ԱԼԵՔՍԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Արխիվ 12-16ԱԼԵՔՍԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Իր ուժերի ծաղկման շրջանում, երկարատև, ծանր հիվանդությունից հետո վախճանվեց ՀՀ պետական, քաղաքական հայտնի գործիչ Ալեքսան Համբարձումի Կարապետյանը:
Ա. Կարապետյանը ծնվել է 1950 թ. փետրվարի 28-ին, Երևանում: Սովորել է Ղ. Աղայանի անվան միջնակարգ դպրոցում: 1965 թ. ընդունվել և ավարտել է Երևանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումի Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը, ստացել է տեխնիկ-էլեկտրամեխանիկի որակավորում: 1969 թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը, 1974 ավարտել և ստացել է ինժեներ-տնտեսագետի որակավորում:
1974-1976 թթ. Պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական հիդրոլոգիայի ամբիոնում աշխատել է որպես ավագ լաբորանտ: 1975 թ. որպես ուսանողական շինարարական զոնալ 1000 հոգանոց ջոկատի հրամանատար մեկնել է Ղազախական ՍՍՀ-ի Կոկչետավի մարզ: 1976-1980 թթ. ընտրվել և աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի 14 հազարանոց ԼԿԵՄ կոմիտեի երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար:
1980-1985 թթ. ընտրվել և աշխատել է հանրապետության շինարարական ամենախոշոր (10 հազարանոց) կազմակերպության՝ «Երևանշին» արտադրական - շինմոնտաժային միավորման, կուսկոմիտեի երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղարը: 1985-1990 թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմի շինարարության և քաղաքային տնտեսության, ապա սոցիալ-տնտեսական բաժինների հրահանգիչ: Մասնակցել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմմանն ու իրագործմանը, վերահսկել և կոորդինացրել է հանրապետության քաղաքների ու շրջանների բնակարանային և կապիտալ շինարարության, բնակշահագործման ու կոմունալ տնտեսության ձեռնարկությունների աշխատանքները: Միաժամանակ վերահսկել է հանրապետության շինարարության, շիննյութերի արտադրության, փայտավերամշակման, կոմունալ տնտեսության նախարարությունների և Հայպետշինկոմի գործունեությունը:
1988 թ. դեկտեմբեր – մարտ ամիսներին մասնակցել է Սպիտակ քաղաքի երկրաշարժից տուժած բնակչության փրկարարական աշխատանքներին և միաժամանակ ՀԿԿ կենտկոմում կոորդինացրել է հանրապետությունում աղետի գոտու բնակարանային շինարարության ծրագրերի կազմման ու իրականացման աշխատանքները:
1991-1992 թթ. «Պրոմեթևս-Անդրնավթգազշին» ակցիոներական ընկերությունում աշխատել Է որպես վարչության պետ: 1992-1995 թթ. աշխատել է «Քաղշին» շինմոնտաժային միավորումում որպես պետի տեղակալ, միաժամանակ կոմերցիոն կենտրոնի տնօրեն: 1995-1996 թթ. եղել է «ԱԿ և Կ» ՍՊԸ-ի նախագահ: 1996-1997 թթ.՝ աշխատել է հայ-բուլղարական «Արմբոլինվեստ» համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն:
«Ազգային Միաբանություն կուսակցության» հիմնադիրներից է. առաջին համագումարում՝ 1997 թ. ապրիլին, ընտրվել է կուսակցության փոխնախագահ:
1999 թ. մայիսի 30-ին Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր է ընտրվել «Իրավունք և միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: Եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2003 թ. մայիսի 25-ին Ազգային ժողովի երրորդ գումարման պատգամավոր է ընտրվել «Ազգային Միաբանություն կուսակցության» համամասնական ընտրացուցակով, եղել է խմբակցության քարտուղար, ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2003 թվականից եղել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում և Աշխարհի Միջխորհրդարանական միությունում՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության շահերը: Հանդիսացել է Ազգային ժողովի Հայաստան-Բուլղարիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ, Բիզնեսի և պառլամենտի միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի կոորդինացնող խորհրդի անդամ, Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային գլոբալ կազմակերպության (GOPAC) հայաստանյան ազգային կառույցի անդամ:
2012 թ. հունվարից աշխատել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունում որպես նախարարի տեղակալ, 2014 թ. օգոստոսից՝ նախարարի գլխավոր խորհրդական:
Մենք խորապես ցավակցում ենք Ալեքսան Կարապետյանի հարազատներին ու մերձավորներին ծանր կորստի համար:
Ալեքսան Կարապետյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:
Արտաշես Գեղամյան, Հայկ Բաբուխանյան, Գագիկ Կոստանդյան, Կորյուն Առաքելյան, Սարգիս Մուրադխանյան, Գագիկ Թադևոսյան, Հովհաննես Գալաջյան, Վլադիմիր Մարգարյան, Արտաշես Շահվերդյան, Վիլեն Արևշատյան, Անուշավան Զաքարյան, Նորիկ Խաչատրյան, Ալեքսանդր Մելիք-Փաշայան, Լևոն Գալստյան, Ռաֆաել Արևշատյան, Զարմեն Եպիսկոպոսյան, Վաղարշակ Սիմոնյան
Հուղարկավորությունը տեղի կունենա ս.թ. մարտի 10-ին, ժամը 14.00, Սուրբ Հովհաննես եկեղեցուց (Կոնդ)

