ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Արխիվ 12-16ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ
«Իրավունքն» արդեն անդրադարձել էր, որ մարտի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված ՌԴ ժողովրդական արտիստ ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱՅԻ «На бис» խորագիրը կրող համերգը չի կայացել երգչուհու վատառողջ լինելու պատճառով` երգչուհին Երեւանում հոսպիտալացվել է:
Այնուամենայնիվ, չկայացած համերգը շատերին կասկածի տեղիք տվեց: Նախ պտտվեցին խոսակցություններ, թե Ալեգրովան նույնիսկ Հայաստան էլ չի եկել, ուստի վատառողջ լինելու մասին խոսք լինել չի կարող: Հայ հասարակության, հատկապես տոմսեր գնած հանդիսատեսի համար կրկնակի շոկ էր, երբ պարզվեց, որ մարտի 8-ին Սանկտ Պետերբուրգում Ի. Ալեգրովան ելույթ է ունեցել` Կանանց տոնին նվիրված համերգի ժամանակ: «Իրավունքը» մարտի 6-ից զանգահարում էր համերգի կազմակերպիչ «Forpostart Production» ընկերության հիմնադիր ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆԻՆ` տարածված խոսակցությունների իսկությունը պարզելու եւ իսկապես երգչուհու ինքնազգացողության մասին տեղեկանալու համար, սակայն 2 օր Զ. Մխեյանը մեծահոգաբար պատասխանում էր հեռախոսին`միայն կրկնելով, որ նա այս պահին գտնվում է երգչուհու մոտ, չի կարող խոսել եւ խնդրում, որ իրեն ավելի ուշ զանգահարենք: Սակայն երեկ, երբ կրկին զանգահարեցինք Զ. Մխեյանը, նորից կրկնեց, որ իրեն հարմար չէ, այնուամենայնիվ, "Իրավունքն" իր համառության շնորհիվ կարողացավ մի քանի հարցերի պատասխաններ ստանալ Մխեյանից:
«ԻՐՈՔ ՎԱՏԱՌՈՂՋ ԷՐ, ԴԱ ԿՓԱՍՏԵՆ ՆՐԱՆ ԲՈՒԺՈՂ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ»
- Զառա, համերգի հետաձգման պատճառը իսկապե՞ս Ալեգրովայի վատառողջ
լինելն էր, թե՞...
- Այո, նա իրոք շատ վատառողջ էր, եւ դա կփաստեն նրան բուժող հայաստանյան բժիշկները:
- Բայց գիտե՞ք, որ Ալեգրովան մարտի 8-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է տոնական համերգին:
- Այո, գիտեմ, ես եմ ճանապարհել իրեն Սանկտ Պետերբուրգ:
- Այսինքն` 2 օր անց առողջացա՞վ:
- Ի՞նչ է նշանակում առողջացավ, նա ավելի լավ էր, քան Երեւանում: Երեւանում նա մինչեւ վերջին րոպեն փորձում էր բեմ դուրս գալ, խնդրում էր բժիշկներին` ամեն ինչ անեն, որ կարողանա դուրս գա բեմ ու ելույթ ունենա: Բայց հնարավորություն չեղավ, չստացվեց, որովհետեւ այնպիսի վիրուս էր` 39 աստիճան տաքություն ուներ: Մի կերպ ենք իջեցրել տաքությունը, բայց ձայնի հետ էր խնդիրը, նա լուրջ, ծանր վիճակում էր:
- Համերգի կազմակերպման համար Ալեգրովայի հետ որեւէ պայմանագիր ունեի՞ք կնքած:
- Ի՞նչ է ձեզ թվում, նման էշելոնի երգչուհին գալիս է Երեւան համերգի` առանց պայմանագրի՞: Իհարկե ունեինք:
- Սովորաբար պայմագրերում լինում է մի կետ, որտեղ նշվում է, թե նման դեպքերում ինչ տույժ ու տուգանք պիտի կրի արտիստը:
- Ո՞ւմ համար տույժ, տուգանք:
- Ալեգրովայի, դա արհամարհանք չէ՞ր տոմսեր գնած հանդիսատեսի հանդեպ:
- Ինչո՞ւ է արհամարհանք, գնել են, բայց համերգը չի հանվել` տեղափոխվել է: Հիմա կրկնակի ծախսեր են կատարվում, որպեսզի համերգը կայանա, եւ այդ ծախսերը շատ ահռելի մեծ են` նորից գալու է երգչուհին, տոմսեր, հյուրանոց եւ այլն, եւ այլն...
- Տոմսերի քանի՞ տոկոսն էր վաճառված:
- Մոտ 95 տոկոսը վաճառված էր:
- Իսկ այդ 95 տոկոսն ինչպե՞ս վերադարձնի տոմսերը, եւ արդյո՞ք հնարավորություն տալիս եք, որ վերադարձնեն ու ետ վերցնեն իրենց գումարները:
- Անպայման, իհարկե, թող վերադարձնեն, որ մինչեւ ապրիլի 6-ի համերգը մենք նորից վաճառենք: Իսկ ովքեր էլ չեն ցանկանում, կարող են ապրիլի 6-ին նույն տոմսով գալ մարզահամերգային համալիր` Ալեգրովայի համերգին: Իրինա Ալեգրովան էլ իր պաշտոնական կայքում գրել է, որ անպայման պահպանեք Ձեր տոմսերը, որպեսզի ապրիլի 6-ին գաք համերգին: Ի դեպ, նույն տոմսերն են լինելու, նոր տոմսեր չեն լինելու:
«ՎԱՂԸ ԿՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ ԿՈՆԿՐԵՏ ԳՐԱՍԵՆՅԱԿ, ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ ԵՆ
ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՏՈՄՍԵՐԸ»
-Իսկ այդ դեպքում տոմս գնած հանդիսատեսը որտե՞ղ վերադարձնի տոմսերը,
որտեղից որ գնե՞լ է` տոմսարկղերի՞ց:
- Ոչ, այդ տոմսերը հնարավոր չէ վերադարձնել տոմսարկղերում, մենք վաղը կհայտարարենք կոնկրետ գրասենյակ, որտեղ կարող են վերադարձնել եւ ստանալ իրենց գումարները: Տոմսարկղերը ծառայություն են մատուցում, դա իրենց գումարը եւ իրենց տոմսերը չեն, նրանք գումարները փոխանցում են մեր ընկերության հաշվեհամարին` դրա համար վաճառված տոմսերի գումարները կվերադարձնի միայն մեր ընկերությունը: Ոչ մի տոմս չի մնա ժողովրդի ձեռքում, այն մարդիկ, որոնք չեն ցանկանա ապրիլի 6-ին գալ համերգին, անպայման կվերադարձնենք նրանց գումարները, որովհետեւ մեր ընկերության անունը ամենաթանկն է եւ այդ գումարներից առավել, մենք դեռ ունենք շարունակական համերգներ:
- Խոսակցություններ են պտտվում, որ նույնիսկ Ալեգրովան Հայաստան չի էլ եկել:
- Կարող եք զանգահարել «Իմպերիալ» հյուրանոց, այնտեղ նույնիսկ պայմանագիր կա, կարող եք հարցնել տնօրենից` եկե՞լ է Ալեգրովան, թե` ոչ: Կարող եք նույնիսկ «Նաիրի» բժշկական կենտրոնի` Ալեգրովային բուժող բժիշկներից հարցնել:
- Բայց «Նաիրի» բժշկական կենտրոնից ասացին, որ իրենց մոտ չէ Ալեգրովան բուժվում:
- Իսկ ինչո՞ւ պետք է Ալեգրովան իրենց մոտ լինի, մենք բժիշկներին ենք տարել հյուրանոց: Զանգահարե՛ք հյուրանոց, ճշտեք:
- Իսկ հիմա ինչպե՞ս է Ալեգրովայի առոջական վիճակը, խոսե՞լ եք նրա հետ:
- Վիրուսը կա, շարունակվում է էլի, բայց հիմա ավելի լավ է իրեն զգում, քանի որ մեր բժիշկները երկու օր պրոֆեսիոնալ աշխատեցին, անընդհատ նրանց հսկողության տակ է եղել Ալեգրովան:
- Զառա, տարիներ առաջ էլ, գրեթե նույն իրավիճակն է տեղի ունեցել Վրաստանում, Ձեր կազմակերպած Ալեգրովայի համերգը չի կայացել:
- Նույն իրավիճակը չէ, եւ չի հետաձգվել համերգը, այլ հանվել է, իսկ գումարներն էլ վերադարձվել են: Դա նույն բանը չէ, համերգ է հանվել համերգից մեկ ամիս առաջ, եւ վերադարձվել են մարդկանց տոմսերի գումարները: Մենք կազմակերպիչն ենք, եւ մենք ենք որոշում կայացրել, որ չենք ցանկանում այնտեղ համերգ անել: Իսկ այստեղ անձամբ Իրինա Ալեքսանդրովնայի առողջության հետ էր կապված խնդիրը, եւ նա Հայաստան էր եկել համերգից մեկ օր առաջ եւ 2 օր եղել է բժիշկների հսկողության տակ` հյուրանոցում:
- Ի վերջո, ապրիլի 6-ի համերգը հստա՞կ է:
- Այո, նույն տեղում, իսկ եթե ինչ-որ փոփոխություն լինի, մենք կհայտարարենք:
ԱԼԵԳՐՈՎԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԳԻՇԵՐԵԼ Է ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ
«Իրավունքը» զանգահարեց նաեւ «Իմպերիալ» հյուրանոց, որտեղից մեզ հստակ ասացին, որ Ալեգրովան եկել է եւ մի քանի օր գիշերել իրենց հյուրանոցում.
«Այո, մեզ մոտ նա բնակվել է, համերգից առաջ եկել է` չկայացած համերգից հետո գնացել շատ վատառողջ վիճակում»:
Հյուրանոցի աշխատակցուհին միայն ասաց այսքանն ու հավելեց, որ իրավասու չէ ավելին ասելու, առավել մանրամասներ կհաղորդեն համերգի կազմակերպիչներն ու հյուրանոցի տնօրենը` վաղը կայանալիք մամլո ասուլիսում:
«ՀԱՅՀԱՄԵՐԳԻՑ» ՀԵՏՈ ՉԿԱ ՈՐԵՎԷ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԿԱՌՈՒՅՑ
Այնուամենայնիվ, ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացրին, որ չկա որեւէ կառույց, որ կվերահսկի Հայաստանում կազմակերպվելիք համերգները: Այսինքն` եթե նախկինում այդ գործառույթը կատարում էր "Հայհամերգը", ապա այսօր նրան փոխարինող կազմակերպություններ գոյություն չունեն, եւ ստացվում է, որ ցանկացած ոք կարող է գերաստղերի պաստառներ ու հայտարարություններ տարածել, թե այս կամ այն գերաստղը գալիս է Հայաստան, տոմսեր վաճառեն ու վերջում հայտարարեն, թե համերգը չի կայանալու, ինչպես եղավ ոչ վաղ անցյալում Սառա Քոնորի դեպքում, երբ մինչեւ այսօր կգտնվեն մարդիկ, ովքեր դեռ սրբորեն պահում են համերգի տոմսերը, քանի որ այդպես էլ չկարողացան վերադարձնել ու կազմակերպիչներից հետ վերցնեն իրենց գումարները: Հուսանք, Ալեգրովայի համերգի դեպքը նման ավարտ չի ունենա եւ 6 հազարից 100 հազար դրամ արժողությամբ վաճառված բոլոր տոմսերի տերերը ետ կստանան իրենց գումարները:
Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

