ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
Արխիվ 12-16ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻՑ
ԱՆՏԵՂՅԱԿ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
Մինչ տեղական ու միջազգային մամուլը, պաշտոնական հաղորդագրությունները թնդում են այն տեղեկությունից, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրավերով մարտի 12-ին Աստանա են մեկնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պարզվում է` ԱԳՆ-ում կա մեկը, ով բոլորովին տեղյակ չէ այս ամենից:
Երեկ «Իրավունքը» Ազգային ժողովում հանդիպելով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ` փորձեց պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ վերոնշյալ հանդիպմանը չի մասնակցում Հայաստանը: Սակայն, պարոն Նազարյանը բարեկիրթ ժպտաց ու ասաց, որ ինքը տեղյակ չէ, քանի որ հարցն իր լիազորությունների տիրույթում չի գտնվում: Ավելին` մեր զրույցն անգամ մի պահ հիշեցրեց «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը, քանի որ պարոն փոխնախարարը տվեց մեզ հարց փոխելու իրավունք: Բայց, «ցավոք», այլ հարցերի փոխարեն, մեզ մեր հարցի պատասխանն էր հետաքրքիր: Ինչեւէ, եթե այսպիսի պատասխան ստանայինք նախարարության` ասենք Աֆրիկայի երկրների վարչության պետից, մի կերպ հնարավոր կլիներ ըմբռնումով մոտենալ, բայց այս դեպքում անտեղյակ էր ԱԳ փոխնախարարը, ինչը լուրջ մտածելու տեղիք պետք է տա, համենայնդեպս գոնե ԱԳՆ-ին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

