ԱՐԴՅՈՔ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ «ՄԱՅԴԱՆ»
Արխիվ 12-16ԱՐԴՅՈՔ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ «ՄԱՅԴԱՆ»
Իր ելույթում, որով Գագիկ Ծառուկյանը ազդարարեց քաղաքականությունից դուրս գալու եւ ԲՀԿ-ի հետ բոլոր կապերը խզելու մասին, թագազրկված «թագավոր ախպերը» սրտաճմլիկ, բայց կարեւոր միտք արտահայտեց. «Ես միշտ դեմ եմ եղել մայդաններին»,- ապա ավելացրեց. «Ու այստեղ ես նույնպես անկեղծ եմ»:
Հարց էր ծագում, եթե Ծառուկյանը անկեղծորեն դեմ էր մայդաններին, ապա ինչ կերպ էր նա պատկերացնում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, ինչին պետք է նախորդեր խորհրդարանի լուծարումը եւ ՀՀ նախագահի հրաժարականը: Բացի մայդաններից ու նարնջագույն հեղափոխությունների այլ մեթոդներից, ինչ ճանապարհ էր տեսնում Ծառուկյանը` Սերժ Սարգսյանին ինչը պիտի ստիպեր ժամկետից շուտ նախագահական պալատի տեղը ազատելու համար: Ստացվում է, որ Ծառուկյանը փետրվարի 5-ին ասում էր այն ինչը անկեղծորեն չէր ցանկանում: Եթե մի կողմ դնենք այն վարկածը, որ Ծառուկյանը քաղաքագիտական գիտելիքների պակասի եւ նման մի շարք այլ պատճառներով չէր հասկանում իր ասածի իրական իմաստը, ապա պետք է գանք այն եզրակացության, որ նրան ստիպել էին ասել, այն ինչը նա չէր ցանկանում: Այստեղ արդեն այլ հարց է ծագում, ով կարող էր ստիպել «հայոց առյուծին» կատարել քայլ դեպի նարնջագույն հեղափոխություն: Բացի իշխանություններից` Հայաստանում դժվար թե կան ուժեր, որոնք կարող էին Գագիկ Ծառուկյանին ստիպել կատարել այս կամ այն քայլը: Այնպես որ ստիպողներին պետք է փնտրել Հայաստանից դուրս: Իսկ դրսում նույնպես փնտրել երկար պետք չէ, բոլորին է հայտնի, որ նարնջագույն հեղափոխությունների սցենարիստները նստած են Վաշինգտոնում, իսկ գլխավոր դերակատարները եվրոպացիներն են: Նարնջագույն հեղափոխության երկրորդական դերերը հասնում են այս կամ այն երկրի ընդդիմադիրներին, որոնք այդ դերերը կատարելուց հետո առանձնապես մեծ հետաքրքրություն սցենարիստների համար այլեւս չեն ներկայացնում: Վրաստանում այդպիսի դերակատարը Սահակաշվիլին էր, Ուկրաինայում Պոռոշենկոն, Լիբիայում ինչ-որ ցեղապետեր եւ տեղական «առյուծ ախպերներ»: Հայաստանում այդ դերի համար փորձում էին մեկ Լեվոն Տեր-Պետրոսյանին, մեկ` Րաֆֆի Հովհաննիսյանին: Սակայն առաջինի երկչոտությունը եւ երկրորդի մանկամիտ ժպիտը եւ սերը դեպի բարեւը, ծոմն ու մոմավառությունը, այդ երկու գործիչներին էլ անպիտան դարձրեցին նարնջագույն հեղափոխություն իրականացնելու համար: Հավանաբար, պետք էր մեկը, ով այդ երկուսի հետ միասին, այնուամենայնիվ, քայլ կկատարեր կարմիր գծից այն կողմ եւ կգնար դեպի փողոցային բախումներ, անգամ մինչեւ քաղաքացիական պատերազմ: Այդ մեկը կարող էր մինչեւ վերջ չհասկանար, թե ուր են նրան ուղորդում Լեվոնի քաղաքագիտական վերլուծությունները ու ամերիկացի Րաֆֆիի տերերը: Ծրագրվող նարնջագույն հեղափոխությունից հետո այդ մեկին շատ արագ դուրս կգրեին ինչպես դուրս են գրում իրենց գործը կատարած հանցագործներին: Հենց այդ նպատակով էր, որ ստեղծվեց չարաբաստիկ «եռյակը»: Հենց այդ նպատակով էր, որ դեռ 2012 թվականին ԲՀԿ-ի երկրորդ համար բերեցին 4 տարի անհետ կորած ամերիկացի Վարդան Օսկանյանին, նրա գործն էր ճիշտ պահին ի հայտ բերել այն մեկին ով կանցնի կարմիր գիծը: Այդ մեկը պետք է լիներ Գագիկ Ծառուկյանը, որը սակայն խոստովանեց, որ միշտ դեմ է եղել մայդաններին:
Սակայն Ծառուկյանը մի պահ հայտնվեց այնպիսի շրջապտույտի մեջ, որ իրադարձություններն էին նրան տանում իրենց հետեւից եւ ոչ թե նա էր քայլում իրադարձությունների առջեւից: Կուսակցության ներսում դեպի Մայդան նրան դրդում էր Վարդան Օսկանյանի թիմը, «Եռյակում»` երկու մյուս գործընկերները: Բացի այդ, ըստ լուրերի, Գագիկ Ծառուկյանը որոշակի շփում ուներ Արթուր Սիմոնյանի հետ, որը ղեկավարում է «Կյանքի խոսք» աղանդը: Ավելին` այդ շփումը երբեմն վեր էր ածվում հովանավորության: Ինչ վերաբերում է Արթուր Սիմոնյանի արեւմտյան կապերին, Թուրքիա այցելություններին եւ իշխանությունների դեմ ելույթներին, ապա դրա մասին մամուլը բազմիցս անդրադարձել է: Չի բացառվում, որ պատահական չէ, որ «Կյանքի խոսք» աղանդի եւ Արթուր Սիմոնյանի տունը գտնվում են Գագիկ Ծառուկյանի կալվածքի հարեւանությամբ:
Մի խոսքով, Գագիկ Ծառուկյանը կամա, թե ակամա գիտակցելով, թե ոչ, փետրվարի 5-ին հայտնվեց անմիջապես այն կարմիր գծի մոտ, որից հետո Հայաստանում պետք է սկսվեր մայդանը, ընդ որում, մայդանի արդյունքում ոչ միայն պետք է փոխվեր Հայաստանի կուրսը դեպի ԱՄՆ-եվրոպա-Թուրքիա, այլեւ ձախողվեին եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված բոլոր այն միջոցառումները, որոնք ունեն հսկայական աշխարհաքաղաքական նշանակություն: Եվ միայն Սերժ Սարգսյանի կտրուկ գործողությունները կասեցրին դժոխային այդ ծրագիրը, ինչը փրկություն հանդիսացավ նաեւ հենց մայդանային ճահճում խորտակվող Գագիկ Ծառուկյանի համար: Իսկ այն, որ ծրագիրը մայդանային էր, ոչ ոք չէր էլ թաքցնում: Օրինակ, ծրագրի տապալումից հետո ԲՀԿ-ն լքած ամերիկյան ազդեցության գործակալ Վարդան Օսկանյանը, որը ժամանակին ամերիկացիների հետ փորձում էր հանձնել Մեղրին Ադրբեջանին, հայտարարեց. «Կուսակցությունը չկարողացավ իրականացնել... արմատական փոփոխություններ, եւ երկիրը... ճիշտ եւ առողջ ճանապարհի վրա դնել»: Հասկանալի է, որ «արմատական փոփոխությունների» տակ Օսկանյանը նկատի ունի հենց Մայդանը, իսկ Հայաստանի համար «ճիշտ եւ առողջ ճանապարհի» տակ հասկացվում է արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն` դեպի ՆԱՏՕ: Այս ամենը հասկանում էին ԲՀԿ-ում շատ-շատերը, գոնե նրանք, ովքեր ասում են, որ իրենք ճանապարհից հետ կանգնեցին, որպեսզի չլինի արյունահեղություն եւ չլինեն զոհեր: Այսինքն, հասկանում էին, որ Օսկանյանի նշած «ճիշտ եւ առողջ» ճանապարհի ուղղությամբ եւս մեկ քայլ կատարելուց հետո, տեղի էր ունենալու մայդան, որը այդքան անկեղծորեն չէր ցանկանում Գագիկ Ծառուկյանը:
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

