«ԲՈԼՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ ՄԵԿ ԿԱՐԳԱԽՈՍ` ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ՏՈՒԺԵԼ ԵՆ». Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16«ԲՈԼՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ ՄԵԿ ԿԱՐԳԱԽՈՍ` ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ՏՈՒԺԵԼ ԵՆ». Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եթե իշխանություն-ընդդիմության դիսկուրսը դառնա առօրեկան, ապա կարող է շատ բան փոխվել:
Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, օրերս խոսելով վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների մասին, հայտարարել է, որ հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծվել է նոր իրավիճակ, որի առանձնահատկությունն այն է, որ ընդդիմադիր դաշտը կազմալուծված է: Նրա խոսքով` սա ամենևին չի նշանակում, որ երկրում չկան ընդդիմադիր կուսակցություններ, բայց հանրության սապասումները հերթական անգամ չարդարացան, որի հետևանքով հասարակությունը կրկին հիասթափությունն է ապրում:
«Թվում էր, թե կա քառյակ, կամ՝ եռյակ և հույս կար, որ կարող էր ձևավորվել և դառնալ կազմակերպական, կառուցվածքային և իրավաքաղաքական առումով լուրջ բևեռ և հակակշիռ, բայց այն այսօր դե ֆակտո չկա»,- ասել է Խ. Հարությունյանը:
Նրա խոսքով`այս ամենը ողբերգություն չէ, այլ պետք է վերլուծել և դրանից դասեր քաղել: Մեղավորներ փնտրել ամենևին էլ պետք չէ, քանի որ եթե իշխանությունները մեղավոր են, ապա ընդդիմությունը կրկնակի, նույնիսկ քառակի անգամ է մեղավոր:
Նորանկախ Հայաստանում ձևավորված «ավանդույթի» համաձայն անկախ գաղափարախոսությունից, բոլոր ժամանակների ընդդիմությանը միայն մեկ բան է կապել՝ իշխանափոխությունը, որը ըստ Խ.Հարությունյանի դատապարտված քաղաքական թեզ է:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ա. Մարտիրոսյանի դիտարկմամբ, այսօր Հայաստանի քաղաքական դաշտում հստակություն չկա և չի երևում, թե քաղաքական պրոցեսները որ ուղղությամբ կգնան, իսկ վերջին գործընթացներից հետո, նրա կարծիքով, երկիրը ծանր վիճակում է հայտնվել.
«Ոչ միայն ընդդիմությունը պարտվեց, նաև իշխանության մոտ որևէ ռեսուրս չավելացավ հասարակության վստահության առումով, եթե չասեմ նվազեց, միջազգային հեղինակության առումով էլ այս պրոցեսները շատ մեծ հարված են հասցնելու Հայաստանին»,- տեսակետ է հայտնել Ա. Մարտիրոսյանը:
Որքանո՞վ է թույլ ընդդիմությունը ձեռնտու իշխանությանը և ի՞նչ կշահի երկիրն առանց կայացած ընդդիմության «Իրավունքի» հարցերին ի պատասխան Խոսրով Հարությունյանն ասաց, որ ունենալով ընդդիմադիր կուսակցություններ` հարց է առաջանում` արդյո՞ք այդ կուսակցությունները ամեն մեկն առանձին առանձին վերցրած կարող է լիարժեք հակակշիռ կազմել իշխանություններին:
«Ես նրանց այդ կարողությունները դնում եմ հարցականի տակ: Անշուշտ նման իրավիճակը ձեռնտու չէ իշխանություններին, քանի որ իշխանություններին պետք է ընդդիմություն, որի շնչառությունն իրենք անընդհատ կզգան իրենց ծոծրակին, բայց այդ ընդդիմությունը պետք է ունենա հանրային կյանքի կազմակերպման սեփական դոկտրինալ տեսլականը, ոչ թե միակ դոկտրինը լինի միայն և միայն իշխանափոխությունը»,- ասում է Խ. Հարությունյանը:
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդի կարծիքով, ուսումնասիրելով նորանկախ Հայաստանի պատմությունը, բոլոր ընդդիմադիրները ունեցել են միայն մեկ կարգախոս՝ իշխանափոխություն, որի պատճառով էլ միշտ էլ անհաջողությունների են մատնվել:
«Եթե որևէ մեկը կարծում է, որ ինքը զբաղվում է քաղաքականությամբ միայն և միայն իշխանքության գալու նպատակով, ապա նման նպատակով քաղաքականությամբ զբաղվելն անիմաստ է: Ժամանակն է ասելու, որ ցանկացած կուսակցության նպատակը ոչ թե իշխանության հասնելն է, այլ՝ հանրային կյանքը սեփական դոկտրինի համապատասխան բարեփոխելն է: Ընդդիմությունը հանրությանը պարտավոր է ներկայացնել, ոչ թե այն, թե՝ինչ վատն է իշխանությունը, այլ ցույց տա, թե ինքն իրենից ինչ է ներկայացնում և ինչպես է պատկերացնում այս կամ այն պրոբլեմի լուծումը, որը կանգնած է հանրության առջև»,- ասում է Խ. Հարությունյանը:
Քաղաքական գործչի կարծիքով` հանրային դիսկուրսը պետք է դառնա առօրեական, եւ այդ դեպքում կարող է շատ շատերի, այդ թվում նաև իր մոտ շատ բան փոխվել:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

