«ՈՎՔԵՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԷԻՆ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ԱՅՍՕՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»
Արխիվ 12-16«ՈՎՔԵՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԷԻՆ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ԱՅՍՕՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»
Մարտի 7-ին «Հ 3»-ի եթերում «Իրական հայացք» հաղորդման հյուրը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ էր, ով անդրադարձավ հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներին` սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանի բաց նամակներից` ուղղված ՀՀ նախագահին, մինչեւ «Բարգավաճ Հայաստանի» տապալում ու վերակենդանացում: Ըստ Ա. Բաղդասարյանի. «Գուցե Լեւոն Տեր-Պետրոսյանը խիստ մտահոգված ցեղասպանության հայտնի հռչակագրով որոշել էր նամակ գրել Սերժ Սարգսյանին: Կարծում եմ, որ այդ նամակը կարող էր գրել մի քիչ ավելի շուտ, կամ մի քիչ ավելի ուշ, ոչ ամենաթեժ պահին: Բայց դա Լեւոն Տեր-Պետրոսյանի իրավունքն է, ինչից ինքն օգտվել է: Ուղղակի, Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը երբեք Սերժ Սարգսյանին չի ընդունել` որպես հանրապետության նախագահ, հանկարծ նրան նամակ է գրում` նշելով «Մեծարգո պարոն Նախաագահ կամ Հարգելի Նախագահ…», սա նույնպես խորհելու, մտորելու տեղիք է տալիս: Բայց ես Լեւոն Տեր-Պետրոսյանին այլեւս չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ նրան այսօր անդրադառնում են այն մարդիկ, ովքեր ժամանակին մեղադրում էին ինձ: Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Ալիկ Արզումանյանը եւ բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ, ովքեր մեղադրում էին Արթուր Բաղդասարյանին, այսօր մեղադրում են Լեւոն Տեր –Պետրոսյանին… Թող ժամանակն ամեն ինչ իր տեղը դնի եւ իր տեղը դրեց, ես ոչ մեկին չեմ ուզում ո՛չ փնովել, ո՛չ վատաբանել: Ե՛վ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Հայաստանի բոլոր նախագահները այս երկրի կայացման մեջ ունեցել են իրենց ներդրումը: Հասարակությունը թող յուրաքանչյուրի գործունեության գնահատականը տա եւ համապատասխան եզրահանգումներ անի»:
ՕԵԿ առաջնորդը խոսեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի քաղաքականությունից հեռանալու ու ներքաղաքական շրջադարձի մասին, ըստ էության, համակարծիք լինելով ՀՀ նախագահի այն տեսակետին, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները. «Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Եվ ինչ-որ տեղի ունեցավ, այո, ես դա ե՛ւ կանխատեսել էի, ե՛ւ հաշվարկել էի` որպես քաղաքական գործիչ, որովհետեւ սցենարները շատ չէին: Այնպես չէ, որ մի 30 բան կարող էր տեղի ունենալ, բայց տեղի ունեցավ 27-րդը: Մի քանի շատ քիչ հավանական զարգացումներ կային, որոնցից մեկը տեղի ունեցավ, բայց գտնում եմ, որ այն, ինչ-որ տեղի ունեցավ, իր բոլոր դրական եւ բացասական բովանդակությամբ հանդերձ, մաքրեց, հստակեցրեց, պարզություն մտցրեց Հայաստանի քաղաքական դաշտում: Պարոն Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը դուրս է գալիս քաղաքականությունից, որ նա կշարունակի օգնել այլ դաշտում հասարակությանը: Այսինքն` նա հայտարարեց, որ քաղաքականության հետ որեւիցե առնչություն չունի: Մի հսկայակական քաղաքական միավոր, որը 9 տարի Հայաստանի քաղաքական դաշտում երկրորդ քաղաքական ուժն էր համարվում, մի քանի ժամվա մեջ այն մարդը, որը ստեղծել, պահել ու զարգացրել էր այդ կուսակցոթյունը, դուրս եկավ քաղաքականությունից: Սա նշանակում է, որ Հայաստանում փոխվեց հասարակական-քաղաքական իրավիճակը: Դրականն այն է, որ այլեւս Հայաստանում քաղաքականությամբ կզբաղվեն քաղաքական գործիչները, կուսակցական կառույցները, քաղաքական կառույցները: Ոչ քաղաքական մարդիկ այլեւս քաղաքականության մեջ չեն լինի եւ այս իմաստով ես դրական եմ համարում նրա քայլը»:
Ինչ վերաբերում է մեր օրերում հեղափոխություն անելու զառանցանքով ապրողներին, որոնք ժամանակ առ ժամանակ պաթոսախառը հայտարարություններ են անում, պարոն Բաղդասարյանն առաջարկում է. «Բերեք հեղափոխություն անենք, բայց այդ հեղափոխությունը սկսենք մեր հոգիներից եւ ուղեղներից, հեղափոխենք մեր գաղափարները, հեղափոխվենք մենք, պատրաստ լինենք այդ փոփոխություններին»:
Դե ինչ, լսելով Ա. Բաղդասարյանին, ակամայից պարզ է դառնում, որ այս քաղաքական գործիչը փորձում է անմեղացնել եւ սրբել իր այն տարիները, որի ընթացքում վայելում էր պալատական փափուկ աթոռներից մեկը եւ կարծես մոռացել էր, ով ով էր այդ տարիներին: Հասկանալի է, որ ԲՀԿ-ից հետո նմանատիպ կուսակցությունները կարիք ունեն ավելի ակտիվանալու եւ ապացուցելու, որ ամենաընդդիմադիրն ու ամենանվիրյալը հենց իրենք են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

