ԵՂԲԱՅՐԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁª ԸՍՏ ՔՆՆԻՉՆԵՐԻ
Արխիվ 12-16ԵՂԲԱՅՐԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁª ԸՍՏ ՔՆՆԻՉՆԵՐԻ
2011-ի դեկտեմբերի 28-ին հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել Գագիկ Մանուկյանը: Նույն օրը ՀՀ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` մահափորձի եւ ապօրինի կերպով զենք ձեռք բերելու դեպքի առթիվ…ՄԱՀԱՓՈՐՁ ԵՂԲՈՐ ՆԿԱՏՄԱՄԲ
Այն փաստը, որ հանցագործությունից ժամեր անց, քրեական գործը հարուցելիս, քննիչն արդեն գիտեր, որ կատարվել էր մահափորձ, եւ որ մահափորձը կատարվել էր ապօրինի ձեռք բերված զենքով, իհարկե տարօրինակ է թվում: Բայց եթե գիտեր, ուրեմն հանցագործին բացահայտելու ու հայտնաբերելու հարցը հաշված ժամերի խնդիր էր: Իսկ այդ դեպքում ինչո՞վ էր զբաղված քննությունը ամիսներ շարունակ: Մինչդեռ ամեն ինչ մինչ այդ քննչական խմբի ստեղծումը շատ ավելի պարզ էր. չորս տղամարդ նստել մի ամբողջ գիշեր խմել էին: Առավոտյան հնչել էր "Կալաշնիկովի" կրակահերթ: Կրակողը Գագիկի եղբայրն էր` Գրիգոր Մանուկյանը: Իսկ թե ինչն էր կրակոցների պատճառը եւ, ամենակարեւորը` որն էր դրանց նպատակը, միայն 5 ամիս անց սկզբից "իմացան" իրավապահները, հետո իրենց իմացած պատճառի ու նպատակի մասին տեղեկացրին մեղադրյալին, տուժողին ու վկաներին: Քննիչներն "իմացել" էին հետեւյալը. "Գրիգոր Մանուկյանը 2011 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Արտուշ Սմբատյանին պատկանող` Երեւան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգված, Միկոյան փողոցի 4-րդ շենքի 18 բնակարանում վերջինիս, Կարեն Թալանչյանի եւ գիշերը` ժամը 07:00-ին, նույն բնակարան այցելած իր եղբոր` Գագիկ Մանուկյանի հետ ալկոհոլային խմիչք օգտագործելիս են եղել: Նույն օրը` ժամը 09:00-ի սահմաններում, Գագիկ Մանուկյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, ցանկացել է լքել բնակարանը, որի կապակցությամբ Գրիգոր Մանուկյանն իր անհամաձայնությունն է հայտնել եւ փորձել է արգելել Գագիկ Մանուկյանին հեռանալ բնակարանից: Այդ առիթով նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Գրիգոր Մանուկյանն իր հետ նախապես հիշյալ բնակարան բերած սպորտային պայուսակից հանել է ապօրինի ձեռք բերած հրազեն հանդիսացող "ԱԿ" տեսակի 7.62մմ տրամաչափի ինքնաձիգը եւ Գագիկ Մանուկյանին դիտավորությամբ կյանքից ապօրինաբար զրկելու սպառնալիքներ տալուց անմիջապես հետո արձակել է կրակահերթ…":
Եվ այդպես, 5 ամսվա ջանասիրությամբ կատարված աշխատանքը ամփոփվել էր հստակ եզրակացությամբª եղբայրը դիտավորյալ էր փորձել սպանել եղբորը: Մնում էր մեկ մանրուք. դա համոզել "ուտուշ-խմուշի" մասնակիցներին:
ԻՆՉՊԵ՞Ս ԷԻՆ ՀԱՄՈԶՈՒՄ ՎԿԱՆԵՐԻՆ
Վկային համոզելու ամենաարդյունավետ ձեւը նրան բաժին հրավիրելն ու այնտեղ նրա նկատմամբ ուշադրության հատուկ միջոցներ կիրառելն է: Նախաքննության ընթացքում վկաները գրել էին այն ամենը, ինչը հաստատում էր առաջադրված մեղադրանքը, եւ պատշաճ ձեւված-կարված գործը շատ արագ հայտնվել էր դատարանում:
Միայն թե դատարանում ամեն ինչ այդքան էլ հարթ չէր: Նախª "կամակորություն" սկսեց Գրիգորը, թե ամենեւին էլ եղբորը սպանելու նպատակ չի ունեցել, եւ որ կրակահերթը` անզգուշության հետեւանքն էր: Եվ իրոք, դատարանն այդպես էլ չտեսավ եւ որեւէ նշան, փաստ, որ մինչ կրակոցները բաժակը բաժակին խփող եղբայրներն իրար մորթելու որեւէ պատճառ ունեին:
Ապա "սցենարից" դուրս եկավ վկա Արտուշ Սմբատյանըª դատարանին հայտնելով, թե ինչպես էր տվել նախաքննական ցուցմունքները. "Ինձ ծեծել են, բռնություն գործադրել իմ նկատմամբ, ասել, որ գրի այնպես, ինչպես նրանք են ասում. գրի, որ ոչ թե պատահաբար է տեղի ունեցել, այլ դիտավորությամբ, Գրիգորը ցանկացել է սպանել Գագիկին: Ես 3 օր մնացել եմ այնտեղ, ոստիկանությունում պահելու ժամանակ սնունդ չեն տվել, Կարեն Թալանչյանի հետ միասին դիմում ենք գրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ ոստիկանապետին` հայտնելով այն ամենը, թե ինչպես են մեզ հետ վարվել…":
Վերջապեսª նույնն է ասել վկա Կարեն Շուրայի Թալանչյանը` հավելելով, որ դեպքից մոտավորապես 7 ամիս հետո նոր իրեն կանչել էին ոստիկանություն` հարցաքննության, որ դրանից հետո ինքը հայտնվել էր… վերակենդանացման բաժանմունքում:
Այս գործով քննիչներն ու դատախազները բանտախցերում չեն, հետեւաբար` վկաների ցուցմունքները պետք է ընկալվեն որպես անարժանահավատ: Ավելին` ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշման համաձայն` ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների եւ քրեական գործով վարույթն իրականացնող քննիչների կողմից Արտուշ Սմբատյանին եւ Կարեն Թալանչյանին ծեծի ենթարկելու միջոցով ցուցմունքներ կորզելու եւ Արտուշ Սմբատյանին ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել էր. ձեռք չէին բերվել որեւէ փաստական տվյալներ:
Բայց այդ դեպքում ինչո՞ւ բանտախցում չեն Արտուշ Սմբատյանն ու Կարեն Թալանչյանըª դատարանում ծանրագույն հանցագործության մասին սուտ մատնություն տալու համար:
Չնայած այն բանից հետո, երբ դատարանը Գրիգոր Մանուկյանին մեղավոր չճանաչեց եղբոր նկատմամբ մահափորձ կատարելու համարª արարքը որակելով որպես առողջությանը ծանր վնաս պատճառելը, կարելի է ենթադրել, որ այս գործով հենց քննիչներն ու դատախազները պետք է բանտախցերում լինեինª վկաներից միանգամայն "հրեշտակաբարո" մեթոդներով ցուցմունքներ ստանալու համար: Բայց նման "մանրուքներին" ո՞վ է ուշադրություն դարձնում:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

