դե, որ բարձրացնում են այս թեման, ես ինչ անեմ: Ես գիտեմ, թե ով է այս թեման բացել, նա "Նեմեսիս" գործողության մասին գիրք ունի հրատարակած եւ մտածել է, որ այս գիրքը խանգարում է իր գրքի վաճառքին, ու հարձակվել է այս գրքի վրա: Ի դեպ, ասեմ, որ այդ խոսակցություններից հետո գրքի վաճառքն ավելի է արագացել, ինձ համար ավելի լավ գովազդ է անում: Ի վերջո, չի կարելի ստվեր գցել մի այնպիսի գրքի վրա, որտեղ բավականին լուրջ աշխատանք է կատարվել: Գիրքը նկարազարդել է Եվրոպայում կոմիքսների շատ հայտնի նկարիչ, իտալացի Պաոլո Կոսսին: Սցենարի հեղինակներից մեկը նույնպես իտալացի է, իսկ գրքի սցենարի հեղինակներից մեկը` Ժան Վարուժանը, Փարիզի Արշակ Չոպանյան ինստիտուտի եւ "Sijest" հրատարակչության տնօրենը, ում հրատարակած գրքերի գերակշիռ մասն ուղղված է թուրքերի դեմ: Պարզապես անհեթեթություն է նրա հրատարակած այս գրքում թուրքերի ջրաղացին ջուր լցնել կամ թուրքական քարոզչություն տեսնել:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

