ՄՈՍԿՎԱԲՆԱԿ «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ»` ՀԱՆՈՒՆ ԲԱՂԱՆԻՍ ԵՎ ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ
Արխիվ 12-16ՄՈՍԿՎԱԲՆԱԿ «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ»` ՀԱՆՈՒՆ ԲԱՂԱՆԻՍ ԵՎ ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ
ՌԴ-ում հայտնի «ARM TV» հեռուստաընկերության հայկական լուրերի գլխավոր խմբագիր, ԵԿՄ ռուսաստանյան երիտասարդական թեւի ղեկավար, ինչպես նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների անդամ մոսկվաբնակ ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ հայաստանյան սահմանամերձ գյուղերին աջակցելու համար նախաձեռնել է «Նոր սերունդ» խորագրով բարեգործական մեծ համերգ, որը տեղի կունենա ապրիլի 12-ին հենց Ռուսաստանի սրտում` Մոսկվայում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Ն. Նիազյանի հետ, ով շուրջ հինգ տարի ապրելով Հայաստանից դուրս`շարունակում է հետեւել հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, միեւնույն ժամանակ հայապահպանությանն ուղղված լուրջ ծրագրեր իրագործում Ռուսաստանում:
-Նաիրա, նախ խոսենք առաջիկա համերգի խորագրի մասին, ինչո՞ւ այն անվանեցիք «Նոր սերունդ»:
- «Նոր սերունդի» մտահաղացումը ծնվել է երկու տարի առաջ: Նպատակը հենց հայապահպանությանն է ուղղված` երկխոսություն (հաղորդաշարի տեսքով) մեր մշակույթի, քաղաքական ու հասարակական գործիչների ավագ եւ երիտասարդ սերունդների միջեւ: Սա կարեւոր է հատկապես պարզելու համար,թե
որքանով է նոր սերունդը մեր մեծերի թողած ավանդի (օտար երկրում լեզվի, հավատի ու ավանդույթների պահպանության հարցում) արժանի կրողն ու այն ապագա սերունդներին փոխանցողը: Երկխոսությունն ավելի լայն շրջանակներ ստացավ Հայաստանից ստացած տեսանյութերից մեկը դիտելուց հետո, որը պատմում էր Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղի մասին: Երիտասարդ գյուղապետ Նարեկ Սահակյանը (միասին ԵՊՀ-ում ենք ուսանել) պատմում էր, որ գյուղն այլեւս ունի խմելու ջուր, սակայն այլ հոգսեր եւս ունեն, պարզապես նյութական օգնություն է պետք: Շատ հուզիչ էր ինձ համար այդ սյուժեի պատմությունը: Չէ որ մենք ապրում ենք դրսում` «ապահով», եւ նրանք, ովքեր կարող էին հեռանալ,այսօր հաղթահարում են բազում դժվարություններ,բայց չեն հեռանում իրենց ծննդավայրից`գյուղից: Պետք էր օգնել, դա ես հաստատ գիտեի: Դիմեցի Նարեկին` խնդրանքով, որպեսզի երկու սահմանամերձ գյուղի բարեկարգման ծրագրեր ներկայացնի: Շուտով Բարեկամավան եւ Բաղանիս գյուղերի նամակ-ծրագրերը ստացա: Հայրենասեր ընկերներիցս Թովմաս Ոսկանյանի հետ բարեգործական համերգի ծրագիր գրեցինք եւ սկսեցինք գործել: Դիմեցինք մեր ընկերներին, որոնք ուրախությամբ համաձայնեցին դառնալ մեր հայրենանվեր գաղափարի աջակիցները:
- Փաստորեն, երկխոսությունը դարձավ ոչ միայն սերունդների, այլեւ հայաստանյան ու ռուսաստանյան հայությա՞ն միջեւ:
- Այո, «Նոր սերունդի» երկխոսության գաղափարը տեղափոխվեց մեկ այլ հարթություն` երկխոսություն ՌԴ-ում եւ Հայաստանում ապրող հայ երիտասարդների միջեւ: Պետք է տեղեկացված լինել հայրենիքում տիրող խնդիրներին ու պատրաստակամ` այստեղ կազմակերպվող մշակութային-բարեգործական միջոցառումների օգնությամբ դրանք ժամանակին կանխելու եւ այնտեղ ապրող մեր հարազատներին սատարելու գործում:
- Անդրադառնանք նաեւ «Նոր սերունդ» փրոդաքշնի նախաձեռնած համերգային ծրագրին…
- Բարեգործական համերգին կմասնակցեն հայկական եւ ռուսական էստրադայի հայտնի երգիչներ,պարային եւ երաժշտական համույթներ ու լայն հասարակությանը դեռ անհայտ շատ տաղանդավոր երիտասարդ հայ երաժիշտներ: Իրենց մասնակցությունն են ունենալու նաեւ ՌԴ վաստակավոր արտիստ Կարեն Ավանեսյանն ու ՌԴ եւ Բուլղարիայի ժող. արտիստ Բեդրոս Կիրկորովն, ով ցանկություն հայտնեց հանդես գալ «Մարտիկի երգը» կատարմամբ: Համերգին իրենց աջակցությունն են բերել ՌԴ-ում ԱՀ-ի մշտական ներկայացուցչությունը, ՌԴ-ում ԵԿՄ եւ մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպություններ:
- Արդեն հայտնի՞ է, թե համերգից ստացած հասույթը կոնկրետ ինչ խնդիր կլուծի հայաստանյան սահմամերձ գյուղերում:
- Համերգից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս եւ Բարեկամավան գյուղերին՝ բարեկարգման աշխատանքներ իրագործելու համար.Բաղանիսում՝ ցերեկային լույսերի տեղադրում-անցկացում, իսկ Բարեկամավանում` ճանապարհահատվածի գրունտապատում:
-Հայրենիքը հաստատ չի մոռանա, իսկապես, կարեւոր է, երբ նոր սերունդը գիտակցում է հայոց սահմանների ամրության կարեւորությունը` լինի Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս:
- Հայրենիքը սկսվում է սահմանից , մեր սրտերի հայրենիքն անսահման է: Ապրելով Հայաստանից դուրս` մենք` «Նոր սերունդը», ջանք չենք խնայելու օգտակար լինելու մեր սիրելի հայրենիքի ծաղկմանն ու բարգավաճմանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

