ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
"Ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա"` դա լիովին համապատասխանում է վերջերս համասեռամոլապաշտպանությանը լծված նախկին օմբուդսմեն ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ: Զարմանալիորեն, նա հայտնվել է նոր սկանդալի կիզակետում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուներից Արմեն Հարությունյանի դասագիրքը, ըստ "Ա1+"-ում հրապարակված նյութի, արտագրված է մեկ այլ հեղինակի խմբագրությամբ հրապարակված գրքից: Տեսանյութում լրատվամիջոցի աղբյուրն ընթերցում է Արմեն Հարությունյանի` հայերենով գրված "Եվրոպական միության իրավունքի հիմունքները" գրքից որոշ հատվածներ, որոնք Սերգեյ Կաշկինի խմբագրությամբ ռուսերենով հրատարակված "Եվրոպական միության իրավունքը" գրքի հայերեն բառացի թարգմանություններն են: Իսկ փաստաբան Լուսինե Սահակյանի վկայությամբ` "Գիրքը գրեթե ամբողջությամբ արտատպված է": Մնում է զարմանքով արձանագրել, որ քրդին քոլոզ չի գալիս, իսկ Հայաստանին` եվրադատավորի թեկնածու:
Մի ապշեցուցիչ տեսանյութ հարուցել է ամբողջ համացանցի վրդովմունքը: Այդտեղ երեւում է, թե ինչպես մի տիկին Հաղթանակ զբոսայգու Անհայտ զինվորի ԱՆՇԵՋ ԿՐԱԿԻ վրա սուրճ է եփում: Ապշել կարելի է, թե որտեղից ի հայտ եկան այդ մեծաքանակ սրբապիղծները, ու ինչ աստիճանի անսքող ցինիզմով անում են այլանդակություններ եւ հարկ էլ չեն համարում թաքնվել: Լավ, հասկացանք, որ աշխարհում կան երկրներ, ուր ուրացել են Մեծ հայրենականը: Բայց չէ՞ որ անգամ ՀՀՇ-ական ամենաթունդ ժխտողականության տարիներին մենք շարունակել ենք մերը համարել այդ հաղթանակը: Չէ՞ որ Հայաստանից 300 հազար զինվոր են մասնակցել, ու նրանց կեսը չի վերադարձել: Նրանք բոլորը մեր պապերն են, եւ միայն անտոհմիկ թափթփուկը կարող է այդպես վարվել պապերի հիշատակի հետ:
Շարունակելով մեր բարքերի անկման թեման, հարկ է հիշել, որ ընդամենը 200 տարի առաջ նույնիսկ հեռավոր ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ հայը համարվում էր ազնիվ մարդու հոմանիշ: 19-րդ դարի սկզբում Չինաստանի կայսրն իր հրամանով ազատել է հայ վաճառականներին մաքսային տուրքերից... Պատճառն արտակարգ ազնվությունն էր, որ դարերի ընթացքում դրսեւորել են հայ վաճառականները: Այսպիսի բանով ոչ մի ուրիշ ազգ չի կարող հպարտանալ: Եվ շատ վաճառականներ Եվրոպայից Չինաստան իրենց ապրանքը տանելու համար հատուկ անցնում էին Հայաստանով, հագնում էին հայկական տարազ ու հայ ուղեկցող էին վերցնում, որ հայի անվան տակ առանց տուրքերի մտնեն Չինաստան: Լավ, վերջապես մի օր կվերադառնա՞նք մեր բուն էությանը, մեր ակունքներին, մեր տեսակի նկարագրին:
Պարզվում է, որ զարմանալի "շուստրիությամբ" աչքի է ընկնում ԲՀԿ խմբակցության անդամ օլիգարխ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ: Նա հարազատ խմբակցությունից առանձին 2 հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Երկրորդ հանդիպումը նվիրված էր սահմանադրական բարեփոխումներին. "Հանդիպումը անցել է կառուցողական եւ արդյունավետ մթնոլորտում, մենք ունենք մեր պատկերացումները Հայաստանի ներկայի եւ ապագայի վերաբերյալ, ինչի մասին տեղեկացրել ենք երկրի նախագահին: Ունենք նաեւ մի շարք գաղափարներ, որի ներդրումը եւ կիրառումը, մեր կարծիքով, կարող է էական օգուտ տալ ՀՀ կյանքի քաղաքական կայունության ապահովման համար, ինչպես նաեւ հասարակության առջեւ ծառացած խնդիրների լուծման մասով: Հանրային քննարկումների ժամանակ մեր գաղափարները կներկայացնենք նաեւ հանրությանը": Զարմանալի է, ինչպես է այդ մարդում միշտ հաջողվում ճարպկորեն գտնել անձամբ իր համար ամենաշահեկան տարբերակը: Եվ միշտ է այդպես, երբ ձեռնտու է, նա հիշում է, որ ՄԱԿ կուսակցության նախագահ է, երբ ձեռնտու չէ` վայրկենապես մոռանում է, որ կուսակցություն ունի:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

