"Իրավունքը" "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ պարզեց` ինչու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի ելույթի ժամանակ կոդավորված քննադատեց իր նախկին գործընկերներին` այդ թվում "Ժառանգության" առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին` նրան որակելով որպես "Պուտինի հրաժարականը կրծքի տակ պահած": Թեւան Պողոսյանի խոսքով` Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկացած ելույթ պետք է լսել, ծալել-դնել մի կողմ ու շարունակել ճանապարհը:
"Տեր-Պետրոսյանն այն մարդն է, ում խոսքն արժե լսել, բայց դրանով պետք չէ տառապել",- ասաց քաղաքական գործիչը, ապա հավելեց, որ անձերին կպնելն ու նրանց խոսքը մեկնաբանելն իրեն բնորոշ չէ: Մեր մյուս հարցին` արդյո՞ք մարտի 1-ն այն օրն էր, որ կարելի էր կոդավորված հեգնել քաղաքական որոշ գործիչներին, Թեւան Պողոսյանն ասաց, որ դեռ հարց է` Տեր-Պետրոսյանն իրե՞ն վնասեց այդ ելույթով, թե նրա կողմից քննադատված գործիչներին: "Ես չեմ կարծում, թե այդ ելույթով ինքը վնաս տվեց այդ քաղաքական գործիչներին: Բայց կարող է իրեն էլ վնաս չի տվել, չգիտեմ",- եզրափակեց քաղաքական գործիչը: