ԲՀԿ-Ն ԼՔԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱ՞Ն
Արխիվ 12-16ԲՀԿ-Ն ԼՔԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱ՞Ն
ԲՀԿ-ից արտահոսքը շարունակվում է: Կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել արդեն պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը, ով տղամարդավարի խոստացել էր ԲՀԿ նորընտիր առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին` մնալ կուսակցությունում: "Իրավունքին" դեռ չի հաջողվել կապ հաստատել Արայիկ Աղաբաբյանի հետ, քանի որ նա ԲՀԿ-ն լքած պատգամավորների նման հեռախոսազանգերի չի պատասխանում:
Բացի Աղաբաբյանից` փորձեցինք կապ հաստատել ԲՀԿ-ն լքած այլ պատգամավորների հետ, որոնք հանրությանը, ավելի կոնկրետ` իրենց ընտրողներին, այդպես էլ հիմնավորում չեն ներկայացրել` ինչու են լքում կուսակցությունը: Նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) կարծես որոշել է լրատվամիջոցների հետ հաղորդակցվել իր վարորդի միջոցով: "Իրավունքի" հետ զրույցում Կարապետյանի վարորդը շատ ուշադիր լսելով, որ իրեն լրագրող է զանգահարել, ասաց. "Ազիզ ջան, ի՞նչ փոխանցեմ": Ասացինք, որ մի քանի հարց պետք է ուղղենք Կարո Կարապետյանին: "Ազիզ ջան, ինքը դուրս է եկել առավոտվանից, չգիտեմ` ուր է գնացել: Հեռախոսն ինձ մոտ է թողել: Ձեզ ե՞րբ զանգահարի` այսօր, թե՞ վաղը",- կեղծ ափսոսանքի տոնով հարցրեց վարորդը:
Հետաքրքրվեցինք` ո՞ւր է գնացել Կարո Կարապետյանը, ինչպես կարող ենք կապ հաստատել: "Չեմ կարող ասել, ազիզ ջան, դուրս է եկել: Օրվա ընթացքում զանգահարեք",- ասաց պատգամավորի վարորդն ու անջատեց հեռախոսը:
Նախկին ԲՀԿ-ական պատգամավորները` Ռուստամ Գասպարյանը, Աբրահամ Մանուկյանը, Մուշեղ Պետոյանը, Հարություն Ղարագոզյանը, Բազմասեր Առաքելյանը, ում փոխարեն հեռախոս է վերցնում օգնականը, եւս ընդհատակ են անցել:
Կես կատակ-կես լուրջ, վերոնշյալ պատգամավորները արժանացել են Խաչատուր Աբովյանի ճակատագրին` դուրս են եկել ԲՀԿ-ից եւ չեն վերադարձել: Նախկին ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանն էլ լսելով իր ազգանունը` ասաց, որ սխալ ենք զանգահարել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

