ՈՒՐ Է ԳՆՈՒՄ ՆՈՐԱՑՎԱԾ ԲՀԿ-Ն
Արխիվ 12-16ՈՒՐ Է ԳՆՈՒՄ
ՆՈՐԱՑՎԱԾ ԲՀԿ-Ն
Այն բանից հետո, որ Ծառուկյանը հեռացավ ԲՀԿ-ից եւ քաղաքականությունից, կուսակցությունից սկսվեց մեծ արտահոսք: Հեռացան մի շարք պատգամավորներ, իսկ հեռացած քաղաքապետերը, գյուղապետերը եւ ավագանիները պատկառելի ցուցակ են կազմում: Առայժմ այդքան էլ հստակ չէ, թե ինչ քաղաքական ուղեգիծ է որդեգրելու ԲՀԿ-ն, հայտնի է միայն, որ պաշտոնապես հռչակվել է ընդդիմադիր: Բայց քանի՞ տեսակի ընդդիմադիր գոյություն ունի, եւ դրանցից ո՞ր մեկն է համապատասխանելու ԲՀԿ-ի նոր նկարագրին:
ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՔԱՇՎՈՒՄ ԵՆ ՄԻ ԿՈՂՄ
Այն, որ ԲՀԿ-ն այլեւս Ռոբերտ Քոչարյանի հետ չի կապվում, երեւաց Վարդան Օսկանյանի հեռացումով: Սիվիլիթասիչը մեծ մուննաթով հայտարարություն տարածեց եւ հեռացավ ԲՀԿ-ից: Իսկ արդյո՞ք ԲՀԿ-ից դուրս ինչ-որ մի միավորում ձեւավորվելու է: Դրա վերաբերյալ կարող ենք պատկերացում կազմել` դիտարկելով նույն թիմի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանի դիրքորոշումը. "Ես կայացրել եմ իմ անձնական որոշումը. կուսակցական, ներկուսակցական, միջկուսակցական ներքաղաքական հարաբերություններում ես չկամ: Տեսանելի ապագայում ես չեմ ներգրավվելու ներքաղաքական որեւէ ձեւաչափում կամ գործընթացում": Ավելին, ըստ պատգամավորի. "Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ վարկանիշի գագաթնակետին Ծառուկյանը կարող է մեկ օրում որոշել հեռանալ քաղաքականությունից": Ի դեպ, այդ` գագաթնակետին հեռանալու մասին խոսում է եւ արեւմտամետ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը` շեշտելով, որ Ծառուկյանը չօգտագործեց իր "աստեղային ժամը" ու փետրվարի 13-ին, ի պատասխան Սերժ Սարգսյանի ելույթի` հրապարակը չողողեց տասնյակ հազարավոր ցուցարարներով եւ չսկսեց քաղաքացիական անհնազանդության գործընթաց:
Ըստ էության` քոչարյանական թիմում շատ սթափ գնահատել են իրավիճակը` որ, եթե Գագիկ Ծառուկյանի հսկայական ռեսուրսով հանդերձ, կտրուկ քաղաքական քայլեր չեն արվել, ապա այժմ, երբ "առյուծ եղբայրը" կապիտուլյացիայի է ենթարկվել, տեսանելի ապագայում անմտություն կլինի որեւէ կոնկրետ քայլ անելը:
ՀՅՈՒՍԻՍ, ԹԵ ԱՐԵՎՄՈՒՏՔ
ԲՀԿ-ից հեռացածների մեծ մասը կամ գործարարներն ու կարիերիստներն են, ովքեր համարել են, որ ընդդիմադիր դաշտում ընդհանրապես անելիք չունեն, կամ քոչարյանաօսկանյանական "նարնջագույն" թեւը:
Սակայն ներկուսակցական վայրիվերումները դրանով չեն ավարտվում: Այսպես, Տիգրան Ուրիխանյանը, ով այդ կատեգորիաներից եւ ոչ մեկին չի պատկանում, վայր դրեց կուսակցության մամլո խոսնակի լիազորությունները, ինչպես նաեւ հրաժարվեց ԲՀԿ խմբակցության քարտուղար լինելու առաջարկից: Նա չի էլ թաքցնում, որ իր կարծիքով` մինչեւ վերջ կատարել է կուսակցության նկատմամբ իր պարտքը, իսկ "երբ փոխվեց իրավիճակը, առավել եւս հիմա, բոլոր նրանք, ովքեր լքում են կուսակցությունը ունեն դրա բարոյական իրավունքը":
Այսինքն, կարելի է ենթադրել, որ կուսակցության ներսում հստակության պակաս կա: Կան նաեւ "հին տաշտակից" չհրաժարված, կամ դեռեւս հոգեբանորեն դրանից հեռու կադրեր: Այսպես, ըստ ԲՀԿ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Բաբայանի` "ընդդիմադիր քաղաքական ուժերը համոզված են, որ իրենց ծրագրերը կարող են կյանքի կոչվել միայն իշխանափոխության դեպքում: Այնպես որ, ընդդիմության նման պահվածքն ունի օբյեկտիվ պատճառներ":
Խոսնակը խոստովանում է, որ կուսակցությունը դեռ խնդիր ունի հասկանալու, թե ինչպես պետք է շարունակի: Սակայն նրա խոսքից պարզ է դառնում, որ կուսակցությունում մնացած կոնտինգենտի շրջանակում հին կարծրատիպերը դեռ ուժեղ են, եւ, եթե իրավիճակը թույլ տա, ապա շատ արագ մի կողմ կնետեն "կառուցողական ընդդիմության" մոդելը եւ կվերադառնան արմատական տարբերակին:
Ի դեպ, վերը հիշատակված քաղաքագետ Արմեն Գրիգորյանը ԲՀԿ-ի համար այլ ապագա չի տեսնում, բացի նրանից, որ դառնան Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի հետեւից գնացող: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Նաիրա Զոհրաբյանը ընդունելի համարի այդպիսի տարբերակը, բայց պարզ է, որ նորացված ԲՀԿ-ի հետ աշխատանքներ անցկացնողներ կլինեն, եւ քիչ չեն լինի նրանք, ովքեր դրդելու են որդեգրել արեւմտամետ վեկտոր:
Դե, իսկ ինչ է իրենից ներկայացնում արեւմտամետ ուղղությունը, պարզ երեւում է Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական "ուրբաթախոսությունից"` Ազատության հրապարակում: Սխեման հետեւյալն է` քանի որ ռուսները Հայաստանին չեն հանձնում հանցագործ Պերմյակովին, ապա ռուսական բազան պետք է չհամարվի մեր անվտանգության երաշխավոր եւ պետք է հեռանա: Իսկ ինչ վերաբերում է ԼՏՊ-ին, ապա վերջինս թեեւ առերես ներկայանում է որպես ԵՏՄ կողմնակից, այնուամենայնիվ, նրա մոտ առանցքայինը "հայ-թուրքական հաշտության" ամերիկյան ծրագիրն է:
Հիմա ո՞ւր կկողմնորոշվի ԲՀԿ-ն, դեպի հյուսի՞ս, թե՞ դեպի արեւմուտք. կարծում ենք հարցի պատասխանն այդքան էլ չի ուշանա:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

