ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ԲՀԿ-Ի ԿՈՂՔԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ԲՀԿ-Ի ՀԵՏ
Արխիվ 12-16ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ԲՀԿ-Ի ԿՈՂՔԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ԲՀԿ-Ի ՀԵՏ
Գագիկ Ծառուկյանը, թեպետ իր հայտնի ելույթում նշեց, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից, բայց, այնուամենայնիվ, նրա հետագա անելիքների վերաբերյալ որոշակի հարցերի պատասխաններ առ այսօր անհայտ են: Դրանցից մի քանիսը փորձեցինք պարզել Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻՑ:
-Գագիկ Ծառուկյանը պատրաստվո՞ւմ է մանդատը վայր դնել եւ կուսակցությունից դուրս գալ, թե՞ կշարունակի լինել ԲՀԿ-ում` որպես շարքային պատգամավոր եւ կուսակցության անդամ:
– Մարտի 5-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ 8-րդ համագումարի ժամանակ պարոն Ծառուկյանը, ինչպես գիտեք, հայտարարել է, որ այլես չի զբաղվելու ակտիվ քաղաքականությամբ ու վայր է դնում կուսակցության, ինչպես նաեւ խմբակցության ղեկավարի լիազորությունները: Եվ բառացիորեն մեջբերում եմ պարոն Ծառուկյանի ասածը, որ այլեւս որեւէ կապ չունի ԲՀԿ-ի հետ: Դա ենթադրում է նաեւ կուսակցական պատկանելության դադարեցում, որի մասին համապատասխանաբար տեղյակ է պահել պարոն Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդին: Տեխնիկական մանրամասների մասին տեղյակ չեմ, այսինքն` գրվել է այդ մասին համապատասխան դիմում, թե` ոչ, սակայն պարոն Ծառուկյանն իր գործունեությունը Ազգային ժողովում շարունակում է որպես անկուսակցական, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր:
– Այսինքն` մանդատ վայր դնելու հարց չի՞ քննարկվելու:
– Ոչ, նման հարց չկա:
– Իսկ ճի՞շտ են տարածված այն լուրերը, որ մարզերում, ինչպես նաեւ Երեւանում եղած ԲՀԿ գրասենյակների գույքը պարոն Ծառուկյանը նույնպես հետ է վերցնում:
– Ինքս այդ մասին մամուլից եմ տեղեկացել եւ գործնականում այս պահին չունեմ նման տեղեկատվություն: Ես կխնդրեմ, որ ԲՀԿ գրասենյակների գործունեության հետ կապված` փորձեք հստակեցնել ԲՀԿ ղեկավարությունից` արդյոք գրասենյակներում իրականացվում է նման գործընթաց, թե` ոչ:
– Փաստորեն, Գ. Ծառուկյանի կողմից նման խնդիր չի՞ դրվել:
– Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, եթե դրվել է...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

