ՍՈՑԻՈԼՈԳ. «ԲՀԿ-Ն ՊԵՏՔ Է ՄԱՆ ԳԱ ՆՈՐ ՄՈՎՍԵՍԻ, ՈՐՆ ԻՐԵՆՑ ԿՏԱՆԻ ԱՎԵՏՅԱՑ ԱՓԵՐԸ»
Արխիվ 12-16ՍՈՑԻՈԼՈԳ. «ԲՀԿ-Ն ՊԵՏՔ Է ՄԱՆ ԳԱ ՆՈՐ ՄՈՎՍԵՍԻ, ՈՐՆ ԻՐԵՆՑ ԿՏԱՆԻ ԱՎԵՏՅԱՑ ԱՓԵՐԸ»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն «Իրավունքի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի`ԲՀԿ-ից դուրս գալուց հետո կուսակցությունից բարեկեցիկ Հայաստան ակնկալող զանգվածը կհեռանա: «Գաղափարական միավորում կդառնա ԲՀԿ-ն, որը դժվարանում եմ ասել` ինչով կներկայանա հանրությանը: Եթե ֆինանսավորումը դադարեցվի, արդյո՞ք ԲՀԿ-ն կարող է պահպանել այդ ամբողջ ենթակառուցվածքները»,- ասաց սոցիոլոգը, ով չի բացառում, որ ԲՀԿ-ն արժանանա «Հանրապետություն» միավորման ճակատագրին:
Ըստ Ադիբեկյանի`վերակազմավորված ԲՀԿ-ն լավագույն դեպքում կխոսի մարդու իրավունքներից, արդարության մասին, բայց դրանք այլ օպերայի արիաներ են, որոնք արդեն ոչ ոք չի լսում:
Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ից դուրս գալը, ըստ Ադիբեկյանի, պայմանավորված չէ Նաիրա Զոհրաբյանի գործոնով: «Նա արմատական ընդդիմություն էր անգամ Գագիկ Ծառուկյանի ժամանակ»,- ասաց մեր զրուցակիցը:
Արդյոք կկարողանա՞ ԲՀԿ-ն պահպանել իր կայուն ընտրազանգվածը, սոցիոլոգը դժվարացավ պատասխանել. «Իրենք (նկատի ունի ԲՀԿ-ականներին-խմբ.) պետք է ման գան նոր Մովսեսի, որն իրենց կտանի Ավետյաց ափերը: Հիմա դա կլինի հին Լեւոնը, թե չհաջողված Րաֆֆի Հովհաննիսյանը, թե արդեն նոր դեմք հանդես կգա, դժվարանում եմ ասել»:
ՕԵԿ-ի ակտիվության մասին խոսելիս էլ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ այդ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի վարկանիշն ավելանում է. «Ընդդիմադիր դաշտը կորցրել է միավորող առանցքը, որի դերում Ծառուկյանն էր փորձում հանդես գալ: Մեկ էլ տեսար Արթուր Բաղդասարյանը դառնա այդ առանցքը, քանի որ նա ունի ֆինանսական կարողություն»:
Անդրադառնալով 2008-ին նախագահական ընտրություններից հետո իշխանության հետ Ա. Բաղդասարյանի տարիներ շարունակ համագործակցելուն` պրն Ադիբեկյանի խոսքով`հանրությունը նման նրբությունների մեջ չի խորանում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

