"ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԶԱՐԱԳԱՆՁ"
Արխիվ 12-16"ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԶԱՐԱԳԱՆՁ"
Երեկ ՀՀ նախագահի նստավայրում ընդդիմության օր էր: Էլ ընդդիմադիր կամ այդպիսին հռչակվող կուսակցություն չմնաց, որին ընդունած չլինի Սերժ Սարգսյանը ու հետները քննարկած չլինի սահմանադրական բարեփոխումների հարցը: Ու մինչ Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի ու այլ երկրների արեւմտամետ քարոզիչներն ու ինքնակոչ քաղաքագետները կասկածելի լրատվական հրապարակումների հիման վրա զբաղված էին "Պուտինին թաղելով", ՀՀ նախագահը գործնականում ամբողջ դաշտի հետ ճշտեց մոտեցումները սահմանադրական բարեփոխումնների վերաբերյալ:Գումարած դրան նաեւ ՀՀ եւ ՌԴ նախագահները հեռախոսազրույց ունեցան, որից պարզ դարձավ, որ ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինը գտնվելու է Երեւանում:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ԲԵՌԸ
ԱՄՆ նորանշանակ դեսպանը արդեն հասցրեց իր երկար քիթը խոթել մեր ներքին գործերի մեջ` հայտարարելով, որ ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը "նահանջ է ժողովրդավարությունից": Դե, եթե ամերիկյան դեսպանը մի բանից դժգոհ է, կարելի է ստույգ ասել, որ այդ քայլը ճիշտ է եւ ուղղված է երկրի ինքնիշխանության ամրապնդմանը: Տվյալ դեպքում ամերիկացիների դժգոհության պատճառը պարզ է` նրանք երազում էին ԲՀԿ-ի ձեռքերով Հայաստանում Մայդան կազակերպելու մասին, սակայն Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը այդ մայդանային ծրագրերից քարը քարի վրա չթողեց: Դե ինչպես կարելի է, չէ՞ որ դրանով ոտնահարվել են շպիոնօնիկների անօտարելի սրբազան իրավունքները` իրականացնել պետական հեղաշրջում` ի փառս եւ ի շահ "քեռի Սեմի":
Բայց, խոշոր հաշվով, ՀՀ նախագահի այդ քայլը ոչ միայն կանխեց Մայդան իրականացնելու սցենարները, այլեւ նաեւ խաչ քաշեց Ռոբերտ Քոչարյանի` ստվերային խաղերով սեփական նպատակներին հասնելու հաշվարկների վրա: Ավելին, ունեցանք այն չոր օգուտը, որ օլիգարխիային արգելվեց խառնվել քաղաքականությանը եւ փորձել ներազդելու որոշումների վրա: Պետք է նշել նաեւ, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ գործնականում գլուխն ազատեց ծանրագույն բեռից` դրա համար չնախագծված եւ բացարձակ անպատրաստ ԲՀԿ-ով իրականացնելու արմատական, ծայրահեղ ընդդիմության գործառույթ: Ընդ որում, բացառված է, որ եթե այդպիսի գործառույթը հանկարծ հաջողվեր, ապա իրեն թույլ կտային վայելել դրա պտուղները: Իսկ հիմա ընդդիմության ծանր բեռը տեղափոխվեց Նաիրա Զոհրաբյանի փխրուն ուսերին:
Ճիշտ է, տիկինը շատ է ոգեւորված երկնքից ընկած կուսակցապետությունից, բայց հարկ է փաստել, որ ԲՀԿ-ից հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել: ԲՀԿ խմբակցության կեսից ավելին արդեն ԲՀԿ-ական չէ, էլ ԲՀԿ-ական քաղաքապետ ու գյուղապետ չմնաց, մարզերում այնպիսի արտահոսք է, որ երեւի հազիվ են հասցնում գրանցել հեռացողներին, ու վերջապես "քաղաքական արտագաղթի" ցեցը հասավ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի նստավայրում անցկացրած հանդիպմանը, ապա առայժմ Նաիրա Զոհրաբյանի գլխավորած ԲՀԿ պատվիրակությունը հայտարարեց, որ ԲՀԿ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել: Հիմա ենթարկվի-չենթարկվի, այսօրվա նորացված, իսկ ավելի ճիշտ փետրահան արած ԲՀԿ-ի դեմ լինելն էլ ոչնչով չի կարող խանգարել սահմանադրական բարեփոխումներին: Բայց, խոշոր հաշվով, ԲՀԿ-ում Վահան Բաբայանի ասած "տրանսֆորմացիայի", իսկ ավելի ճիշտ փլուզման ընթացքում դեռ չեն էլ հասցրել ընդհանրապես քննարկել որեւէ դիրքորոշում որեւէ հարցի վերաբերյալ: Ի վերջո, պետք է տեսնեն, թե տակն ինչ է մնում եւ ինչ ռեսուրսներով, նոր միայն փորձեն դիրքորոշում արտահայտել:
Ինչ վերաբերում է այլ կուսակցութուններին, ապա ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ սկզբունքորեն նույն մոտեցումներն ունի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, իսկ մյուսները մասամբ համաձայն են, մասամբ` ոչ: Զորօրինակ, Արարատ Զուրաբյանի ՀՀՇ-ն, որի մասին արդեն հանրությունը հասցրել էր մոռանալ, Բաղրամյան 26 գալու ուրախալի առիթով շտապեց հայտնել, որ համաձայն է պայմանով, որ ընտրակարգը լինի 100 տոկոս համամասնական...
Բայց կարեւորն այստեղ հետեւյալն է` Սերժ Սարգսյանի հրավերն ընդունած ընդդիմադիր կուսակցություններից յուրաքանչյուրը, այդ թվում եւ ամբողջովին made in USA "Ժառանգությունն" ու "Ազատ դեմոկրատները" այլեւս հնարավորություն չունեն խոսելու "ապօրինի վարչակարգի" մասին, քանզի եթե հանդիպում ես "ռեժիմի" առաջին դեմքի հետ` վերջինիս հրավերով, ապա ինքնաբերաբար ընդունում ես իշխանության լեգիտիմությունը, կամ ինչպես կասեր Լեւոն Ակոպիչը` "օրինակարգությունը":
Այսինքն` սահմանադրական բարեփոխումների ճանապարհին այժմ ամենուրեք կանաչ լույս է: Այլեւս խոչընդոտները զրոյական են: Ե՛վ ԲՀԿ-ն, ե՛ւ ընդդիմությունը առանձին առանձին կամ միասին վերցված ի զորու չեն մեծ զանգվածներ հանել փողոց` խոչընդոտելու այդ բարեփոխումները: Իսկ անցումը խորհրդարանական կառավարման մոդելին նշանակում է, որ իշխանական լծակները այլեւս տեսանելի ապագայում մնալու են ՀՀԿ-ի ձեռքերում: Ընդդիմության անելիքն էլ մնալու է վեր հանել նույն իշխանության թերությունները, իսկ որեւէ առաջարկություն կյանքի կոչելու համար` դրա շուրջ համաձայնության գալ իշխող կուսակցության հետ: Իշխանափոխություն բառը քաղաքական բառապաշարում դառնում է իրական կյանքի հետ որեւէ առնչություն չունեցող զուտ տեսական կատեգորիա, քանզի հավելյալ քվեներ ապահովող վարչական ռեսուրս կիրառել կարողանալու է միայն ու միայն ՀՀԿ-ն եւ էլ ոչ ոք այդ կուսակցությունից դուրս:
ԵՎՐԱԳԵՆԴԵՐՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
Ընդդիմադիր գզվռտոցը` հրավիրելու իր վրա "քեռի Սեմի" բարեհաճությունը եւ թղթադրամների կանաչ անձրեւը, այլեւս որեւէ սահման ու սահմանափակում չի ճանաչում: Բանը հասնում է անգամ ներկուսակցական մատնություններին` արդեն խոսակցություններ կան, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ քարտուղար Արամ Մանուկյանը շուտով ստիպված են լինելու պատասխանել քննիչների հարցերին, թե ինչպես վճարովի հիմունքներով քաղաքական ապաստանի խնդիր լուծելու նպատակով որոշ քաղաքացիներ ստացել են ՀԱԿ-ի կեղծ վկայականներ...
Նույնիսկ Պարույր Հայրիկյանի "յոթնյակի" ներսում համաձայնեցված չէ, թե ինչ եւ ինչպես են ուզում: Ուզածներն իշխանափոխությունն է, թեկուզ տեսականորեն, բայց ինչպեսի վերաբերյալ որեւէ համաձայնություն չկա: Միայն թե Հայրիկյանը առատորեն պիտակավորում է մնացյալ ամբողջ ընդդիմադիր դաշտին` ներառյալ ԲՀԿ-ին: Բավականին աննախանձելի վիճակում է եւ Սէֆիլյանի "Հիմնադիր խորհրդարանը"` երեւի այդ մարդկանց մտքով չի էլ անցնում, թե ինչպես են իրենք իրենց ծիծաղելի դրության մեջ դնում` հանրությանը հավաստիացնելով, որ ինչ-որ "գողականներ" թույլ չտվեցին հայրաքաղաք Գյումրիում հեղափոխել բնակչությանը: Լավ, "գողականներից" վախեցող հեղափոխական որտե՞ղ եք տեսել: Չնայած ե՛ւ "100-ամյակն առանց ռեժիմի" երազող "Հիմնադիր խորհրդարանին", ե՛ւ ծայրահեղ արեւմտամոլ այլ ուժերին, ե՛ւ գրանտածիծ ամբողջ հանրույթին գործ կճարվի հենց ապիլի 24-ին, առավել եւս, որ այդ օրը Երեւանում է գտնվելու իրենց աչքի գրող Վլադիմիր Պուտինը, ում այդպիսի ջանասիրությամբ "թաղում են" "Ֆեյսբուքի" վիրտուալ գերեզմանոցում:
Իսկ մինչ այդ Արեւմուտքը զոնդաժ, ներկա-բացակա է անում, թե ովքեր են տակը մնացել եւ ինչքանով կարելի է նրանց վրա հույս դնել: Եվ ահա, ընդդիմադիր վակուումի ֆոնի վրա միանգամից ակտիվանում են Եվրախորհուրդն ու Եվրամիությունը:
Եվրոպացիները չգնահատեցին լոնդոնասեր Ստյոպիկ Սաֆարյանի տիտանական ջանքերը, եւ նրա ու համախոհների հետ հանդիպելու փոխարեն` ԵՄ գրեթե բոլոր դեսպանները "բիրիքով" հանդիպեցին դաշնակների հետ` Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան ու Լիլիթ Գալստյան կազմով: Նրանք բուռն հետաքրքրվեցին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ՀՅԴ պատկերացումներով, սակայն դաշնակցական ընկերների կողմից դեսպաններին տարբեր բաներ ներկայացվեցին: Եթե ընկեր Արմենը հիմնականում շեշտը դրեց սահմանադրական բարեփոխումների վրա, ապա ընկեր Աղվանը շռայլորեն հավաստիացումներ ներկայացրեց, թե ինչքան է ՀՅԴ-ն հավատարիմ եվրոպական արժեքներին, ընկեր Լիլիթն էլ հետաքրքրվում էր Եվրամիության հետ գործընկերության շարունակման խնդրով:
Եթե ԵՄ գծով ինչ-որ չափով ամեն ինչ ցիվիլ էր, ապա ԵԽ գծով տեղի ունեցածը լրիվ խայտառակություն: ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը հրապարակել են զեկույց, ուր խորհուրդ է տալիս վերացնել գենդերային խտրականության բոլոր դրսեւորումները դպրոցական ծրագրերում, խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենք ընդունել եւ ավելացնել կանանց ներկայացվածությունը հանրային եւ քաղաքական կյանքում, ինչպես նաեւ ավելի վճռական քայլեր ձեռնարկել` գենդերային հավասարությունը խթանելու համար` ներառյալ աշխատանքային շուկայում:
Եվ քիչ է, որ նա տալիս է տխմարագույն խորհուրդ` դպրոցական դասագրքերում տղու եւ աղջկա կերպարները չզանազանելու եւ այլ նման զառանցանքային բաներ, մի բան էլ պարզվում է, որ հանձնակատարը մոմ է պահել մեր բոլոր ընտանիքներում. "Հայաստանում հազարավոր կանայք ամեն տարի ենթարկվում են բռնության: Այս երեւույթը հիմնականում ֆորմալ բողոքների տեսք չի ստանում պետական կառույցների անբավարար պատասխանի եւ մշակութային, հասարակական ու ընտանեկան միջավայրի պատճառով, որը միտում ունի արդարացնել եւ ընդունել կանանց նկատմամբ բռնությունը": Դե պարզ է, որ միակ ընդունելի աղբյուրի` իրավապահների վիճակագրության փոխարեն հանձնակատարը գերադասում է օգտվել տեղական գենդերների մոգոնած ֆանտաստիկ թվերից, քանզի նպատակն արդարացնում է միջոցները` ամեն կերպ մեր երկրի վզին փաթաթել օրենք, որը կոչնչացնի ընտանիքի ինքնիշխանությունը եւ թույլ կտա ամեն մի շունուշանգյալի միջամտել ընտանիքների ներքին գործերին: Հուսանք, որ մեր իշխանությունը, համենայնդեպս, այլեւս երբեք չի կատարի հանձնակատարի հետեւյալ ցանկությունը. Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը նույնպես կարեւոր քայլ կլինի":
Ինչեւէ, այդպիսի գրոհները դեռ կկրկնվեն, սակայն բարեբախտաբար, ԵՏՄ-ի միջավայրում մեր իշխանությունը քայլ առ քայլ սովորում է ոչ ասել Արեւմուտքին: Դատարանները վստահաբար պաշտպանում են խոսքի ազատությունը համասեռամոլության լոբբիստների տոտալիտար գրոհներից, Արցախի իշխանությունը ադրբեջանցի դիվերսանտների հարցով հայտնի ռուսական հասցեով ուղարկեց ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդին, Էդվարդ Նալբանդյանն էլ նույն հարցում քաղաքավարի, բայց կոշտ, մերժեց ամբողջ Պետդեպին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

