ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱՐՑԱԽԻ՞ ԴՌՆՈՎ
Արխիվ 12-16ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱՐՑԱԽԻ՞ ԴՌՆՈՎ
ԲՀԿ-ի օլիգարխաթափությունից հետո Ռոբերտ Քոչարյանը պրակտիկորեն զրկվեց Երեւանի փողոցներում կամ ՀՀ ԱԺ-ում իշխանության նկատմամբ ճնշում գործադրելու հնարավորությունից, սակայն դժվար է պատկերացնել, լավ ճանաչելով նրա խառնվածքը, որ չփորձի հրապարակային քաղաքականություն վերադառնալու այլ տարբերակներ փնտրել: Ու նման է, որ 2-րդ շանսը կարող է ծնվել Ստեփանակերտում:
Բանն այն է, որ մայիսին պետք է տեղի ունենան Արցախի խորհրդարանական ընտրությունները, եւ տեղեկություններ կան, որ դրանք անցնելու են բավականին լարված: Ի դեպ, այդ կարծիքին է նաեւ ծագումով արցախցի պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով նաեւ չի բացառում, որ այդ գործընթացին, ուղղակի կամ անուղղակիորեն կարող է խառնվել եւ վաղուց հրապարակային քաղաքականությունից հեռացած Սամվել Բաբայանը: Թե արդյոք Բաբայանը կմասնակցի այդ գործընթացին թե ոչ` բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ստեփանակերտում Ռոբերտ Քոչարյանն օգտագործելով իր հին կապերը, կփորձի ստեղծել ազդեցության խումբ, սկզբում "վերցնելով" ԼՂՀ ԱԺ-ն, այնուհետ նշանառության տակ վերցնելով եւ ԼՂՀ նախագահի աթոռը` այդտեղ յուրայինի տեսելու ակնկալիքով: Բակո Սահակյանի վարչակարգը, սերտորեն կապված լինելով ամերիկամետ հայացքներ եւ ամերիկյան կապեր ունեցող` այժմ քրեական հետապնդման տակ գտնվող Լեւոն Հայրապետյանի հետ, տարիների ընթացքում բավականին ջերմոցային պայմաններ է ապահովել գրանտածիծ կառույցների համար: Եթե Երեւանում գերիշխում է դրանց հնարավորությունները սահմանափակելու եւ գործողությունները չեզոքացնելու միտումը, ապա Ստեփանակերտում ընդհակառակը, այդ կոնտինգենտը իրեն բավականին լավ է զգում եւ հասցրել է ստեղծել բավականին ընդարձակ արեւմտամետ ցանց: Հենց այդ ցանցն էլ կարող է Ռոբերտ Սեդրակիչի համար ծառայել հենարան, իսկ ինչ վերաբերում է ֆինանսական ռեսուրսներին, ապա ՀՀ երկրորդ նախագահը, կարծես թե, դրանց դեֆիցիտից չի տառապում:
ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

