ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ 2 ՄԵԾԱԳՈՒՅՆ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ`ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ, ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ…
Արխիվ 12-16ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ 2 ՄԵԾԱԳՈՒՅՆ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ`ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ, ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ…
Կան անուններ, կան իրադարձություններ, որոնք անջնջելի են, որոնք ապրում են հարատև` անկախ ժամանակի մոռացման հզոր ուժից, անուններ, որոնց երբևէ արխիվում հայտնվելու վտանգ չի սպառնում. օրերս Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ դահլիճում հոբելյանական երեկո էր` նվիրված հայ ժողովրդի 2 մեծագույն զորավարներ Անդրանիկ Օզանյանի 150-րդ և Վազգեն Սարգսյանի 56-րդ ամյակներին:
Համերգի ընթացքում ելույթ ունեցան ՊՆ Սպայի տան համույթը, Վ. Սարգսյանի անունը կրող Ռազմական ակադեմիայի ծառայող Դավիթ Խաչատրյանը, Արամ Մերանգուլյանի ժողգործիքների ղեկավար ՀՀ ժողովրդակական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, «Հայկազունք» համույթը, Երևանի Ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգի ու պարի
համույթը, վաստակավոր արտիստ, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Հակոբ Ջաղացպանյանը, Զարուհի Բաբայանն ու Սոֆի Դևոյանի Պարի և հոգու թատրոնը, հեղինակային երգի կատարողներ Վահան Արծրունին, Վախթանգ Հարությունյանը, Արմինե Հայրապետյանը, Գագիկ Շիբոյանը, Էդուարդ Զորիկյանը:
«Կան մարդիկ և իրադարձություններ, որոնց ներկայությունը պատմության մեջ շաղկապված է երկրի երակներին, բայց կյանքը շատ դեպքերում անհասկանալի օրենքներով նրանց դարձնում է լոկ հիշողություն…»,- կիթառի հնչյուններին շաղախված հետևյալ խոսքերով ներկայացավ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ` երեկոյի շարունակությունը փոխանցելով ՎԱԽԹԱՆԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ. «Կա մի իմաստնություն, որ կյանքի ընթացքում է տրվում, խոհեմություն, որ թույլ է
տալիս հասկանալ, թե որտեղ է պետք նահանջել, որտեղ շրջանցել… Բայց կա խելառների մի տեսակ, որ, անկախ հանգամանքերից, չի ծռվում, միգուցե այդ չծռվելու արդյունքում է, որ հպարտ-հպարտ ջլատվում են…»:
Երեկոն լի էր ազգային ոգու ու մտքի արթնացումն ապահովող երգ-երաժշտությամբ, հայրենասիրական կատարումներով, մի այնպիսի ժանրով, որն այսօր այնքան է պակասում մեզ և որի կարիքը իրապես զգացվում է…
Եվ էլի ու էլի փառք նրանց, նրանց, ովքեր, ավա՜ղ, մեր կողքին չեն, ովքեր, ցավոք, իրենց արյան գնով պահեցին հայրենիքի սահմանը, բայց նրանք ապրում են հավերժության մեջ, նրանք զարդարում են Եռաբլուրի կուրծքը…
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

