ՎԵՐՋԻՆ 5 ՏԱՐՈՒՄ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՐԴԵՆ 3-4 ԱՆԳԱՄ «ԹԱՂԵԼ ԵՆ»
Արխիվ 12-16ՎԵՐՋԻՆ 5 ՏԱՐՈՒՄ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՐԴԵՆ 3-4 ԱՆԳԱՄ «ԹԱՂԵԼ ԵՆ»
Երեկ մինչ ՀՀ եւ ՌԴ նախագահները հեռախոսազրույցով քննարկում էին հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաներ եւ համաձայնեցնում իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության մասին, սոցցանցերում անգամ «քաղաքագետների» կողմից լրջորեն քննարկվում էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մահացել է: Մեծ դերակատարություն ունեցող քաղաքական գործչին սոցիալական ցանցերում պարբերաբար «թաղելը» թե ի՞նչ նոր տեղեկատվական տեխնոլոգիա է, «Իրավունքը» հետաքրքրվեց տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ.
-Դա ընդդիմության հայտնի հին տեխնոլոգիաներից է: Մի քանի անգամ արդեն նման տեղեկատվություն շրջանառվել է ե՛ւ ՌԴ, ե՛ւ մեր նախագահի անվան շուրջ: Այսինքն` օգտվում են այն առիթից, որ նախագահները ժամանակավորապես բացակայում են հանրային, մեդիա կյանքից եւ սկսում են դրա վրա ինչ-ինչ տեսություններ կառուցել: Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վ. Պուտինի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ, ինչի մասին նշել են երկու երկրների պաշտոնական կայքերը: Այնպես որ, չեմ կարծում, թե ինչ-որ չվստահելու կարիք կա: Օրինակ` Վ. Պուտինի համար դա բավականին հաճախ է լինում, որովհետեւ վերջին 5 տարում ես հստակ հիշում եմ 3-4 դեպք, որ նա նույնիսկ մեկ շաբաթով բացակայել է ու էլի այդպիսի տեղեկատվություն են սկսել շրջանառել, հետեւաբար պետք չէ լուրջ վերաբերել նման թեմաներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

