ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ "ԱՍԵԼՈՒ" ՉՈՒՆԻ
Իսկ ահա արդեն նախկին ԲՀԿ-ական պատգամավոր ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ (Բելաջոյի Գրիշ), խմբակցության անդամակցությունը դադարեցնելու մասին մի քանի հարց ուղղելու հնարավորություն ունեցանք: -Մինչ ԲՀԿ խմբակցության Ձեր անդամակցությունը դադարեցնելը, ձեր ընտրողների հետ քննարկե՞լ եք այդ հարցը: – Չեմ կարծում, որ խմբակցությունից դուրս գալը պետք է քննարկել ընտրողների հետ, քանի որ նրանք ավելի լուրջ ու առաջնային խնդիրներ ունեն, քան թե իրենց պատգամավորը որ խմբակցությունում է:
Բացի այդ` ես ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով: Ավելին ասեմ` երբ ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահը հանդիպեց իմ ընտրատարածքի ընտրողների հետ, ասաց, որ ինքն էլ է պաշտպանում ինձ: Այնպես որ, ՀՀԿ-ի ձայներն էլ ինձ եկավ: – Հնարավո՞ր է անդամակցեք ՀՀԿ-ին: – Ընդհանրապես, ոչ մի կուսակցության չեմ անդամակցելու: Մի անգամ անդամակցել եմ ՕԵԿ-ին, որից դուրս եկա 2006-ին, քանի որ այն դարձավ ընդդիմադիր: Դրանից հետո խոստացել եմ` չանդամակցել որեւէ մի կուսակցության, քանի որ հասկացա` կուսակցականությունն ինձ համար կարեւոր չէ: – Այնուամենայնիվ, ինչո՞ւ դուրս եկաք ԲՀԿ-ից: – Ես ինքս եմ որոշում կայացնում եւ որեւէ մեկին պատասխանատու չեմ իմ կայացրած որոշումների համար: – Կարող էիք ԲՀԿ-ից դուրս գալ ավելի շուտ, ոչ թե ՀՀԿ-ԲՀԿ լարված օրերին: – Այդպես հարմար գտա, այդպես արեցի: ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ