ԼՏՊ-Ի ՑՈՒՑԱԿԸ ՀՈՒՄՈՐ ԵՎ ՏԽՈՒՐ ՆՈՍՏԱԼԳԻԱ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
Արխիվ 12-16ԼՏՊ-Ի ՑՈՒՑԱԿԸ ՀՈՒՄՈՐ ԵՎ ՏԽՈՒՐ ՆՈՍՏԱԼԳԻԱ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
ՀԱԿԿ ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` հասկանալով, որ ընդդիմությունից «Պողոս-Պետրոս դուրս չի գալիս», որոշել է քիթը մտցնել ու կենտրոնանալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրականացվող միջոցառումների մեջ: Ավելին` նույնիսկ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի վերլուծությամբ է հանդես եկել ու, ինչպես պնդում են մեր ունեցած աղբյուրները, ԼՏՊ-ն մի լավ փնովել է այն` փետրվարի 27-ին իր մի քանի կուսակիցների ուղեկցությամբ հանդիպելով ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ: Ըստ Տեր-Պետրոսյանի` Սեւրի պայմանագիրը անհավանական երազանք է, որին հասնելու համար հայկական կողմը որեւէ շանս չունի:
Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:
Ինչպես նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պարոն Մելքոնյանը վերաբերվում, որ Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահին ուղղված իր բաց նամակում առաջարկել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի մշակման հանձնաժողովում ներառել մի քանի անձանց, որոնց թվում էր նաեւ Ցեղասպանության հարցում հայտնի իր հակահայկական ու մերժողական դիրքորոշումներով Ժիրայր Լիպարիտյանը.
– Ցավում եմ, որ Հայաստանի առաջին նախագահն այդ ամենը ճիշտ դիտանկյունից չի կարողանում նայել եւ ներկայացնել:
Ընդհանրապես, ՀՀ առաջին նախագահի առաջարկած ցուցակին մեծ մասամբ նայում եմ հումորով, եւ տխուր նոստալգիա են առաջացնում այդ ցուցակում ընդգրկված որոշ անուններ: Իսկ ինչ վերաբերում է Ժիրայր Լիպարիտյանին, ապա նա հիմա էլ բավական ակտիվ ընդգրկված է Թուրքիայի հետ տարատեսակ ծրագրերում: Նրա հարցազրույցները եւ հոդվածները շատ հաճախ կարելի է հանդիպել թուրքական մամուլում եւ թուրքական գիտական շրջանակներում, քանի որ նա ընկալվում է որպես հայ-թուրքական երկխոսության ջատագովներից մեկը: Բայց, միեւնույն ժամանակ, չեմ կարծում, որ Ցեղասպանության հռչակագիրն ունի այն թերությունները, ինչ որ նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եվ չեմ կարծում, որ Ժիրայր Լիպարիտյանի եւ մյուսների տեսակետները հայանպաստ կլինեին ու կհարստացնեին համահայկական հռչակագիրը: Ավելին` ճիշտ հակառակ կարծիքին եմ եւ նաեւ գտնում եմ, որ հռչակագիրը բավական կուռ եւ բավական ճիշտ ձեւակերպված փաստաթուղթ է: Այն կետերը, որոնք ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոցելի են, իրականում այդպես չէ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

