Ինչ ասես կարելի է հայտնաբերել "Ֆեյսբուքում", նույնիսկ` վիրտուալ մասոնական օթյակ: Այդպիսին գործում է արդեն շուրջ 5 տարի, կոչվում է "Քնքշություն հայկական բաց օթյակ", ուր այս պահի դրությամբ առցանց ընդգրկված են շուրջ 160 հոգի: Նպատակները դրված են կատակի տեսքով. "Գերագույն Մասոնական Բաց-Օթյակ:
Միայն Հայերի Համար: Կենտրոնակայանը` Մեծն ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ: Մասոնական Փակ Գաղտնի Կազմակերպություն, զուտ Հայկական ծագում ունեցողների համար: Կազմակերպությանը կարող է անդամակցել յուրաքանչյուրը, ով ապացույց ունի, որ Հայ է ու Մասոն, կամ որեւէ առնչություն ունի Շինարարության հետ": Ինչ վերաբերում է կազմին, ապա մի մասը` լրագրողներ են եւ բլոգերներ, մի մասը` տարատեսակ կասկածելի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կատակ-կատակ, սակայն այդ վիրտուալ մասոնական օթյակը կարող է նաեւ ծառայել հարթակ` շփումները կազմակերպելու: Ճիշտ է, բացառությամբ մի քանի հոգու, այդտեղ իրական մասոններ չկան, սակայն, ինչու չէ, այդ կեսկատակ առցանց խումբը կարող է բավականին հարմար լինել` հավաքագրելու պիտանի մարդկանց հայտնաբերելու նպատակով: