«ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏՎԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ»
Արխիվ 12-16«ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ
ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏՎԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ»
Կանանց միամսյակի շրջանակներում խիստ ակտիվացել են ֆեմինիստուհիներն ու տարատեսակ գենդերային երեւույթները: Հենց մարտի 8-ին, մինչ կանայք եւ աղջիկները անակնկալներ ու հաճոյախոսություններ էին ստանում իրենց սիրելիներից` ամուսիններից, զավակներից, հայրերից ու եղբայրներից, «Ոչ հայրիշխանությանը» կոչերով Երեւանի կենտրոնում ինչ-որ մարդիկ երթի էին ելել: Ավելին` ոգեւորված իրենց գաղափարախոսությամբ` կրկնում էին` «Ո՛չ պետությանը, ո՛չ սահմաններին»: Հերթական խայտառակ երթի մասին «Իրավունքը» զրուցեց Քաղաքական-կրոնական եւ ազգային խմբերի` Ադրբեջանի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհրդի քարտուղար, «Պատրիդա» հունական հասարակական կազմակերպության նախագահ, վերլուծաբան ԷԴՈՒԱՐԴ ՊՈԼԱՏՈՎԻ հետ, ով նախկինում ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ էր:
«ՆԱԽԿԻՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԽՈՍՔԵՐՆ ՈՒ ՆԱԽԿԻՆ ԱՐԱԾ ԳՈՐԾԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ»
-Պարոն Պոլատով, որպես օմբուդսմենի գրասենյակի նախկին ներկայացուցիչ, ինչպե՞ս եք վերաբերվում վերոնշյալ երեւույթին:
– Շատ վատ եմ վերաբերվում, երեւի դրա համար էլ ՄԻՊ-ի գրասենյակից ինձ հեռացրին: Բայց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի եւ ոչ էլ Լարիսա Ալավերդյանի օրոք մենք համարյա այդ գործերով չէինք զբաղվում` ո՛չ սեքսուալ փոքրամասնություններով, ո՛չ էլ գենդերայինով:
– Ի դեպ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ա. Հարությունյանն օրերս հարցազրույց է տվել ԼԳԲՏ համայնքին պատկանող կայքերից մեկին ու նշել, թե եկել է ժամանակը, որպեսզի պետությունը միջոցներ ձեռնարկի ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանելու համար: Ինչպե՞ս կբացատրեք սա:
– Իր խոսքերն ու նախկին արած գործերը չեն համընկնում. առաջ նա այդպես չէր մտածում: Եթե հիմա այդպես է մտածում, ես չգիտեմ, թե ինչ է կատարվել: Ուղղակի, այն հրահանգները, որոնք ժամանակին տալիս էր ի պաշտոնե, համենայնդեպս, նման երեւույթներով չէինք զբաղվում:
– Ըստ Ձեզ, ի՞նչ է փոխվել այսօր` նախկին ՄԻՊ-ի հայացքների մեջ:
– Ճիշտն ասած, ծանոթ չեմ, չեմ հետեւում, չեմ կարող ասել, միայն ուզում եմ նշել, որ մեր հունական հասարակական կազմակերպությունը դեմ է գենդերային շարժմանը, այդ ԼԳԲՏ համայնքին...
«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՎԵՐՋ ԴՆԵԼ ԱՅՍ ԵՐԵՎՈՒՅԹԻՆ»
-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե պատրաստ է ամեն կերպ աջակցել սեռական փոքրամասնություններին:
– Դա միանշանակ արտաքին պատվեր է, որի նպատակն է կազմաքանդել մեր ազգային, հոգեւոր, ֆիզիոլոգիական անվտանգությունը: Մենք իրավունք չունենք դա մեզ թույլ տալու: Ընդամենը 2 միլիոն ենք եւ մինչ այսօր դիմակայել ենք` շնորհիվ մեր ազգային ու բարոյական արժեքների պահպանման: Վստահ եմ, որ Զարուհի Փոստանջյանը արտաքին պատվեր է կատարում, եւ կարծում եմ, որ ժամանակն է վերջ դնել այս երեւույթին: Գտնում եմ, որ հասարակությունը պետք է այստեղ անպայման իր խոսքն ասի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

