ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՍԻՐԵԼԻԻՆ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ ՆՎԻՐԵՑ, ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆՆ ԷԼ` ՍՏԱՑԱՎ
Մեկ ամիս շարունակ աղջիկները եւ կանայք հակառակ սեռի ներկայացուցիչներից սպասելու են շնորհավորանքներ, ծաղիկներ եւ գեղեցիկ խոսքեր, քանի որ կանանց միամսյակն է: Սա տոն է, որին սպասում են ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ, որպեսզի առօրյա հոգսերից գոնե մեկ օրով ազատվեն եւ իրենց սիրելիների հետ վայելեն օրը:
Հայաստանում տարեցտարի ավելի մեծ շուքով են նշում կանանց միամսյակը, հետաքրքիր ու բազմաժանր միջոցառումներ` նվիրված միմիայն կանանց: Ծաղիկներից եւ այլ անակնկալներից զատ, յուրաքանչյուր կնոջ համար կարեւոր են ուշադրությունը եւ գեղեցիկ խոսքերը: "Իրավունքը" հետաքրքրվեց, թե հանրության համար հայտնի ու սիրված արտիստներն ինչ նվերներ են ստանում եւ նվիրում միամսյակի ընթացքում:
"ԻՄ ՆՎԵՐՆԵՐԸ ՄԻՇՏ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԵՆ ԵՎ ՃԱՇԱԿՈՎ"
Երգչուհի ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ համար կանանց միամսյակը կորցրել է իր նախկին համն ու հոտը, սակայն երգչուհին եւ նրան շրջապատող մարդիկ կարողանում են իրենց յուրաքանչյուր օրը տոն դարձնել. "Գեղեցիկ խոսքեր, ծաղիկներ ու անակնկալներ մարդիկ միշտ պետք է մատուցեն իրենց սիրելիներին, անկախ այն հանգամանքից` մարտի 8 է, թե` ապրիլի 7: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս ստացել եմ գեղեցիկ նվերներ, որոնց գերակշիռ մասը յուրօրինակ ծաղկեփնջեր են, որոնք ինձ նվիրել են իմ երկրպագուները եւ սիրելին: Իմ նվերները միշտ յուրօրինակ են եւ ճաշակով: Մարտի 8-ին աշխատանքի մեջ էի, բայց հիանալի օր անցկացրի": "ԻՆՁ ՀԱՄԱՐ ԾԱՂԻԿՆԵՐ ՆՎԻՐԵԼԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է"
Այս տարի Մարտի 8-ին դուդուկահար ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ իր սիրելիին նվիրել է ծաղիկներ. "Աշխարհի ամենագեղեցիկ նվերը ծաղիկներն են, այս տարի իմ սիրելիին գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեցի: Ինձ ծաղիկներ նվիրելը կարծես թե ավանդույթ է, երբ դրսում տեսնում եմ գեղեցիկ ծաղիկներ, դրանք անպայման բերում եմ տուն եւ նվիրում սիրելիիս: Չեմ կարող առանձնացնել, որեւէ մարտի 8, բոլորն էլ անցել են շատ լավ մթնոլորտում",- նշեց Կ. Սեյրանյանը: ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ