«ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ…»
Արխիվ 12-16«ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ…»
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մի շարք երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ`«ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ…» խորագրի ներքո: Կինոցուցադրությունները մեկնարկել են «Քեզ, հետ Հայաստա՛ն» եւ հայկական քաղաքակրթությունը ներկայացնող ցուցահանդեսային ծրագրերին զուգահեռ:
Կինոցուցադրությունների համար ընտրվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին պատմող լավագույն խաղարկային եւ վավերագրական ֆիլմերը: Յուրաքանչյուր երկրի համար կազմվում է առանձին ծրագիր`հաշվի առնելով ֆիլմի քաղաքական, մշակութային եւ գեղարվեստական առանձնահատկությունները:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խոսքով` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մեկնարկած ծրագրերի շարքում առանձնահատուկ տեղ ունի «Այլեւս երբեք…» ծրագիրը. «Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ կինոարվեստի միջոցով փորձում ենք հանդիսատեսին փոխանցել մեր ասելիքը: Փորձը, ժամանակը ցույց տվեց, որ կինոնարվեստն արվեստի մատչելի լեզուներից մեկն է , որով հնարավոր է հանդիսատեսին հնարավորինս ավելի հստակ փոխանցել ասելիքը: Ծրագրի շրջանակներում աշխարհի մի շարք երկրներում կունենանք կինոդիտումներ, որոնք զուգորդված կլինեն ներկայացումներով եւ հեղինակավոր մի շարք մարդկանց կողմից կլինեն սեմինարներ»,-նշեց Ն. Տեր-Վարդանյանը եւ ավելացրեց, որ ծրագիրը կարեւոր է նաեւ այն առումով, որ առիթ հանդիսացավ, որպեսզի ի մի բերվի թե Հայոց ցեղասպանության թեմայով ինչ ֆիլմեր են նկարահանվել. «Մեծ հաշվով այս ծրագրով մենք ներկայացնում ենք նաեւ մեր կինոարվեստը»,-ընդգծեց ՆերսեսՏեր-Վարդանյանը:
«Այլեւս երբեք…» ծրագիրը մեկնարկել է փետրվարի 24-ին, Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում: Ծրագրի մեկնարկին ցուցադրվել է Կառլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմը: Ըստ ծրագրի համակարգող ՐԱՖՖԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ`ծրագիրը ներառում է Հայոց ցեղասպանության թեմատիկայով նկարահանված տարբեր ժանրերի ֆիլմեր, որոնք ոչ միայն ցուցադրվում են, այլեւ ներկայացվում կինոքննադատների եւ պատմաբանների կողմից. «Մեզ մոտ ծրագիրը բաժանված է մինչեւ «Ոսկե ծիրանի» մեկնարկը, այսինքն`երկու փուլով է ընթանալու: Առաջին փուլում ըդգրկված է շուրջ 9 երկիր, որտեղ ցուցադրություններ նախատեսված են տարբեր քաղաքներում: Մինչեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկը ցուցադրություններ տեղի կունենան նաեւ Բուլղարիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում եւ Շվեյցարիայում »,-տեղեկացրեց Ր. Մովսիսյան:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ տեղեկացրեց, որ կինոփառատոի ընթացքում եւս մեծ ուշադրություն է դարձվելու Հայոց ցեղասպանության թեմային եւ կլինի չորս հատուկ ծրագրեր` «Մենք կանք», «Ճիչ»,«Երախտիքի տուրք» եւ «Ալյեւս երբեք» խորագրերով:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

