ԲՀԿ -Ն ԼՔԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ՞Ն
Արխիվ 12-16ԲՀԿ -Ն ԼՔԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ՞Ն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից արտահոսքը շարունակվում է: Այսօր կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել արդեն նախկին ԲՀԿ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը, ով լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ տղամարդավարի խոստացել էր ԲՀԿ նորընտիր առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին մնալ կուսակցությունում, սակայն տիկին Զոհրաբյանի հետ զրույցից մի քանի ժամ հետո Աղաբաբյանը լքեց կուսակցությունը:
«Իրավունքին» դեռ չի հաջողվել կապ հաստատել Արայիկ Աղաբաբյանի հետ, քանի որ նա ԲՀԿ-ն լքած պատգամավորների նման հեռախոսազանգերի չի պատասխանում: Բացի Աղաբաբյանից` փորձեցինք կապ հաստատել ԲՀԿ-ն լքած այլ պատգամավորների հետ, որոնք հանրությանը, ավելի կոնկրետ` իրենց ընտրողներին, այդպես էլ հիմնավորում չեն ներկայացրել` ինչու են լքում կուսակցությունը: Նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) կարծես որոշել է լրատվամիջոցների հետ հաղորդակցվել իր վարորդի հետ: «Իրավունքի» հետ զրույցում Կարապետյանի վարորդը շատ ուշադիր լսելով, որ իրեն լրագրող է զանգահարել, ասաց. «Ազիզ ջան, ինչ փոխանցեմ»: Ասացինք, որ մի քանի հարց պետք է ուղղենք Կարո Կարապետյանին: «Ազիզ ջան, ինքը դուրս է եկել առավոտվանից, չգիտեմ` ուր է գնացել: Հեռախոսն ինձ մոտ է թողել: Ձեզ երբ զանգահարի` այսօր, թե՞ վաղը»,- կեղծ ափսոսանքի տոնով հարցրեց վարորդը:
Հետաքրքրվեցինք` ո՞ւր է գնացել Կարո Կարապետյանը, ինչպես կարող ենք կապ հաստատել: «Չեմ կարող ասել, ազիզ ջան, դուրս է եկել: Օրվա ընթացքում զանգահարեք»,-ասաց պատգամավորի վարորդն ու անջատեց հեռախոսը:
Նախկին ԲՀԿ-ական պատգամավորները` Ռուստամ Գասպարյանը, Աբրահամ Մանուկյանը, Մուշեղ Պետոյանը, Հարություն Ղարագոզյանը, Բազմասեր Առաքելյանը, ում փոխարեն հեռախոս է վերցնում օգնականը, եւս ընդհատակ են անցել:
Կես կատակ, կես լուրջ վերոնշյալ պատգամավորները արժանացել են Խաչատուր Աբովյանի ճակատագրին`դուրս են եկել ԲՀԿ-ից եւ «չեն վերադարձել»: Նախկին ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանն էլ լսելով իր ազգանունը, ասաց, որ սխալ ենք զանգահարել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

