ԱԿՏԻՎԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. "ՊԼԱՆՇԵ՜Տ ԵՆՔ ԳՈՂԱՑԵԼ, ՊԼԱՆՇԵ՜Տ ԵՆՔ ԳՈՂԱՑԵԼ,ՊԼԱՆՇԵ՜Տ ԵՆՔ ԳՈՂԱՑԵԼ"
30-ամյա ակտիվիստ Արսեն Օհանյանը, որը հայտնի է իր անարխիստական հայացքներով ու տարբեր ակցիաների առնչությամբ հաճախ է բերման ենթարկվում ոստիկանություն, այս անգամ իր բերման ենթարկելը չի քաղաքականացրել: Պարզվում է, որ Ռուսաստանում նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել` գողության մեղադրանքով, եւ, ըստ ՀՀ ոստիկանության, դա տեղի է ունեցել այն բանից հետո, որ նրան ստորագրությամբ բաց են թողել, եւ նա անմիջապես մեկնել է Ռուսաստանից:
Իսկ ահա ինչպես է ներկայացնում տեղի ունեցածը ինքը` ակտիվիստը. "Ուրեմն, Ռուսաստան լինելու ժամանակ ձեռի վրայից գնել եմ չինական պլանշետ, տվել եմ մոտավոր 2500 ռուբլի: Հետո, հենց նույն օրը էդ պլանշետով մտել եմ "Մագնիտ" սուպերմարկետ, որտեղ տեսա վաճառքում դրած էդ նոր առած պլանշետից: Դե, հետաքրքրության համար վերցրել եմ, ուսումնասիրել, ձեռս բռնած ման եմ էկել խանութում, հետո դրել եմ տեղը: Հետո, իմ առեւտուրը անելուց հետո, դուրս գալուց խանութի պահնորդները ինձ խնդրեցին գնալ իրանց սենյակ, իբրեւ թե, ինչ-որ խնդիր կա` կապված կասսայի ու իմ գնած ապրանքների հետ: Իրանց սենյակում խնդրեցին մոտիս իրերը հանեմ, դնեմ սեղանին: Հանելուց հետո հարցրին, թե որտեղից էս պլանշետը, ասեցի, որ դրսում եմ գնել: Սրանք ասեցին, որ իրանց մոտից էդ պլանշետից են գողացել ու հիմա մտածում են, որ գողը ես եմ: Մի խոսքով, ինչքան փորձեցի սրանց համոզել, որ դրսից եմ գնել, չհավատացին ու ոստիկանություն կանչեցին: Սրանք էլ իրանց հերթին չհավատացին, որտեւ ասեցին, որ սաղ փաստերը իմ դեմ ա: Մի խոսքով, արձանագրություն կազմեցին` գողության կասկածանքով: Ես բնականաբար ոչ մի բանի տակ չեմ ստորագրել, ոչ մի ցուցմունք չեմ տվել, մտածելով, որ հետագայում կպարզեն, որ ես չեմ գողացել, այլ ընդամենը գողացված ապրանքը գնել եմ: Հետո արդեն տարան ԿՊԶ, 3 օր պահեցին էնտեղ, որ նյութեր նախապատրաստեն իմ դեմ, որից հետո ինձ պետք ա տանեին քննիչի մոտ ցուցմունք տալու: Բայց ստացվեց նենց, որ 3 օրից ինձ բաց թողեցին, չգիտեմ խի, ասեցին ազատ ես, գնա: Դրանից հետո ես հենց հաջորդ օրը վերադարձել եմ Հայաստան, հետագա գլախացավանքից խուսափելու համար": Դե արի ու հավատա, որ իրականում գողություն չի կատարել եւ պատահմամբ դրսից գնած ապրանքով մտել է այն խանութ, որտեղից պլանշետ են թռցրել: Ստացվում է "Մենք ենք, մեր սարերը" ֆիլմի սյուժեն` "պլանշե՜տ ենք գողացել, պլանշե՜տ, պլանշե՜տ":