ՎԵՐՋԻՆ 5 ՏԱՐՈՒՄ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՐԴԵՆ 3-4 ԱՆԳԱՄ "ԹԱՂԵԼ ԵՆ"
Երեկ մինչ ՀՀ եւ ՌԴ նախագահները հեռախոսազրույցով քննարկում էին հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաներ եւ համաձայնեցնում իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության մասին, սոցցանցերում անգամ "քաղաքագետների" կողմից լրջորեն քննարկվում էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մահացել է:
Մեծ դերակատարություն ունեցող քաղաքական գործչին սոցիալական ցանցերում պարբերաբար "թաղելը" թե ի՞նչ նոր տեղեկատվական տեխնոլոգիա է, "Իրավունքը" հետաքրքրվեց տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ. -Դա ընդդիմության հայտնի հին տեխնոլոգիաներից է: Մի քանի անգամ արդեն նման տեղեկատվություն շրջանառվել է ե՛ւ ՌԴ, ե՛ւ մեր նախագահի անվան շուրջ: Այսինքն` օգտվում են այն առիթից, որ նախագահները ժամանակավորապես բացակայում են հանրային, մեդիա կյանքից եւ սկսում են դրա վրա ինչ-ինչ տեսություններ կառուցել: Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վ. Պուտինի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ, ինչի մասին նշել են երկու երկրների պաշտոնական կայքերը: Այնպես որ, չեմ կարծում, թե ինչ-որ չվստահելու կարիք կա: Օրինակ` Վ. Պուտինի համար դա բավականին հաճախ է լինում, որովհետեւ վերջին 5 տարում ես հստակ հիշում եմ 3-4 դեպք, որ նա նույնիսկ մեկ շաբաթով բացակայել է ու էլի այդպիսի տեղեկատվություն են սկսել շրջանառել, հետեւաբար պետք չէ լուրջ վերաբերել նման թեմաներին: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ