ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԿՀԱՆՁՆՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԵԹԵ ԻՐԵՆՑ ՏԱՆ ՀԱՐՑԸ ՉԼՈՒԾՎԻ
Արխիվ 12-16ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԿՀԱՆՁՆՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ,
ԵԹԵ ԻՐԵՆՑ ՏԱՆ ՀԱՐՑԸ ՉԼՈՒԾՎԻ
Ազատամարտիկ Վարդան Դարբազյանի տան խնդրին «Իրավունքը» բազմիցս անդրադարձել է:
Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվել է 1988 թ-ին, երբ Դարբազյանները գնել են Մադոյան փողոցի 24 տունը մայր ու որդի Արմենուհի և Անդրանիկ Սարգսյաններից՝ իրենց հարևանից, վճարելով 12.000 ռուբլի, սակայն այդ գումարի դիմաց որևէ փաստաթուղթ չեն վերցրել: Հետագայում Սարգսյանների ժառանգ Մելինե Սարգսյանը չեղյալ է համարել հարեւանների այդ գործարքը եւ պահաջել ազատել բնակարանը: Գործը հասել է դատական ատյաններին, մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 4-ին, մերժել է Վարդուհի Գևորգյանի հայցը, որով պահանջել էր Մադոյան փողոցի 24 տան և տնամերձ հողի նկատմամբ իր ընտանիքի կողմից փաստացի զբաղեցրած մասը ճանաչել որպես իր սեփականություն, իսկ նվիրատվության պայմանագիրը եւ այլ անձի՝ Մ. Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը ճանաչել անվավեր:
«Իրավունքը» սեպտեմբերի 24-ի հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ Դարբազյանների ընտանիքին սեպտեմբերի 12-ին ԴԱՀԿ-ի միջոցով վտարել են: Ազատամարտիկի ընտանիքը, սակայն, ձեռքերը ծալած չի նստել: Վարձել է փաստաբան ու դիմել վերաքննիչ դատարան, որը եւս մերժել է Դարբազյանների հայցը:
Դարբազյանները հայցով դիմել են նաեւ վարչական շրջանի դատարան: Հերթական դատական նիստը տեղի ունեցավ փետրվարի 10-ին, սակայն, ինչպես «Իրավունքին» հայտնեց Դարբազյանների ընտանիքի փաստաբան Վարդան Զուռնաչյանը, այն հետաձգվել է, քանի որ պատասխանող կողմը դատարան չէր ներկայացել:
Վերաքննիչ դատարանից հետո Դարբազյանները դիմել են նաեւ վճռաբեկ դատաարան եւ սպասում են, որ գործը վարույթ ընդունվի:
Ազատամարտիկ Վարդան Դարբազյանի կինը` Վարդուհի Գեւորգյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ եթե վճռաբեկ դատարանն էլ մերժի իր հայցը, ապա դիմելու է ՄԻԵԴ:
«Եթե ՄԻԵԴ-ն էլ Հայաստանի դատական երեք ատյանների վճիռը չբեկանեց, ապա ընտանիքով հանձնվելու ենք Ռուսաստանի Դաշնությանն ու ասելու, որ իմ երկրում ես տեղ չունեմ»,- եզրափակեց տիկին Գեւորգյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

