ՀՀԿ-ԱԿԱՆ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՍԿԼԵՐՈ՞Զ» ՈՒՆԻ
Արխիվ 12-16ՀՀԿ-ԱԿԱՆ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՍԿԼԵՐՈ՞Զ» ՈՒՆԻ
Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նշել է, դուրս է եկել ՀՀԿ-ից, հավելել, որ ո՛չ գնում է, ո՛չ գալիս է, ո՛չ մասնակցում է կուսակցության աշխատանքային հանդիպումներին, ավելին` այլեւս քաղաքականությամբ չի զբաղվում: Ի դեպ, թե ինչու է լքել կուսակցությունը, վերջինս չի մանրամասնել: Իրականությունը պարզելու համար «Իրավունքը» դիմեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ ՌՈՒԲԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ, ով թարմացրեց Ռ. Պետրոսյանի հիշողությունը.
– Կեղծ տեղեկատվություն է, նա դուրս չի եկել կուսակցությունից եւ հանդիսանում է կուսակցության խորհրդի անդամ: Բացի դրանից, վերջերս էլ մասնակցել է մեր սկզբնական կազմակերպությունների ժողովներին եւ նաեւ ակտիվ ելույթ է ունեցել` որպես կուսակցության խորհրդի անդամ:
– Նույն աղբյուրը նշում է, որ Ռ. Պետրոսյանը նեղացած է ՀՀԿ-ից, քանի որ իրեն չեն աջակցել` որդու հետ կապված միջադեպի հարցում:
– Այդպիսի բան չկա, եթե նման բան կա, թող ինքն ասի: Ընդհանրապես, կարծում եմ, որ ապատեղեկատվություն է տարածվում մեր կուսակից ընկերների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ սփյուռքահայ գործարար 65-ամյա Օսեբ Մարկարյանին փետրվարի 6-ի գիշերը գլխի ուղղությամբ կրակել էր Ռ. Պետրոսյանի որդին` Մհեր Պետրոսյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

