ԱՄՆ-Ը ՆՈՐ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ Է ՀՐԱՀՐՈՒՄ
Արխիվ 12-16ԱՄՆ-Ը ՆՈՐ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ Է ՀՐԱՀՐՈՒՄ
ԱՄՆ-Ը ԶԻՆՏԵԽՆԻԿԱ Է ՏԵՂԱՓՈԽՈՒՄ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱ
Թե ԱՄՆ-ի համար ինչ տնտեսական գլոբալ հարված կարող է դառնալ Եվրոպայում ռազմական գերիշխանության վերանայում ասվածը, այսինքնª Հին աշխարհամասից զորքերը հանելը, մեկ փորձագետ չէ, որ մատնանշել է: Այսինքն, որ Ուկրաինայի, ապաª Եվրոպայի համար ռուս-ամերիկյան "պատերազմը" ԱՄՆ-ի համար իսկական գոյության պայքար է, ու Վաշինգտոնը պարզապես ստիպված է մինչեւ վերջ գնալ: Բայց նաեւ արդեն Եվրոպան է հստակ պատկերացնում, որ ինքը եւս այդ մահացու գոտեմարտի արդյունքում, ինչքան էլ որ անհավանական թվա, կարող է վերածվել փլատակների. ի վերջո երկու տարի առաջ ո՞վ կարող էր վստահաբար ասել, թե փլատակների կվերածվի եվրոպական ամենախոշոր երկիրըª Ուկրաինան: Եվ հասկանալի էª ուկրաինական ճգնաժամը քաղաքական հարթությունում պահելու այն մեծ ջանքերը, որոնք վերջին ամիսներին գործադրում են Գերմանիան ու Ֆրանսիան, հենց այդ վտանգավոր հեռանկարից խուսափելու համար է:
Մինչդեռ հենց այդ "քաղաքական հարթությունն" է, որ ԱՄՆ-ի համար դարձել է պարտության ամենակարճ ճանապարհըª հաղթանակի համար հատուկենտ լուծումներից մեկը դարձնելով զենքի մեծ քանակությունների կուտակումը Ռուսաստանի ողջ սահմանների երկայնքով: Եվ ահաª սկսեցին ի հայտ գալ փաստեր, որոնք ակնարկում են, որ այդ հարցում ԱՄՆ-ն արդեն տեսականից անցնում է գործնական հարթություն: Դեռ անցած շաբաթ կային տվյալներ, որ ԱՄՆ-ն իր պահեստարաններից իրաքյան պատերազմից կուտակված, այսինքնª բավականին առաջնակարգ զինտեխնիկայի տեղաշարժեր է սկսել: Կար ենթադրություն, որ այդ զինտեխնիկան կհասնի մինչեւ Ուկրաինա եւ Ռուսաստանի սահմանակից այլ պետություններ: Առավել եւս, որ բացի Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատարությունից, այս օրերին նաեւ աշխարհի թիվ մեկ ռուսատյաց Զբիգնեւ Բժեզինսկին ամերիկյան սենատորների առաջ ունեցած ելույթում հայտարարեց, թե "ռուսական ներխուժման հերթական օբյեկտը" կլինեն նախկին խորհրդային մերձբալթյան երկրները, կոնկրետª Լատվիան եւ Էստոնիան:
Ավելի ճիշտª ամերիկյան աշխարհաքաղաքականության սույն նահապետն իր այդ հայտարարությամբ, ըստ էության, փորձում է արդարացնել մերձբալթյան հիշատակված երկրներ զենքի մեծ ծավալներ մտցնելու Վաշինգտոնի քայլը, հաշվի առնելով, որ հենց նրա "քարոզի" պահին այդ օպերացիան արդեն իսկ ընթանում էր, եւ այս երկուշաբթի ամերիկյան Liberty Promise ռազմական բեռնանավը Լատվիա հասցրեց զինտեխնիկայի առաջին խմբաքանակըª ԱՄՆ-ում լավագույնը համարվող 120 միավոր "Աբրամս" տանկեր եւ "Բրեդլի" ԲՄՊ-ներ: Իհարկեª խոսքը համեմատաբար փոքր խմբաքանակի մասին է, առավել եւս, որ դա ամենեւին էլ այս տեխնիկայի ամենաառաջնակարգ մոդելները չեն: Սակայն մեքենաների բաց գունավորումն էլ հուշում է, որ դրանք նախատեսված են անապատային մարտերի համար, այսինքնª իրաքյան պատերազմից մնացած այն պահեստավորված զինտեխնիկան է, որի մասին հիշեցրինք: Եվ քանի որ պահեստարաններից դուրս է բերվել մի քանի հազար միավոր տեխնիկա, դժվար չէ ենթադրել, որ սրանից բացիª մոտ երկու սանյակի չափով նման խմբաքանակներ եւս կհասնեն Արեւելյան Եվրոպայի տարբեր հատվածներ: Ու եթե հավելենք, որ այս մի խմբաքանակի արժեքը գնահատվում է մի քանի միլիարդ դոլարի չափով, ապա դա էլ է հուշում, որ Վաշինգտոնն իրոք պատրաստ է գնալ ամենածայրահեղ քայլերի:
"ԱՐԵՎՄՈՒՏՔԸ "ՉԻ ՁԳԻ"
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԸ"
Թերեւսª զինտեխնիկայի հենց այս տեղաշարժերն էին պատճառը, որ անհանգստացած Եվրոպան սկսեց խոսել միավորված եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին, թերեւս այն հաշվարկով, որ դրա առկայության դեպքում ամերիկյան զորքերին Հին աշխարհամասում մնալու պատրվակ չի լինի: Փոխարենը նախագահ Օբաման այն մտքին է, թե Արեւմուտքը պետք է միասնաբար պահպանի "Ուկրաինայի ինքնիշխանությունը, նույնիսկ եթե ստիպված լինի բախվել ագրեսիայի վտանգի հետ": Պետք է նաեւ. "Ապահովել Կիեւի ենթակայության տակ գտնվող Ուկրաինայի 90 տոկոսում տնտեսական զարգացում": Կոպիտ ասածª նմանվում է հետեւյալին. Օբաման գրեթե բաց տեքստով պնդում է, որ չի էլ մտածում իր քաղաքականությունը փոխելու մասին, իսկ Եվրոպան պետք է հստակեցնի իր դիրքը: Կամ անվերապահորեն Վաշինգտոնի հետ է, բայց այդ դեպքում պետք է ֆինանսավորի ուկրաինական այդ տնտեսական զարգացումը, միաժամանակ պատրաստ լինելով մինչեւ իսկ ռուսների հետ պատերազմին: Թե հակառակ դեպքում ինչ կլինի, կարելի է կռահել. Արեւելյան Եվրոպան լցնելով ամերիկյան զինտեխնիկայով, արդեն հանգիստ կարելի է մեծ հրդեհ սկսել այդ հատվածում, որից ՆԱՏՕ-ի անդամ Արեւմտյան Եվրոպան հազիվ թե կարողանա խուսափել: Ընդ որում, նման երկու սցենարների դեպքում էլ Վաշինգտոնը կարող է Մոսկվայի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից խուսափել, հաշվի առնելով, որ միջուկային զենքի առկայության պարագայում նման հակամարտության ելքն էս գլխից է պարզ:
Թերեւս բավականին նուրբ հաշվարկ է: Միայն թե նույնիսկ այնպիսի հեղինակավոր գործիչ, ինչպիսին է ամերիկյան աշխարհաքաղաքականության գաղափարախոսներից մեկի համարում ունեցող Հենրի Քիսենջերը, լուրջ վերապահումներ ունի. "Կանադան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները եւ Հյուսիսատլանտյան դաշինքի շտաբների տղաներն իրենց խաղալիքներով ցանկանում են Ռուսաստանի հետ հակամարտություն: Տարբեր պրովոկացիաների միջոցով նրանք փորձում են Մոսկվայի հետ վարվել այնպես, ինչպես ինչ-որ աննշան տերության հետ, որին կարելի է մշտապես սադրելª միաժամանակ մնալով անպատժելի: Բայց հենց դրանում է կայանում ծայրահեղ վտանգավոր հիմարությունը...": Մինչդեռ, ըստ Քիսենջերի, իր ներկայիս բոլոր հիմնախնդիրներով հանդերձ` "Արեւմուտքը "չի ձգի" Ռուսաստանի հետ պատերազմը", եւ դա չգիտակցելն է արեւմտյան քաղաքականության "ամենամեծ հիմարությունը":
Ի դեպ, վերջերս արեւմտյան մի շարք հեղինակավոր պարբերականներ եւս Վաշինգտոնի ներկայիս արտաքին քաղաքականությունը "հիմար" էին որակել: Բայց այլ բան, որ նույնն է ասում Քիսենջերի կարգի հմուտ գործիչը, ով, ի դեպ, ամերիկյան քաղաքականության ղեկավար դեմքերից էր ԽՍՀՄ-ի կործանման ժամանակաշրջանում, այսինքնª հազիվ թե որեւէ մեկը նրան կանխակալ, ռուսական քաղաքականության լոբբինգի մեջ մեղադրի: Եվ իրոք. եթե Վաշինգտոնն անգամ մի քանի հազար միավոր ժամանակակից զինտեխնկա կենտրոնացնի Ուկրաինայում ու դրա հարեւանությամբ, ապա մեծ ժամանակ է պետք այն օգտագործելու համար մասնագետներ պատրաստելու համար ¥սեփական տանկիստներին ու հրետանավորներին Ուկրաինա ուղարկելու դեպքում ԱՄՆ-ն արդեն առաջին դեմքով ռուսների հետ ուղղակի բախման մեջ կհայտնվի¤: Բայց եթե անգամ մասնագետներ պատրաստեն, ու այդ տեխնիկան հասնի մարտադաշտ, ապա բավական է թեկուզեւ մի քանի տասնյակի չափով ասենք "Սմերչ" կայանքներª հակատանկային հրթիռներով, որ ամենակարճ ժամանակահատվածում մեկ-երկու հազար ոչ ամենաժամանակակից ամերիկյան "Աբրամս"-ներն ու "Բրեդլի"-ները մոխրակույտերի վերածվեն: Ընդ որում, դրա համար նույնիսկ կարիք չկա, որ ռուսական բանակը մտնի պատերազմի մեջ. Դոնբասի զորքերը մասնավորապես նման կայանքներ ունեն, իսկ համապատասխան հրթիռներ ուկրաինական բանակից միշտ էլ կարելի է "գրավել":
Ուժերի նման փոխհարաբերության մասին հաշվարկներ ռազմարվեստի մեծ գիտակ գերմանացիները, իհարկե, կունենան: Այսինքն, եթե անգամ ամերիկյան ռազմական տեխիկայի պատճառով Ուկրաինայում եւ նույնիսկª մերձբալթյան տարածաշրջանում որոշակի բախումներ առաջանան, Եվրոպան դեռ կպահպանի ընտրության հնարավորությունը. մտնե՞լ այդ թոհուբոհի մեջ, թե բավարարվել միայն "ռուսական ագրեսիան" դատապարտողի ու այդ բոլոր հակամարտությունները շուտափույթ դադարեցնել պահանջող միջնորդի դերով: Իհարկեª երկրորդ տարբերակն է ավելի ռեալ, առավել եւս, որ տարածաշրջան ամերիկյան զենք մտցնելուց հետո մի կարճաժամկետ պատերազմը, թերեւս, Բեռլինի սրտովն էլ կլիներ. նախª ուկրաինացիներին զենք տալու ամերիկյան շանտաժն այդպիսով կվերանար, ապա` եթե Կիեւը մի քիչ էլ տարածք կորցնի, շատ ավելի մեծ պատրաստակամությամբ ընդառաջ կգնա Եվրոպայի զինադադարային կոչերին: Եվ, վերջապես, դժվար չէ կռահել, որ այդ իրավիճակը նաեւ Մոսկվայի համար միանգամայն նոր դիրքեր է ստեղծում: Դե եթե Սպիտակ տունն էլ իր զինտեխնիկայով նպաստում է դրան, ապա Քիսենջերի "ծայրահեղ վտանգավոր հիմարություն" արտահայտությունն ակսում է ավելի հասկանալի դառնալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

