Գագիկ Ծառուկյանը, թեպետ իր հայտնի ելույթում նշեց, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից, բայց, այնուամենայնիվ, նրա հետագա անելիքների վերաբերյալ որոշակի հարցերի պատասխաններ առ այսօր անհայտ են: Դրանցից մի քանիսը փորձեցինք պարզել Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻՑ: -Գագիկ Ծառուկյանը պատրաստվո՞ւմ է մանդատը վայր դնել եւ կուսակցությունից դուրս գալ, թե՞ կշարունակի լինել ԲՀԿ-ում` որպես շարքային պատգամավոր եւ կուսակցության անդամ: – Մարտի 5-ին կայացած "Բարգավաճ Հայաստան" կուսակցության արտահերթ 8-րդ համագումարի ժամանակ պարոն Ծառուկյանը, ինչպես գիտեք, հայտարարել է, որ այլես չի զբաղվելու ակտիվ քաղաքականությամբ ու վայր է դնում կուսակցության, ինչպես նաեւ խմբակցության ղեկավարի լիազորությունները:
Եվ բառացիորեն մեջբերում եմ պարոն Ծառուկյանի ասածը, որ այլեւս որեւէ կապ չունի ԲՀԿ-ի հետ: Դա ենթադրում է նաեւ կուսակցական պատկանելության դադարեցում, որի մասին համապատասխանաբար տեղյակ է պահել պարոն Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդին: Տեխնիկական մանրամասների մասին տեղյակ չեմ, այսինքն` գրվել է այդ մասին համապատասխան դիմում, թե` ոչ, սակայն պարոն Ծառուկյանն իր գործունեությունը Ազգային ժողովում շարունակում է որպես անկուսակցական, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր: – Այսինքն` մանդատ վայր դնելու հարց չի՞ քննարկվելու: – Ոչ, նման հարց չկա: – Իսկ ճի՞շտ են տարածված այն լուրերը, որ մարզերում, ինչպես նաեւ Երեւանում եղած ԲՀԿ գրասենյակների գույքը պարոն Ծառուկյանը նույնպես հետ է վերցնում: – Ինքս այդ մասին մամուլից եմ տեղեկացել եւ գործնականում այս պահին չունեմ նման տեղեկատվություն: Ես կխնդրեմ, որ ԲՀԿ գրասենյակների գործունեության հետ կապված` փորձեք հստակեցնել ԲՀԿ ղեկավարությունից` արդյոք գրասենյակներում իրականացվում է նման գործընթաց, թե` ոչ: – Փաստորեն, Գ. Ծառուկյանի կողմից նման խնդիր չի՞ դրվել: – Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, եթե դրվել է... ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ