ՔՅԱԲԱԲԱՅԻՆ ԱՍՄՈՒՆՔ. ՍԻՐՎԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ՔՅԱԲԱԲԱՅԻՆ ԱՍՄՈՒՆՔ. ՍԻՐՎԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ ԵՆ
Պոեզիայի մեծ վարպետները օրերս մի քանի անգամ շուռ են եկել գերեզմանում: Այո, մենք սրանում գրեթե համոզված ենք, քանի որ համացանցով մեկ ու հեռուստատեսության եթերում ասմունքող ԼԻԱՆԱ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ Է, ով ըստ իրեն, սեփական խոսքով հղիացնում է ամենքին: Ինչեւէ, վերջինիս այդ «զարմանահրաշ» հատկությունը չազդեց մեզ վրա, ու այնուամենայնիվ, որոշեցինք անդրադառնալ Լ. Զուրաբյանին, ավելի ճիշտ, նրա ներկայացրած արվեստին: Վերջերս հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Լ. Զուրաբյանը հայտարարեց, որ «երԳիրս երԳիր չի» ու դրա համար էլ որոշել է ասմունքի փոխարեն թամադայություն անել: Սակայն պարզվեց, որ նա ոչ թե այս կամ այն հանդիսությունները վարում է, այլ վարում, ցանում ու հնձում է: Դա էր վկայում նրա խայտառակ պահվածքը բեմում ու անճաշակ ... հումորները:
Բայց սա դեռ ամենաողբերգականը չէ, Լ. Զուրաբյանն ունի նաեւ ասմունքի կենտրոն, որտեղ դասավանդում է: Այնպես որ, եթե դեռ չի էլ դեգրադացվել նոր սերունդը, ապա դրանում նրանց «կօգնի» մերօրյա թամադան: Եվ, իհարկե, այս դեպքում ոչ միայն սիրված բանաստեղծություններն են անհուսալի ձեռքերում հայտնվում, այլեւ նրա մոտ ասմունքի գնացող երեխաները: Զարմանալի է նաեւ այն փաստը, որ ոչ միայն քելեխ ու ծնունդ ունեցողները, այլեւ հեռուստաընկերություններն են նրան հրավիրում ու վերջինիս ավելի քան 20 րոպե ժամանակ տրամադրում, որպեսզի եթերից սղոցի բազմահազար հեռուստադիտողների նյարդերը:
Ի դեպ, քանի որ հիշեցինք լուսահոգի մեծերին, նշենք, որ նա նաեւ տխուր առիթներն է պատրաստ նույնպիսի շախով-շուխով վարել: Իհարկե, խորհուրդ չենք տալիս ձեր ողբերգությունը վերածել տրագիկոմեդիայի, բայց հիշեք, որ Լ. Զուրաբյանը մշտապես պատրաստ է դառնալ համացանցի «boom»-ը, ու «ջանդամ» թե, համայն հայությանը նա այլեւս ոչ թե իր ասմունքով է հայտնի, այլ խայտառակ սկանդալներով: Որքան էլ փորձում ենք չքաղաքականացնել երեւույթը, բայց արդարացիորեն պիտի փաստենք, որ լ.զուրաբյաններ մեր ժողովրդի գլխին, իսկապես չեն գալիս (ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանի ականջն էլ կանչի):
Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

