ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում էին 9 շախմատիստներ: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Գաբրիել Սարգսյանը, ով 7.5 միավորով բաժանեց 5-23-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը 18-րդն էր: Սա այն դեպքում, որ դեռ 8-րդ տուրի արդյունքներից հետո հայ գրոսմայստերը առաջատարին զիջում էր ընդամենը կես միավոր: Սակայն 9-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Իվան Պոպովի հետ, ապա միավորները կիսեց Իլյա Իլյուշոնոկի հետ, իսկ վերջին տուրումª Կան Էմրեի հետ:
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուս Եվգենի Նայերը, ով 11 հնարավորից հավաքել էր 8.5 միավոր: Ինչեւէª մրցաշարի ընթացքն ամենեւին անհուսալի չէր, եւ մեր շախմատիստները բավականին լավ արդյունք էին ցուցադրում եւ հավակնում էին մրցաշարային աղյուսակում առաջատար դիրքերի, բայց մրցաշարի վերջնամասում ինչ-որ մի բան դարձյալ խանգարեց: Այսպիսովª 7 միավորով Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարն ավարտեց 36-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանըª 52-րդ տեղն էր եւ Հրանտ Մելքումյանըª 83-րդը: 6.5-ական միավորով Սամվել Տեր-Սահակյանը զբաղեցրեց 88-րդ տեղը, Կարեն Գրիգորյանըª 90-ը, իսկ Վլադիմիր Պողոսյանըª 110-րդն էր:
Հիշեցնենք նաեւ, որ առաջնությանը մասնակցում էր 250 շախմատիստ:
Իսկ ահա Եվրոպայի անհատական առաջնությանը գրեթե զուգահեռ Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում հայ գրոսմայստերներ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը եւ Արթուր Գաբրիելյանը անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր եւ 552 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 6-րդ եւ 14-րդ տեղերը:
Նշենք նաեւ, որ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հաստատել է ապրիլի 18-29-ը Չինաստանի Չենդու քաղաքում անցկացվելիք կանանց աշխարհի թիմային առաջնության մասնակիցների վերջնական կազմը: Չինաստանում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Ղազախստանի, Լեհաստանի, Եգիպտոսի եւ Հնդկաստանի թիմերը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

