ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ "ԱՍԵԼՈՒ" ՉՈՒՆԻ
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ "ԱՍԵԼՈՒ" ՉՈՒՆԻ
Իսկ ահա արդեն նախկին ԲՀԿ-ական պատգամավոր ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ (Բելաջոյի Գրիշ), խմբակցության անդամակցությունը դադարեցնելու մասին մի քանի հարց ուղղելու հնարավորություն ունեցանք:
-Մինչ ԲՀԿ խմբակցության Ձեր անդամակցությունը դադարեցնելը, ձեր ընտրողների հետ քննարկե՞լ եք այդ հարցը:
– Չեմ կարծում, որ խմբակցությունից դուրս գալը պետք է քննարկել ընտրողների հետ, քանի որ նրանք ավելի լուրջ ու առաջնային խնդիրներ ունեն, քան թե իրենց պատգամավորը որ խմբակցությունում է: Բացի այդ` ես ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով: Ավելին ասեմ` երբ ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահը հանդիպեց իմ ընտրատարածքի ընտրողների հետ, ասաց, որ ինքն էլ է պաշտպանում ինձ: Այնպես որ, ՀՀԿ-ի ձայներն էլ ինձ եկավ:
– Հնարավո՞ր է անդամակցեք ՀՀԿ-ին:
– Ընդհանրապես, ոչ մի կուսակցության չեմ անդամակցելու: Մի անգամ անդամակցել եմ ՕԵԿ-ին, որից դուրս եկա 2006-ին, քանի որ այն դարձավ ընդդիմադիր: Դրանից հետո խոստացել եմ` չանդամակցել որեւէ մի կուսակցության, քանի որ հասկացա` կուսակցականությունն ինձ համար կարեւոր չէ:
– Այնուամենայնիվ, ինչո՞ւ դուրս եկաք ԲՀԿ-ից:
– Ես ինքս եմ որոշում կայացնում եւ որեւէ մեկին պատասխանատու չեմ իմ կայացրած որոշումների համար:
– Կարող էիք ԲՀԿ-ից դուրս գալ ավելի շուտ, ոչ թե ՀՀԿ-ԲՀԿ լարված օրերին:
– Այդպես հարմար գտա, այդպես արեցի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

