«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
Արխիվ 12-16«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանը եւ նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությանն ասաց, որ կուսակցության ներսում կքննարկեն այդ հարցը եւ հետագայում հանրությանը տեղյակ կպահեն: «Ես իմ մասով կարող եմ ասել, որ մինչ այժմ որեւէ քայլ չեմ արել, որը հակառակ լինի կուսակցության դրույթներին»,- ասաց կուսակցության փոխնախագահը, ով չցանկացավ մեկնաբանել տիկին Փոստանջյանի ասածներն ու վիրավորանքները:
Հիշեցնենք` երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ` քննարկելու սահմանադրական բարեփոխումների հարցը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպողները Բաղրամյան 26-ի հաճախորդներ են, քանի որ կուսակցությունում քննարկում է եղել, եւ մասնակիցները դեմ են եղել այդ հանդիպմանը:
- Պրն Մարտիրոսյան, այնուամենայնիվ, «Ժառանգության» վերոնշյալ երկու ներկայացուցիչներից ո՞ւմ հայտարարությունն է ճիշտ:
- Այդ երկու ասածների միջեւ հակասություն չեմ ցանկանում իրականացնել, պրն Հակոբյանը հենց այնպես քայլ չի անում, կուսակցության որոշումներից դուրս ոչ քվեարկություն է անում, ոչ էլ քայլ է անում:
- Դուք որպես կուսակցության փոխնախագահ, համաձա՞յն եք եղել, որ կուսակցությունը հանդիպի Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումների խնդիրը քննարկելու համար:
- Ոչ միայն որպես կուսակցության փոխնախագահ: Մեր քննարկման ընթացքում դեմ արտահայտվող կար, բայց ես քննարկմանը մասնակցողների մեծամասնությամբ է որոշումն ընդունվում:
- «Ժառանգություն» կուսակցութան առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս համաձա՞յն է եղել, որ հանիպում լինի Սերժ Սարգսյանի հետ:
- Ես չեմ ցանկանում շատ մանրամասների մեջ մտնել, մենք քննարկումներ կանենքն, ու եթե որոշումից դուրս քայլեր ենք արել, պատրաստ ենք մեր պատիժը կրել:
- «Ժառանգություն» կուսակցութան առաջնորդը քննարկմանը ներկա՞ եղել է, երբ քննարկվել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հարցը:
- Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի օր է, որ Հայաստանում չէ` ԱՄՆ-ում է`ընտանեկան հարցերով:
- Կուսակցությունը փաստորեն, առանձին պետք է քննարկի Զարուհի Փոստանջյանի այս հայտարարությունը:
- Ոչ թե Զարուհի Փոստանջյանի, այլ այս պահին ստեղծված իրավիճակը:
- Կոնկրետ ի՞նչ է քննարկելու կուսակցությունը` միգուցե ներկուսակցակա՞ն խժդժությունները:
- Խժդժություն չկա:
- Այդ դեպքում ի՞նչ է վկայում Զարունի Փոստանջյանի հայտարարությունը:
- Զարուհի Փոստանջյանը մի կուսակցական է բազմաթիվ կուսակցականներից, որը իր միտքն է արտահայտել այսպես ասեմ:
- Բայց տիկին Փոստանջյանը բոլորիդ անունից է խոսել..
- Դե եկեք ես էլ Հայաստանի անունից խոսեմ, կամ մի ուրիշ պետության: Իմիջիայլոց, այդ բոլորի մեջ մտնում եմ նաեւ ես, Ռուբեն Հակոբյանը եւ այլք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

